HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը միլիոնավոր դոլարի զենք է վաճառել Կոնգոյին

Կոնգոյի Հանրապետության (մայրաքաղաքը՝ Բրազավիլ, չշփոթել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ, որի մայրաքաղաքը Կինշասան է) կառավարությունը գաղտնի զենք է գնել Ադրբեջանից: Կոնգոյի ընդդիմությունը պնդում է, որ նախագահ Դենիս Սասու-Նգուեսոն Ադրբեջանից ձեռք բերած զենքը կարող է օգտագործել իշխանությունը բռնի ուժով պահելու համար։ Այս տարվա մարտի 21-ին Կոնգոյում անցկացվելու են նախագահական ընտրություններ:

Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) պարզել է, որ 2015 թ.-ից ի վեր Կոնգոյի Հանրապետությունը Ադրբեջանից զենքի հսկայական պաշար է գնել: Մի քանի մատակարարումով Ադրբեջանից Կոնգո է տեղափոխվել ավելի քան 500 տոննա զենք:

Անցած տարվա հունվար ամսին Մարմարա ծովի արևելյան ափին գտնվող թուրքական Դերինջե նավահանգստում զենքի հսկայական քանակ բեռնվել է «MV Storm» բեռնանավի վրա: Վանուատուի հարկային դրախտում գրանցված այս նավը, բեռնված ականանետային արկերով, բազմաթիվ արձակման հրթիռներով և պայթուցիկ նյութերով, նավարկել է Ադրբեջանից դեպի Կոնգոյի Հանրապետություն։

Ըստ OCCRP-ի տրամադրության տակ հայտնված՝ բեռի մասին գաղտնի հայտարարագրի, ընդհանուր առմամբ ավելի քան 100 տոննա զենք է բերվել Կոնգոյի Հանրապետական գվարդիայի գլխամաս։ Այս մատակարարումը ներառել է 775 ականանետային արկ և ավելի քան 400 հրթիռ: 

Զենքի փոխադրման համար Կոնգոյի վճարած ճշգրիտ գինը հայտնի չէ, սակայն OCCRP-ի խնդրանքով բեռի հայտարարագրերն ուսումնասիրած փորձագետը պնդում է, որ մատակարարումն արժե տասնյակ միլիոնավոր դոլարներ: Նախկին ավագ դիվանագետը, որը զենքի պաշարների մասին տեղեկատվություն ստանալու իրավունք ունի և ցանկացել է մնալ անանուն, հաստատել է բեռի հայտարարագրի և այլ փաստաթղթերի իսկությունը և նշել է, որ զենքի վաճառքի գինը շուկայական արժեքից շատ ավելի ցածր է եղել:

OCCRP-ի տրամադրության տակ գտնվող այլ փաստաթղթերի՝ մատակարարման հայտարարագրերի, թռիչքների մասին գրառումների և զենքերի գույքագրման մասին փաստաթղթերի համաձայն, տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցած այս բեռը 2015 թ.-ից ի վեր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կողմից նախագահ Դենիս Սասու-Նգուեսոյի կառավարությանը զենքի 17 առաքումներից ընդամենը մեկն էր:

Հետաքննությունն իրականացրած OCCRP-ի լրագրողներն ուսումնասիրել են բեռների մի քանի հայտարարագրեր, որոնցում Սաուդյան Արաբիան նշված է որպես «հովանավորող կողմ»: Պարզ չէ, թե ինչպիսի հովանավորության մասին է խոսքը, հնարավոր է, որ պաշտոնական Էր Ռիադը (Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը) վճարել է զենքի կամ բեռների առաքման համար:

Հաշվի առնելով Կոնգոյի Հանրապետության նավթի զգալի պաշարները՝ Սասու-Նգուեսոյի անխափան կառավարումը երկրում բխում էր Սաուդյան Արաբիայի շահերից, OCCRP-ին հայտնել է զենքի առաջատար փորձագետ, «Ստվերային աշխարհ. զենքի համաշխարհային առևտուրը ներսից» գրքի հեղինակ Էնդրյու Ֆայնշտեյնը:

Ադրբեջանի կողմից նշված զենքի արտահանման վերաբերյալ որևէ հասանելի կամ հանրության համար բաց գրանցում չկա, զենքերը ներկրելու վերաբերյալ որևէ գրանցում առկա չէ նաեւ Կոնգոյի Հանրապետության պաշտոնական ռեգիստրներում:

Կոնգոյի ընդդիմությունը մտահոգություն է հայտնել։ Ըստ նրանց՝ զենքի մատակարարման այս գործընթացները վկայում են այն մասին, որ գործող նախագահ Սասու-Նգուեսոն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ուժ կիրառել իր իշխանությունը պահելու համար, քանի որ մոտենում են նախագահական ընտրությունները՝ նշանակված մարտի 21-ին:

Նախագահ Դենիս Սասու-Նգեսուն երկրի ղեկավարն է ավելի քան 36 տարի։ Նրա կուսակցությունը վերջերս սահմանադրական փոփոխություններ է իրականացրել, որի արդյունքում 77 տարեկան ղեկավարը կարող է նախագահ վերընտրվել առանց որևէ սահմանափակման։ 

Ադրբեջանը կարճ ժամանակում դարձել է Կոնգոյի առանցքային արտաքին դաշնակից՝ նախագահ Սասու-Նգուեսոյին զեղչված գներով և գաղտնի պայմաններում զենք վաճառելով:

Չնայած փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը զենք է արտահանում նախագահ Սասու-Նգուեսոյին առնվազն 2015 թ.-ի սեպտեմբերից, ադրբեջանական զենքի առաքման մասին երբեք որևէ հրապարակում չի եղել: Զենքերի մի մասը ստացվել է բուլղարական «Transmobile» ընկերությունից, որը լիազորված է զենք վաճառել Ադրբեջանի համար, իսկ մյուս մասը գնվել է զենքեր արտադրող սերբական «Yugoimport»-ից: Ընկերություններից որևէ մեկը չի պատասխանել գործարքները մեկնաբանելու՝ OCCRP-ի հարցումներին:

Զենքերի առաջին բեռնափոխադրումները Կոնգո են ժամանել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով, բայց 2017 թ.-ից սկսած մատակարարումներն իրականացրել է «Silk Way Airlines» ավիափոխադրողը: Ըստ երևույթին, լինելով մասնավոր ընկերություն, այն ավելի քիչ ստուգումներով է անցել: «Silk Way Airlines»-ը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում և նախկինում կապված էր Ալիևների ընտանիքի հետ:

Կոնգոյի Հանրապետության կառավարության խոսնակը չի պատասխանել OCCRP-ի՝ գործարքները մեկնաբանելու բազմաթիվ խնդրանքներին: Ոչ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, ոչ նախարարության ներկայացուցիչը, որի անունը նշված է բազմաթիվ փաստաթղթերում, չեն պատասխանել OCCRP-ի հարցումներին: Սաուդյան Արաբիայի Պաշտպանության նախարարությունը նույնպես չի պատասխանել սպառազինությունների գործարքների հովանավորության բնույթի վերաբերյալ հարցերին:

Ամբողջական նյութն անգլերեն լեզվով կարդացեք OCCRP-ի կայքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter