HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկանի սպանության հոդվածով, Սմբատ Բարսեղյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման

Ոստիկանության Էրեբունու պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավումից 4.5 տարի անց` այսօր հրապարակվեց գործով առաջին դատավճիռը՝ 10 ամբաստանյալի վերաբերյալ։ 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, հրապարակեց դատական ակտը, որով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչեց երկու ոստիկանի սպանության, ինչպես նաև նրան մեղսագրվող մյուս արարքներում և դատապարտեց 25 տարի ժամկետով ազատազրկման: 

Արմեն Բիլյանն արդարացվեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության հոդվածով, մեղսագրվող մյուս արարքներում Բիլյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց ազատազրկման 9 տարի, 6 ամիս ժամկետով: Հաշվակցելով Բիլյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 4 տարի 11 ամիս, 6 օր ժամկետով ազատազրկումը: Դատարանը նաև փոխեց Բիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, որը կպահպանվի մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Բիլյանը նիստերի դահլիճից ազատ արձակվեց: 

Պավել Մանուկյանը դատապարտվեց 10 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց  գույքի բռնագանձման: Հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում Մանուկյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի, 8 ամիս, 22 օր ազատազրկումը: 

Վարուժան Ավետիսյանը դատապարտվեց ՝ 9 տարի, 6 ամիս ազատազրկման, և հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի, 4 ամիս, 11 օր ազատազրկումը: 

Արեգ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ Կյուրեղյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի, 1 ամիս, 24 օր ազատազրկումը։ 

Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 8 տարի, 2 ամիս ազատազրկումը: 

Մխիթար Ավետիսյանը դատապարտվեց 9 տարի, 6 ամիս ազատազրկման, հաշվակցելով նրա՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի, 6 ամիս 15 օր ժամկետով ազատազրումը:

Էդվարդ Գրիգորյանը դատապարտվեց ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, հաշվակցելով կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 6 տարի, 6 ամիս 26 օր ազատազրկումը: 

Գագիկ Եղիազարյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Նրա՝ նախաքնության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվակցելով՝ Եղիազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակվեց 7 տարի, 5 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը: 

Դատարանը  Արայիկ Խանդոյանի նկատմամբ, որն այս դատական գործի քննության ընթացքում մահացել է, քրեական հետապնդումը դադարեցրեց՝ մահվան հիմքով։ 

Հիշեցնենք, որ վերը նշված անձինք 2016 թվականի հուլիսի 17-ին մուտք են գործել Էրեբունու ՊՊԾ գունդ։ Արդեն գրավված գնդի տարածքից նրանք հայտարարություն էին տարածել Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մասին։ Օրեր շարունակ գործով տասը ամբաստանյալներն, ինչպես նաև երկու տասնյակից ավելի այն անձինք, որոնց գործն առանձին է քննվում, գտնվել են ՊՊԾ գնդի ներսում, և շուրջ երկու շաբաթ անց՝ հուլիսի 31-ին, վայր են դրել զենքերն ու հանձնվել։ Այն ընթացքում, որ նրանք ներսում են եղել, երկու ոստիկան է սպանվել, մեկ ոստիկան վիրավորվել, ապա՝ հիվանդանոցում մահացել, ներսում ոստիկանական մեքենաներ են վառվել, բանկոմատից գումար է անհետացել, հրազեն ու ռազմամթերք ոչնչացվել։ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հայտնել են նաև ոստիկանների, որոնց թվում՝ այդ ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, բուժաշխատողներին պատանդ պահելու մասին: 

Իրավապահ մարմիններին հանձնվելուց հետո «Սասնա ծռերին» մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով զենք պահելու, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ զավթելու և պահելու մեջ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև պատանդ պահելու, հրազեն ու ռազմամթերք հափշտակելու մեջ։ Նրանցից Սմբատ Բարսեղյանը, ի թիվս վերը նշվածի, մեղադրվում էր ՊՊԾ գնդի տարածքում երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի, իսկ Արմեն Բիլյանը՝ ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության  մեջ։ 

Նշենք, որ դատարանն անփոփոխ թողեց կալանքի տակ չգտնվող անձանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները՝ գրավը և անձնական երաշխավորությունը՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճռի հրապարակումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանը հարկ համարեց պարզաբանել, որ դատարանում հետազոտված ապացույցները բավարար են եղել եզրահանգման գալու, որ բոլոր ամբաստանյալները մեղավոր են իրենց մեղսագրվող արարքներում՝ բացառությամբ Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքի:

«Դատարանը փաստորեն ապացուցված չհամարեց Արմեն Բիլյանին մեղսագրված սպանության մեղադրանքը, հաշվի առնելով գործով ձեռք բերված և դատարանում հետազոտված ապացույցները՝ բավարար չէին հաղթահարելու հիմնավոր կասկածից վեր ապացուցողական այն շեմը, որի պարագայում միայն հնարավոր կլիներ այդ մեղադրանքում ևս կայացնել մեղադրական դատավճիռ»,- ասաց դատավորը և դիմելով սպանված ոստիկանի՝ Գագիկ Մկրտչյանի կնոջը՝ Հասմիկ Ոսկանյանին ասաց, որ նրա ամուսնու սպանության մասով գործը պետք է վերադարձրվի դատախազին՝ սպանության հանգամանքները պարզելու նպատակով:

Լուսանկարում՝ դատավոր Մեսրոպ Մակյանը / © Անի Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter