HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյան․ «Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը»

Փետրվարի 24-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը մասնակցեց և ելույթով հանդես եկավ «Դաշինք հանուն բազմակողմանիության» խորագրով նախարարական առցանց հանդիպմանը, որը նախագահում էին Գերմանիան և Ֆրանսիան: Հանդիպմանը մասնակցում էին ավելի քան չորս տասնյակ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ընդգծելով, որ այդ ագրեսիան մասամբ արդյունք է բազմակողմանիության ճգնաժամի և միջազգային աշխարհակարգի ձախողման՝ կանխելու ուժի կիրառումը անպատասխանատու դերակատարների և նրանց աջակիցների կողմից:

«Կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և ամբողջովին անտեսելով բազմակողմանիության առանցքային սկզբունքները` Ադրբեջանն ապավինեց ուժի կիրառմանը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց՝ դրանով իսկ նաև ոտնահարելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը:

Արձանագրվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ բնապահպանական բնույթի։ Այս ագրեսիայի սոսկալի հետևանքները դեռ պետք է հասցեագրվեն, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է որպես գործիք օգտագործել մարդասիրական բնույթի խնդիրները, ինչպիսիք են՝ ռազմագերիների վերադարձը, հումանիտար աջակցության տրամադրումը և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- ասել է նախարարը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ իր խոսքում Արա Այվազյանն անդրադարձավ նաև արհեստական բանականության ռազմական կիրառման խնդրին, մասնավորապես, նշելով, որ առաջատար տեխնոլոգիաների օգտագործումը «մարդասպան ռոբոտների» կամ դրոնների ստեղծման նպատակով կործանարար հետևանքների է հանգեցրել.

«Ադրբեջանն օգտագործեց այդ տեխնոլոգիաները ռմբակոծելու հայկական պատմական քաղաք Շուշիի եկեղեցին և ծննդատունը՝ ի թիվս Արցախում գտնվող այլ քաղաքացիական ենթակառուցվածքների: Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ արհեստական բանականության ռազմական կիրառման նկատմամբ միջազգային վերահսկողությունը պետք է առաջնահերթություն դառնա»:

Առցանց հանդիպման օրակարգային հարցերից էին COVID-19 համավարակի և  կլիմայական փոփոխությունների հասցեագրման ուղիները:

«Հայաստանը շարունակելու է սատարել տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ հասցեագրելու այս և այլ գլոբալ մարտահրավերները»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter