Տուժողը դեմ է Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով արագացված դատաքննությանը
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործով տուժող Արամ Կարապետյանը դեմ է դատական քննության արագացված կարգին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր տեղի ունեցավ Սարգսյանի գործով դատական նիստ, որի ընթացքում Կարապետյանը հայտնեց արագացված կարգին դեմ լինելու մասին, սակայն նշեց, որ դրա պատճառների վերաբերյալ կխոսի իր փաստաբանը, որին դեռևս պետք է ընտրի։ Նման պայմաններում դատավոր Վահե Միսակյանը հետաձգեց դատական նիստը՝ տուժողին ողջամիտ ժամկետ տրամադրելով՝ փաստաբանի միջոցով ներկայանալու և դիրքորոշում արտահայտելու համար։
Նարեկ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 268-րդ հոդվածի 3-րդ և 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով։ Այս հոդվածները վերաբերում են ապօրինի զենք պահելուն, թմրանյութերի ապօրինի շրջանառությանն ու մարդուն առևանգելուն։ Տևական ժամանակ նա հետախուզման մեջ է եղել, ապա, ըստ ոստիկանության հաղորդման՝ «Ֆրանկլին Գոնսալես» անվամբ կեղծ անձնագրով Պրահայում հայտնաբերվել է և 2019 թվականի դեկտեմբերին տեղափոխվել Հայաստան։
Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը, գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Թումանյանի իրենց առանձնատանը պահել ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև, դրանք թաքցնելով պայուսակների մեջ, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել նախապես վարձակալած բնակարանում։ Ըստ գործի՝ վերը նշված զենքն ու ռազմամթերքը 2018 թվականի հունիսի 25-ին Արտեմ Պետրոսյանը փոխանցել է Վլադիմիր Շահինյանցին և Սերոբ Սահակյանին, և երբ վերջիններս այն պահելու նպատակով փոխադրելիս են եղել նախապես վարձակալած բնակարան, հայտնաբերվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Ըստ մեղադրանքի, վերը նշված պայուսակների մեջ եղել է նաև 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոց, որը Նարեկ Սարգսյանը ձեռք է բերել գործով չպարզված հանգամանքներում, անհայտ անձից և առանց իրացնելու նպատակի։ Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանն, ըստ մեղադրանքի, գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի և անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում պահել խոշոր չափի՝ 0,031գրամ մաքուր քաշով կոկային տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է աշխատասենյակի խուզարկությամբ։
Ինչ վերաբերում է առևանգման հոդվածին, այն առնչվում է գործով տուժող Արամ Կարապետյանի ենթադրյալ առևանգմանը։ Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա է Կարապետյանի ենթադրյալ առևանգման դրվագով Սարգսյանին առաջադրված մեղադրանքից որոշ հատված։
Մասնավորապես՝ ըստ «Դատալեքսում առկա տեղեկատվության՝ «Նարեկ Սարգսյանը, միտում ունենալով առավել շահույթ ստանալու նպատակով Երևան քաղաքում մենաշնորհային կարգով վերահսկելու «իրանական» ժամանցային ակումբների գործունեությունը, այդ կապակցությամբ Արամ Կարապետյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելուց հրաժարվելու նպատակով, իր անվտանգությունն ապահովվող անձանց ներգրավմամբ, շահադիտական նպատակով, կազմակերպել և ղեկավարել է Արամ Կարապետյանի առևանգումը:
Այսպես, ըստ գործի՝ 2017թ. օգոստոսի 15-ին Հարություն Աբրահամյանը, Հովհաննես Դավթյանը և Սամվել Սոսյանը, գործելով Նարեկ Սարգսյանի ղեկավարմամբ, ձեռնամուխ են եղել նախանշված հանցավոր գործունեության իրականացմանը:
Այդ կապակցությամբ, Հարություն Աբրահամյանը, Հովհաննես Դավթյանի, ինչպես նաև Արտեմ Պետրոսյանի հետ, 2017 թվականի օգոստոսի 15-ին, ժամը 15:00-ի սահմաններում մոտեցել են Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող սրճարանառջևի հատվածին, որտեղ, խմբի կազմում գործող Հարություն Աբրահամյանն ու Հովհաննես Դավթյանը, Արամ Կարապետյանի կամքին հակառակ, նրա դիմադրությունը ճնշելու նպատակով վերջինիս նկատմամբ բռնության գործադրմամբ, բացահայտ առևանգելով տեղափոխել և ժամանակավորապես պահել են նույն սրճարանի հարևանությամբ տեղակայված, Նարեկ Սարգսյանին պատկանող՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի առաջին հարկում գտնվող նկուղում, որտեղ, ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, գտնվել է հանցակից Սամվել Սոսյանը, ով տուժողին ներս բերելուն պես, վերջինիս վախեցնելու և հնարավոր դիմադրությունը ճնշելու նպատակով, իր մոտ գտնվող ատրճանակը ցուցադրաբար բերել է մարտական վիճակի և սպառնացել Նարեկ Սարգսյանի գալուց հետո նրա հետ իրականացվելիք բռնի գործողություններով:
Կարճ ժամանակ անց նշված վայր է եկել նաև հանցագործության կազմակերպիչը՝ Նարեկ Սարգսյանը, որից հետո, Սամվել Սոսյանն ու Հովհաննես Դավթյանը ծեծի են ենթարկել Արամ Կարապետյանին: Դրանից հետո, Նարեկ Սարգսյանն իր մոտ գտնվող ատրճանակը պահել է Արամ Կարապետյանի ոտքերի ուղղությամբ և պահանջել հրաժարվել ակումբային գործունեությամբ զբաղվելուց ու այդ նպատակով Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը վարձակալելու մտադրությունից, հակառակ դեպքում, սպառնալով հրազենով կրակել նրա ուղղությամբ: Հասկանալով, որ Արամ Կարապետյանը չի ենթարկվում ներկայացրած պահանջին, Հովհաննես Դավթյանը և Սամվել Սոսյանը բռնել են առևանգված անձի ձեռքերը, ինչի արդյունքում Նարեկ Սարգսյանն առանց որևէ խոչնդոտի գազայրիչի բաց կրակով այրել է Արամ Կարապետյանի աջ բազկի, արմնկահոդի և սրունքի շրջանները՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Այնուհետև, Արամ Կարապետյանի նկատմամբ իրենց հանցավոր գործողություններն առավել անկաշկանդ իրականացնելու նպատակով, Նարեկ Սարգսյանի ցուցումով Հովհաննես Դավթյանը, Հարություն Աբրահամյանն ու Սամվել Սոսյանը, շարունակելով նախանշված հանցագործությունը, բռնության գործադրմամբ Արամ Կարապետյանին, հակառակ իր կամքի, տեղափոխել են այլ տեղանք, մասնավորապես՝ Հարություն Աբրահամյանն ու Հովհաննես Դավթյանը բռնել են Արամ Կարապետյանի թևերից, Սամվել Սոսյանը բացել է նույն շենքի բակում կայանված իրենց կողմից շահագործվող «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենայի հետնամասի դուռը, ապա Արամ Կարապետյանին նստեցրել են նշված մեքենան և վերջինիս կամքին հակառակ տեղափոխել Երևան քաղաքի Արտաշատի խճուղում գտնվող՝ Նարեկ Սարգսյանի ընտանիքին պատկանող «Սկանյա» բեռնատար ավտոմեքենաների սպասարկման սրահի վարչական շենքում գտնվող սենյակ: Այդ ընթացքում, Սամվել Սոսյանը վարել է նշված մեքենան, իսկ Հարություն Աբրահամյանն ու Հովհաննես Դավթյանը, նստելով ավտոմեքենայի հետնամասում, հսկել են իրենց մեջտեղի նստատեղում գտնվող Արամ Կարապետյանին: Հասնելով նշված տեղանք, Արամ Կարապետյանի կամքին հակառակ, զրկելով նրան ազատ տեղաշարժվելու իրավունքից, հանցակիցները 2-3 ժամ տևողությամբ ապօրինի պահել և ծեծի են ենթարկել նրան, որի արդյունքում Նարեկ Սարգսյանը կրկին պահանջել է հրաժարվել ակումբային գործունեությամբ զբաղվելուց և այդ նպատակով «Օպերա» ժամանցային ակումբը վարձակալելուց, որից հետո, ստանալով ցանկալի երաշխիքը, Նարեկ Սարգսյանը հրահանգել է հանցակիցներին ազատ արձակել Արամ Կարապետյանին»։
Նշենք, որ Սամվել Սոսյանը, Հարություն Աբրահամյանն ու Հովհաննես Դավթյանը 2020 թվականի դեկեմբերին վերը նշված առևանգման գործով մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել։
Սարգսյանը նախորդ դատական նիստի ընթացքում միջնորդել է դատական քննության արագացված կարգ կիրառել։ Սա նշանակում է, որ նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն է։ Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։ Արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից` ապա առավել մեղմ պատիժը:
Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է նաև, որ այն դեպքում, երբ տուժողը փաստարկված առարկում է դատարանում արագացված կարգ կիրառելու միջնորդության դեմ, դատարանը կարող է որոշում կայացնել ընդհանուր կարգով դատաքննություն անցկացնելու մասին։
Թե որքանով փաստարկված կլինի տուժողի առարկությունը, դատարանը որոշում կկայացնի դատական քննության արագացված կարգ կիրառելու, թե գործն ընդհանուր կարգով քննելու վերաբերյալ, դեռևս պարզ չէ։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Արամ Կարապետյանը հայտնեց, թե ինչու է դեմ արագացված քննությանը։ Տուժողն ասում է, թե Ազգային անվտանգության ծառայությունը գործը պատշաճ չի քննել, ցանկանում է, որ գոնե դատարանում իրեն լսեն։
Տուժողի խոսքով՝ իրեն ոչ թե առևանգել, այլ պատանդ են պահել։
«Ես այնտեղ ներկայացնում եմ, որ մարդը սաղ Հանրապետությունից փողեր ա վերցնում, ամեն կլուբից 5 մլն-ով փող ա վերցնում, ոչ մի կլուբի տիրոջ Ազգային անվտանգության ծառայությունը չհարցաքննեց, ոչ մի բան չարին»,- ասաց Կարապետյանն ու նշեց, որ իրեն նույնպես ակումբի հետ կապված հարցով են տարել ու մեկ օր պահել։
«Ինձ առևանգել են, որ այդ կլուբը չաշխատեցնեմ, որ մյուս ակումբներից կարողանա փող վերցնել»,- ասաց Կարապետյանն ու նշեց, որ Նարեկ Սարգսյանն անձամբ իրեն հարվածել է այն ժամանակ, երբ իրեն պատանդ պահելիս են եղել։
Մեզ հետ զրույցում Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը նշեց, որ քրեական գործում առկա չէ որևէ ցուցմունք՝ որևէ ակումբից «5 մլն վերցնելու» վերաբերյալ, և որ Կարապետյանի խոսքն իրականությանը չի համապատասխանում։
Հատկանշական է, որ Կարապետյանին առևանգելու ենթադրյալ իրադարձություններից երկու տարի առաջ՝ 2015 թվականին վերջինս դատապարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հոդվածով։ «Դատալեք»-ում առկա տեղեկատվության համաձայն՝ « Արամ Կարապետյանը Սայաթ-Նովա պողոտայում վարձակալած տարածքում, որպես «Արագ Քոմփանի» ՍՊԸ-ի փաստացի տնօրեն, 2013 թվականի հունվարի 1-ից սկսած ղեկավարելով զվարճանքի վայր հանդիսացող «Պիրամիդա» գիշերային ակումբի գործունեությունը, նպատակադրվելով ստանալ առավել նյութական օգուտներ, 2014 թվականի հունվար ամսին նախնական հանցավոր համաձայնության է եկել ՀՀ-ում ժամանակավորապես բնակվող, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Մահդի Զամուոի և Թահերե Բաբաթիի հետ, և 2014 թվականի փետրվարի 1-ից միասին կազմակերպելով ակումբի գործունեությունը, գործելով մարմնավաճառների ծառայություններով հետաքրքրված ԻԻՀ, քաղաքացիների գիշերային ակումբ այցելությունները հրապուրիչ դարձնելու և ակնկալվող շահույթը դրա հաշվին մեծացնելու դիտավորությամբ, պոռնկությամբ զբաղվող մարմնավաճառների մուտքը գիշերային ակումբ դարձրել են անվճար, ակումբի բարից վերջիններիս օգտվելու դեպքում կիրառել զեղչեր, ակումբում իրանցի հաճախորդների հետ նրանց շփումների և ինտիմ ծառայություններ մատուցելու վերաբերյալ ձեռք բերվող պայմանավորվածությունների անկաշկանդ րնթացքն ապահովելու նպատակով արգելել են հայ տղամարդկանց մուտքն ակումբ, և այդպիսով. պոռնկությամբ զբաղվելու համար մշտապես ապահովել շուրջ 20-25 մարմնավաճառների ներկայությունն ակումբում, ինչի շնորհիվ վերջիններս, ծանոթանալով և պայմանավորվելով ազգությամբ իրանցի այցելուների հետ, 25.000-30.000 ՀՀ դրամ գումարի դիմաց այլ վայրերում նրանց մատուցել են ինտիմ տեսակի ծառայություններ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել