HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արտաշես Բոյաջյանն ընդդեմ Գյումրու քաղաքապետի. «Թանգարանի աշխատակցի գործը տանիք շուշաթղթելն ու ներկելը չէ»

Կառավարության 2018թ. հուլիսի 26-ի 837-Ա որոշմամբ` Գյումրու Ջիվանու 74 հասցեում գտնվող «Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց» ՓԲԸ նախկին շենքն անհատույց եւ անժամկետ օգտագործման հանձնվեց Շիրակի Երկրագիտական թանգարանին: 1930թ․ ստեղծված թանգարանը, որտեղ պահվում է 30 հազար ցուցանմուշ, 3 տասնամյակից ավելի զրկված էր շենքային եւ գործունեություն ծավալելու նորմալ պայմաններից: Շենքը թանգարանի տնօրինությանն է հանձնվել բավական անմխիթար՝ կիսաթալանված վիճակում: Մոտ 3000 քմ տարածքով եռահարկ շինության վերանորոգման համար, ոչ պաշտոնական հաշվարկներով, անհրաժեշտ է 1 մլն դոլլարից ավելի գումար: 

«1 մլն դոլար, գուցե 2 մլն, դա մոտավոր թիվ է: Նախագծանախահաշվային աշխատանքները դեռ ամբողջությամբ ավարտված չեն, միայն առաջին մասն է արված,երբ ավարտվի կոնկրետ գումարն էլ պարզ կլինի,-ասում է թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանը,-մենք 2021թ․ հունվարի 11-ին ենք պայմանագիր կնքել «Քվադրում» կազմակերպության հետ 18 ամիս ժամանակով, սակայն աշխատանքները ձգձգվեցին սկզբում համաճարակի, հետո պատերազմի պատճառով: Էս ընթացքում Համազասպ Խաչատրյանն ու ես մշակել ենք թանգարանի ցուցադրության գիտական հայեցակարգը, այսինքն՝ ինչ սրահներ պիտի լինեն, ինչպիսի տեղադրությամբ եւ այլն: Այս քանի օրն էլ Երեւանից եկան շենքի ներսում չափագրումներն արեցին: Գուցե շատ բաներ տեսանելի չեն, որովհետեւ մենք ամեն մի արածը չենք գովազդում, բայց հայտարարել, թե ոչ մի աշխատանք չի արվում, չի կարելի»:

Տնօրենին վրդովեցրել էր ավագանու վերջին նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանի արտահայտած միտքը, թե շենքի հետ կապված տեսանելի ոչինչ արված չէ, եւ թե ինչու թանգարանի աշխատակիցները շենքի տանիքը չեն ներկում: 

«Ճիշտն ասած ես հեռուստատեսությամբ եմ լսել, որ պարոն Բալասանյանն ասում է, թե թանգարանի աշխատողներով 100 հազար դոլար հավաքեն, գուցե դրամ է նկատի ունեցել՝ լեզվի սայթաքում է եղել, չգիտեմ, հա, թող փող հավաքեն, ներկն առնեն, ելնեն տանիքը շուշաթղթեն ու ներկեն: Նախ նախագծման աշխատանքների ընթացքում, ինչպես նաեւ վերանորոգման ընթացքում հնարավոր է ինչ-որ փոփոխություններ լինեն, եւ տեղին չէ պահանջել ներկել, այսինքն՝ անել հավելյալ ու էս դեպքում ավելորդ ծախսեր, այն էլ մեր աշխատակիցների խղճուկ աշխատավարձի հաշվին,- նկատում է Արտաշես Բոյաջյանը,- մյուս կողմից էլ ինչու է նման պահանջ դնում քաղաքապետը, երբ ոչ մի լումայով չի օժանդակել թանգարանին հատկացված շենքի համար կազմակերպված դրամահավաքին: Բացի դրանից էլ չմոռանանք, որ մենք համայնքային կառույց չենք, Երկրագիտական թանգարանը մարզպետարանի ենթակայության տակ է, ու առ այսօր ես ոչ մի դժգոհություն մարզպետարանից չեմ ստացել, թե իբրեւ աշխատանքներ չեն տարվում»:

Գյումրու նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը մինչեւ Երկրագիտական թանգարանին հանձնելը՝ դարձել էր կռվախնձոր շահագրգիռ որոշ կազմակերպությունների եւ անհատ անձանց միջեւ: Երբ 6 տարի անց, կառավարության որոշումով շենքը հանձնվեց Երկրագիտական թանգարանին, տպավորություն էր ստեղծվել, որ կրքերը հանդարտվել են, պարզվում է դա այնքան էլ իրականություն չէ: 

«Ես մի քանի անգամ լսել եմ, որ քաղաքի գլխավոր ճարատարապետ Հենրիկ Գասպարյանը եւ քաղաքապետը ինչ-որ դժգոհություններ են հայտնում, թե վարչական շենքերի կարիք կա: Մենք խնդիր ունեցանք նաեւ ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի հետ, քանի որ շենքը մեզ հանձնելուց հետո դիմել էին կառավարությանն ու կառույցի մի մասի նկատմամբ հավականություններ ներկայացրել: Հիմա այդ հարցը լուծված է, շենքն ամբողջովին մերն է: Որոշներին թվում է, թե շինությունը էնքան մեծ է, որ դեռ մի բան էլ շատ է թանգարանին, սակայն ասեմ, որ 30 հազար ցուցանմուշ տեղավորելու համար հազիվ էլ բավականացնի: Մենք նախատեսել ենք նաեւ ունենալ կոնֆերանս դահլիճ, համակարգչային սրահ, բոլոր ցուցանմուշները ներկայացվելու են ըստ ժամանակագրության եւ թեմատիկայի: Երբ աշխատանքներն ամբողջանան, մենք թերեւս կունանք քաղաքում եզակի մի թանգարան թե՛ մեծությամբ, թե՛ հագեցվածությամբ»,- նկատում է Արտաշես Բոյաջյանը:

Հիշեցնենք, որ նախկին վիրաբուժական հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հանձնելուց հետո հայտարարվեց դրամահավաք, որին մասնակցեցին մշակույթի նախարարության ենթակառույցները՝ փոխանցելով իրենց մեկ աշխատանքային օրվա հասույթը, մեկ բարեգործական կազմակերպություն՝ 2 մլն դրամ փոխանցումով, 5 մլն դրամ փոխանցել էր «Երեւան, իմ սեր» հիմնադրամը, որոշակի գումարներ էին փոխանցել Գյումրու Հայագիտական կենտրոնը եւ «Բիոսոֆիա» հկ-ի նախագահ Գեւորգ Պետրոսյանը: Ամբողջը կազմել էր 15 մլն դրամ:  

«Ոչ մի գործարար, ոչ մի բարերար, որեւէ դրամական միջոց չի տրամադրել դրամահավաքի ժամանակ, համայնքի բյուջեից եւս գումար չի փոխանցվել,- շեշտում է թանգարանի տնօրենը,- ես հիմա սպասում եմ, որ նախագիծն ամբողջանա, մտնեմ նոր մարզպետի մոտ, որ մարզպետարանի միջոցով էլ այն կարողանանք ներկայացնել կառավարությանը: Թանգարանի աշխատակցի գործը տանիք ներկելը չէ, դրա համար կան ավելի պրոֆեսիոնալ մարդիկ»:

Մեկնաբանություններ (1)

Արտաշես Բոյաջյան
Մի ճշգրտում. ոչ թե 18 ամիս, այլ 18 շաբաթ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter