HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխարհը Ռիո է գնում, իսկ Հայաստանը՝ Նոր Վասյուկի

Բնության պահպանությունը այսօր ինչպես ամբողջ մարդկության, այնպես էլ Հայաստանի հասարակության առջև ծառացած առանցքային խնդիրներից է: Հայաստանի տարածքի սակավությունը, անտառածածկ տարածքների անբավարարությունը թույլ չեն տալիս ունենալ գերհագեցած հանքային և այլ բնառեսուրսային արդյունաբերություն:

Հայաստանում էկոլոգիական իրավիճակի կտրուկ վատթարացումը գերազանցապես պայմանավորված է բնական ռեսուրսների աննախադեպ շահագործմամբ, որը խաթարում է բնության ինքնավերականգնման ֆունկցիան և հանգեցնում շրջակա միջավայրի անվերահսկելի աղտոտման, ինչն էլ պատճառ է դառնում մարդկանց առողջական վիճակի շարունակական վատթարացման:

Կառավարությունը ոչ միայն չի կանոնակարգում բնառեսուրսների շահագործումը, այլև ընդհակառակը՝ նպաստում է, որ դրանք վատնվեն առավելագույնս անկանոն և անվերահսկելի տեմպերով՝ զուգահեռաբար ոչնչացնելով հարակից տարածքների բնությունը:

Համաշխարհային արդի տնտեսական կառուցակարգի պայմաններում, երբ կապիտալը կենտրոնացված է արևմտյան զարգացած երկրների և միջազգային ֆինանսական կառույցների ձեռքում, բնական պաշարներ ունեցող և թույլ զարգացած երկրները կարող են վերածվել վերջիններիս բնառեսուրսային կցորդի:

Այդ ճակատագրից խուսափելու համար է, որ Հայաստանը պետք է առարկայական կերպով իրականացնի կայուն զարգացման հայեցակարգը, որը ենթադրում է օգտակար բնական պաշարների շահագործման նորմավորում, դրանց հավասարակշռված, ողջամիտ օգտագործում՝ ի նպաստ հասարակության և պետության զարգացման, աղքատության հաղթահարման:

Կառավարության հրապարակած տվյալներով՝ միայն 2008-2010 թվականների ընթացքում կառավարության որոշմամբ փոխվել է ավելի քան 20 000 (քսան հազար) հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակությունը՝ դրանք դարձնելով ավելի ցածրակարգ՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր:

Այսպիսի գործելաոճը հանգեցնում է բարձր տնտեսական կարգավիճակ ունեցող գյուղատնտեսական և անտառային հողերի համատարած ոչնչացման: Հատկապես Սյունիքի մարզում բնակչությունն այլևս գրեթե տեղ չունի գյուղմթերք աճեցնելու համար: Գյուղատնտեսության գլխին կախված դամոկլյան սրի, աղքատության ահագնացող աճի ֆոնին մեր կառավարությունը ներկայացնում է Ռիո+20 զեկույցը, որով ներկայացվում է միանգամային այլ, ինչ-որ անհասկանալի իրականություն:

Դրա փոխարեն հայրենի կառավարությունը շարունակում է կառուցել Նոր Վասյուկիներ, ինչի հիմնական վկայությունն է «Ռիո+20 ազգային գնահատման զեկույցը», որը վերաբերում է կայուն զարգացման հայեցակարգի շրջանակներում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, շրջակա միջավայրի պահպանման և մի շարք այլ հարցերին:

Զեկույցը ոչ միայն չի արտահայտում իրականությունը, այլև պարունակում է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Ուշագրավ է հատկապես այն փաստը, որ պետական ամենամեծ՝ ընտանեկան նպաստի ծրագիրը, ինչպես ներկայացված է զեկույցում, «ուղղված է աղքատության նվազեցման դեմ»: Տպավորություն է ստեղծվում, որ հասարակությունից ամբողջությամբ ինքնամեկուսացած, իրենց իրականության մեջ ապրող մեր իշխանավորներն արդեն ուղղակի ոչ ադեկվատ են դառնում:

Այդ մարդիկ չեն հասկանում, որ հիվանդությունը թաքցնելիս այն ոչ միայն չի բուժվում, այլև ավելի է խորանում: Ներկայացված թվերը ոչ մի կապ չունեն իրականության հետ: Ներկայացված թվերը վկայում են, որ երկիրը կայուն տեմպերով գնում է դեպի լուսավոր ապագա, բայց երկրում աղքատության ցուցանիշը կրկնապատկվում է: Սա արդեն բրեժնևյան իրականություն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Սոցիալական ծանր վիճակը հետևանք է վարվող տնտեսական, հարկային ապաշնորհ քաղաքականության, որը ոչ մի աղերս չունի կայուն զարգացման հայեցակարգի հետ և շատ թանկ է նստում պետության վրա: Աղքատության «նվազեցման» դեմ պայքարն ուղեկցվում է հատկապես հանքարդյունաբերական գոտիներում մարդկանց հիվանդությունների աճող թվով, կրթության որակի անկմամբ և հասարակության բարոյազրկման փաստով:

Վերոնշյալը հիմնավորենք հենց նույն պաշտոնական տվյալներով, ըստ որոնց՝ երկրում աղքատության ցուցանիշը հասել է 36 տոկոսի, ծայրահեղ աղքատների թիվն ածել է 170 տոկոսով, 6000 դպրոցահասակ երեխա դպրոց չի հաճախում, արտագաղթողների թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճում է: Ակնհայտ է, որ նման պարագայում «կայուն զարգացում» բառակապակցությանը պետք է մոտենալ շատ զգույշ և խիստ վերապահումներով:

Վաղը կառավարությունը ներկայացնելու է սույն «զեկույցը»: Քանի որ զեկույցը մշակվել է կառավարության կողմից, կարելի է եզրակացնել, որ դրա վրա աշխատել է առաջին հերթին կոռումպացված չինովնիկների մի մեծ բանակ, որը հետաքրքրված չէ ճշմարտությունը ներկայացնել, իրականությունը ցույց տալ: Դրա ստեղծմանն աջակցել է նաև դեռևս սովետից մնացած, այսպես կոչված, «նոմենկլատուրան», որն իր կայուն տեղն ունի պետական համակարգի արհեստածին մեխանիզմների մեջ:

Տեսնենք, թե Գյուլնազ տատի որ ստեղծագործությունն այս անգամ կբեմադրվի վաղվա ներկայացման ընթացքում: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս զեկույցով կառավարությունը ցույց տվեց, որ ինքն ու Հայաստանի հասարակությունը որևէ ընդհանուր բան չունեն միմյանց հետ. յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով ու իր իրականության մեջ: Մնում է հասկանալ, թե դրանցից որն է վիրտուալը:

Ամփոփելով վերոնշյալը՝ Կառավարությունից պետք է պահանջել պատրաստել նոր զեկույց, ճշմարիտ գնահատել իրականությունը, տալ իրատեսական առաջարկություններ՝ շտկելու համար Հայաստանում ստեղծված իրավիճակը: Սա հատկապես կարևոր է սրընթաց զարգացող տարածաշրջանային իրադարձությունների ֆոնի վրա:

Մեզ հիմա պետք է ամուր պետություն հնարավոր զարգացումներին դիմակայելու համար, իսկ ամուր պետություն կարող է ստեղծել միայն այն հասարակությունը, որն իր իշխանությունների հետ ապրում է գոնե նույն իրականության մեջ, իսկ իշխանությունը իրականությունը չի աղավաղում զավեշտի հասնող չափերով:

Արթուր Գրիգորյան
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter