Արտադրության համար որոշ հումքեր կարող են ազատվել ԱԱՀ-ից
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը:
Նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարը հիշեցրեց, որ գործող օրենքով արտոնության համաձայն որոշ ներդրումային ծրագրեր ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են երեք տարի ժամկետով:
Ըստ փոխնախարարի` երբ տվյալ արտադրատեսակի արտադրությունը Հայաստանում իրատեսական չէ, ապա ավելի ճիշտ է սահմանից ներկրման դեպքում ազատել ԱԱՀ-ից, ինչը կխթանի մրցակցությունը: Ուստի առաջարկվում է արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծել, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու համար անհրաժշտ ապրանքների ցանկն ընդլայնել (շուրջ 70 միլիարդ դրամի ապրանքատեսակներ):
Նախագծում նշվում է, որ ներկայացված ցանկում ապրանքների ընդգրկումը կատարվել է հիմք ընդունելով արդյունաբերական ձեռնարկությունների կողմից ներմուծվող և բացառապես արտադրանք թողարկելու համար անհրաժշտ սարքավորումներն ու հումք-նյութերը: Մասնավորապես, ուսումնասիրվել են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող ապրանքների կազմը և ներառվել են ցանկում նշված սարքավորումներն ու հումք-նյութերը, որոնք Հայաստանում չեն արտադրվում և միջնաժամկետ կտրվածքում չեն արտադրվելու, օրինակ` քիմիական նյութեր, մորթիներ, բրդյա և բամբակյա գործվածքներ, թելեր, ճարմանդներ և այլն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել