HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորք-Մարաշում կատարվում են հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հերթական աշխատանքային շրջայցը Նորք-Մարաշ վարչական շրջանում էր: Այս վարչական շրջանն, ի տարբերություն մայրաքաղաքի մյուս վարչականների, բաղկացած է բացառապես մասնավոր տնատիրություններից, ինչն իր հերթին որոշակիորեն տարբերակում է նաև այստեղի խնդիրներն ու դրանց տրվող լուծումները:

Ըստ այդմ, այստեղ անգամ նեղ, փակուղային փողոցների ասֆալտապատումը դիտարկվել է առաջնահերթ ու ներառվել տարեկան ծրագրում: Դրանցից մեկի' Գայլաձորի փողոցում իրականացված աշխատանքին ծանոթացել է նաև քաղաքապետը և ասել, որ առաջնահերթ մի շարք ծրագրեր արդեն իսկ ընթացքի մեջ են:

«Մայրաքաղաքի արդեն հաստատված նոր երթուղային ցանցով նախատեսում ենք ավելացնել Նորք-Մարաշ մտնող երթուղիների քանակը, որի արդյունքում հիմնականում կլուծենք բնակիչների կողմից հաճախ բարձրացվող, տրանսպորտի հետ կապված խնդիրը: Արդեն սկսել ենք փողոցների բարեկարգման աշխատանքները: Նախատեսում ենք նաև ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել՝ նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերականգնել նաև Նորքի բարձունքի անտառային շերտը»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Նա այցելել է նաև թիվ 121 նախադպրոցական ուսումնական հաստատություն և հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Նախակրթարանի տնօրենը նշել է, որ նորոգումից հետո հնարավորություն կունենան ավելի շատ երեխաների ընդունել մանկապարտեզ, ինչն այսօր, ըստ էության, վարչական շրջանում առաջադրվող հիմնական խնդիրներից մեկն է: Սա կլինի թվով երկրորդ հիմնանորոգված մանկապարտեզը:

Տարոն Մարգարյանը շրջել է նաև մանկապարտեզի գործող խմբերում, ծանոթացել երեխաների առօրյային: «2011թ. մենք ամբողջությամբ լուծեցինք քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ջեռուցման խնդիրը: Այսօր քայլեր ենք ձեռնարկում դպրոցներում նույնպես այդ խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ»,- ասել է նա:

Քաղաքապետը եղել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, ծանոթացել այստեղ իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Բարեկարգումից հետո տարածքը նորքեցիների համար կդառնա հանգստի ու ժամանցի յուրօրինակ գոտի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ շրջայցից հետո Տարոն Մարգարյանը վարչական շրջանի աշխատակազմին հանձնարարել է հետևողական լինել քաղաքացիների կողմից բարձրացվող հարցերի նկատմամբ ու հնարավորին սեղմ ժամկետներում լուծումներ տալ դրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter