HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուխտաձորի մասին հուշերը տեղավորելով մեկ սենյակում

Առնո Բաղրյանը մեզ դիմավորում է աստիճանների մոտ, փոքր դստեր՝ Միլենայի հետ։ Աղջիկը հորն օգնում է անվասայլակով բարձրանալ թեքահարթակի վրայով։ Առնոյի կառուցած տունը մնաց Ուխտաձորում (Հադրութի շրջան), պատերազմը նրա 6 հոգանոց ընտանիքին տեղավորեց Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում։

Առնոն չի սիրում խոսել, դժգոհել, հաճախ ծխում է.

«Ի՞նչ պատմեմ,-ասում է,- ինչ եղել, եղել է»:

Սեպտեմբերի 27-ին Առնոյի կինը 3 երեխաների հետ Ուխտաձորից տեղափոխվել է մոր տուն՝ Մեծ Թաղեր, որտեղ համեմատաբար ավելի ապահով է եղել:

Առնոն տնից դուրս է եկել ամենավերջինը, մեծ տղայի՝ 17-ամյա Մուրադիկի հետ։ Ասում է՝ չէր ուզում գնալ, զոռով են հանել գյուղից։ Առնոն Արցախը լքել է հոկտեմբերի 6-ին ու եկել Սիսիան, որտեղ արդեն սպասում էին կինն ու երեխաները:

«Թուրքերը արդեն Հադրութ էին մտել, Ջաբրայիլ չկար արդեն, իրանց ձեռն էր։ Ինձ ասում էին՝ հել, հել, ասում էի՝ վախտը չի, դեռ կհելնեմ։ Ո՞վ կպատկերացներ, որ սենց կլինի»,- ասում է Առնոն։

Սիսիանում մնացել են 10 օր, հետո արդեն՝ տեղափոխվել Երևան։ Համագյուղացիների նման, նրանք նույնպես ոչինչ չեն վերցրել տնից, նույնիսկ չեն էլ ենթադրել, որ այլևս չեն վերադառնալու իրենց տուն։

«Մտածում էինք՝ ապրիլյանի նման կարող ա 4 օր, 5 օր, թող 10 օր լինի, մտածում էինք՝ կռիվն էսքան չի ձգվի»,-ասում է Առնոն։

Նա 2013թ.-ին վթարի է ենթարկվել. մեքենան շրջվել է, ինքն էլ՝ հաշմանդամ դարձել, ապրիլին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ՄՌՏ պետք է անեն (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, հեղ.) ու ասեն՝ կկարողանա՞ քայլել, թե՞ ոչ։

Մինչև վթարն ամեն գործ արել է. Ուխտաձորում տներ է կառուցել, գյուղի միակ դպրոցն է կառուցել, միայն տանիքը չի հասցրել:

«Շենքի գլխավորը ես էի»,- հիշում է Առնոն։

Վթարից հետո Առնոն զբաղվել է հողագործությամբ, խոզ ու հավ է պահել, կինն ու երեխաներն էլ օգնել են։ Մշակած բանջարեղենն այնքան է եղել, որ բավականացրել է ողջ ընտանիքին, Առնոյի թոշակով ու կնոջ աշխատավարձով էլ մնացած կարիքներն են հոգացել։ «Ինչ կար՝ հայաթն էր. խնձորն էլ էր հայաթը, ամեն ինչն էլ հայաթն էր, ո՞նց կարար վատ լիներ»,- ասում է Առնոն, ապա հավելում,- առավոտ զարթնում էինք, օրը կազմակերպում եղանակի հետ։ Տնից որ հելնում էինք, էլ տուն ո՞վ էր մտնում,- տխուր ժպիտով հիշում է Առնոն։- Հավաքվում էինք գյուղամեջ, մեր հայաթը, իրիկունը՝ նոր գնում տուն»։ Հետո Առնոն լռում է, հայացքը թեքում է` կարծես նորից հայտնվելով իր նկարագրած իրականությունում։ «Ստեղ` չորս պատի արանքը նստածհիմա 5 անգամ արդեն գյուղը ֆռացած, եկած էի»։ Գյուղի պատկերը չփչացնելու համար երկուսս էլ լռում ենք։

«Էստեղ շուտ եմ արթնանում,- դժգոհում է 9-ամյա Միլենան,- էնտեղ երկար էի քնում։ Հետո էլ, էստեղ ինձ հետ ոչ մեկ չի խաղում, աղջկերքն էլ»։ Ուխտաձորի իր դասարանում 9 հոգով են սովորել, դասերից հետո էլ՝ միասին խաղացել։ Դպրոցն էլ տանն այնքան մոտ է եղել, որ դասամիջոցին վազել, գիրք են վերցրել, հաց կերել, նորից գնացել դասի։ 

Միլենան դժգոհում է, որ Երեւանի դպրոցում քերականություն են անցնում, որի դասագիրքն ինքը չունի, իսկ ուսուչուհին զայրանում է՝ ասելով, թե «իրեն չի հետաքրքրում, թող գնի»։

«Մեր դպրոցի աղջկերքը գալիս են, ասում են՝ ձեր լեզվով էս բառը ասա, ասում եմ։ Օրինակ, էսօր ասեցին՝ ասա դասերս սովորել եմ, տասերս սըվերալ ըմ, ասել են՝ ասա` աստիճան, ասել եմ՝ աստիճան»,- ծիծաղում է Միլենան։

Զրույցին միանում է եղբայրը՝ 12-ամյա Վադիմը։ Նա ասում է, որ թեև կարոտում է իրենց գյուղը, տունը, բայց եթե հողերի «կեսը հետ տան», չի ուզենա գնալ. պատերազմի առաջին գիշերը, երբ արկ է ընկել իրենց տան հարևանությամբ, շատ է վախեցել«Ասկոլկեքը, երբ մտան մեր տան կրիշը, վախեցա, լացեցի,- հիշում է Վադիմը։- Վերջում մի ավտո էր մնացել՝ սաղ գյուղին հանել ա էդ ավտոն»։

Վադիմը կարծում է, որ իրենց տունը, երևի, թալանել են։ Միլենան տխրում է, հիշում, որ ծնունդին ստացած «սիրուն բաժակը» չի վերցրել. «Կոշիկներս էլ եմ թողել էնտեղ, նոր էինք առել»։

Այստեղ՝ Երևանում, Միլենան նոր սպորտային կոշիկներ է տեսել՝ 2800 դրամ, ասում է՝ 2000-ը հավաքել է, 800 դրամն էլ հավաքի, գնալու է գնի։

Սենյակում դրված է Առնոյի հոր նկարը. նա զոհվել է Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երբ Առնոն 13 տարեկան էր։ Տնից նկարը չեն վերցրել, բայց հեռախոսի մեջ եղած տան նկարներում գտել են լուսանկարը, տպել ու դրել են շրջանակի մեջ։

- 4 ախպեր, 2 քույր ենք, բոլորս էլ՝ Ուխտաձորից,- ասում է Առնոն։

-Բայց հիմա բոլորն ուրիշ տեղ են արդեն,- լրացնում է Միլենան։

Մեր զրույցի ընթացքում սենյակ են մտնում Առնոյի կինը՝ Անահիտը, և ավագ դուստրը՝ Նելլին. նրանք գնացել էին որոշ փաստաթղթեր կարգավորելու՝ երեխաներին հասանելիք սոցվճարները ստանալու համար։

Անահիտը, տեսնելով, որ հյուրեր ունեն, նեղսրտում է, որ սենյակը հավաքած չէ։ «Ինչքան հավաքում ես, ոնց որ թափած լինի»,- ասում է։ Պետության տված գումարը չի բավականացնում, Անահիտն ուզում է աշխատանք գտնել, որ կարողանա ընտանիքի ծախսերը հոգալ. 4 երեխան էլ դպրոցում են սովորում, մեկին շոր է պետք, մյուսին՝ կոշիկ, երրորդին՝ գիրք։ Ասում է՝ շատ է ծախսում նաև ամուսնու դեղերի վրա, որոնց մի մասը ստիպված է լինում գնել, քանի որ պոլիկլինիկան չի տրամադրում։

«Շատ է սկսել ծխել,- ասում է ԱՆահիտը, երբ Առնոն սենյակից դուրս է գալիս։- Դեղ չի խմում, ոնց որ կյանքից արդեն զզված լինի։ Ուխտաձորում սենց չէր, հիմա է՝ կռվից հետո, նույնիսկ էրեխեքն էնպես ագրեսիվացան, չես կարողանում հետները խոսես»։

Թեև Անահիտը չգիտի՝ երբ կվերսկսվեն դասերը, ու դեռ որքան կկարողանան մնալ այդ սենյակում, բայց վատ է զգում, որ հաշմանդամություն ունեցող երեխաների «տեղն են զբաղեցրել». ցուրտ եղանակին նրանք ստիպված են լինում գալ-գնալ, իսկ առաջ գիշերները դպրոցում էին մնում։

«Ես կուզեմ հետ գնամ Արցախ, բայց էրեխեքը վախենում են. բա եթե նորից կռիվը սկսի՞…»։ Անահիտի այս խոսքի վրա սենյակ են մտնում երեխաները՝ Միլենան, Վադիմը, նրանց հետ՝ նաև իրենց նոր ընկերը՝ Ալենը, որը նույնպես Արցախից է՝ Կովսականից։

Հրաժեշտ ենք տալիս, Միլենան գալիս է ճանապարհելու։ Ասում եմ, որ կլինեմ նրա նոր ընկերը, խորհուրդ եմ տալիս անպայման գնել իր հավանած «բոթասները»։ Գլխով է անում ու վազում օգնելու թեքահարթակի մոտ սպասող հորը։

Գլխավոր լուսանկարում ձախից՝ Առնոն, Նելլին, Մուրադիկը, Անահիտը, Վադիմն ու Միլենան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter