HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Գիտության մեջ ներդրումը ծախս չէ. ինչպես կարձագանքի պետությունը ֆինանսավորման ավելացման պահանջին

Հայաստանում վերջին 30 տարիներին գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների համար հատկացվել է տարեկան համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 0,25%-ը։ Այս ցուցանիշով Հայաստանը մոտ է աֆրիկյան պետություններ Ուգանդային և Բուրունդիին։

Առաջատար տեխնոլոգիական արդյունաբերության մի շարք գործարարների կողմից ստեղծված «Գիտուժ» նախաձեռնությունը փետրվարի սկզբից կազմակերպել է «արշավ»՝ գիտության պետական հատկացումներն ավելացնելու և հանրության մեջ դրա կարևորութունն ընդգծելու նպատակով։

Փետրվարի 14-ին նախաձեռնության անդամները հայտարարություն էին տարածել՝ առաջարկելով Կառավարությանը 2021թ. առնվազն 50% ավելացնել գիտական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները. 2022թ.՝ բյուջեի առնվազն 2%-ը, 2023թ.՝ 3%-ը, իսկ 2024 թվականից սկսած՝ առնվազն 4%-ը (ՀՆԱ-ի մոտավորապես 1%) հատկացնել գիտությանը։

Այսօր խոշոր բիզնես միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկել են գիտության ֆինանասավորմանն ավելացմանն ուղղված հետագա քայլերը, մատնանշել խոչընդոտներն ու ներկայացրել Կառավարության ներկայացուցիչների հետ մինչ օրս եղած քննարկումների արդյունքները։

 

Գիտելիքի և գիտության մեջ կատարված ներդրումների արդյունքներն անմիջապես չեն երևում. դրանք երևում են տարիներ, գուցե՝ տասնամյակներ հետո, սակայն երկարաժամկետ հեռանկարում դրանք կարևոր են ցանկացած երկրի զարգացման համար։

Զարգացած գիտությունը շատ կարևոր է առաջինը հենց տնտեսության զարգազման համար։ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ԱԱՊ) գործադիր տնօրենը Կարինե Սարգսյանը ընդգծում է՝ գործարարները մեծ կարևորություն են տալիս տարբեր երկրներում գիտության զարգացավածության աստիճանին. ԱԱՊ-ն ունի մոտ 130 կազմակերպություն, որոնք, ըստ Կ. Սարգսյանի, վճարում են Հայաստանի հարկերի 3-5%-ը.

«Առանց կիրառական գիտության հնարավոր չէ զարգացնել բիզնեսը, նույնիսկ՝ բազային»,-ասում է ԱԱՊ գործադիր տնօրենը։ Ըստ նրա՝ պետք է կողմնորոշվել՝ արդյոք Հայաստանը ցանկանու՞մ է մնալ զարգացվածության առումով 3-րդ երկրների ցանկում, քանի որ մեր հարևան պետություններում, ըստ Կ. Սարգսյանի, գիտությունը, զարգանում է շատ ավելի համակարգված ձևով. 

«Սա միայն գումարային խնդիր չէ. համակարգում պետք է մեծ բարեփոխումներ կատարվեն, որպեսզի կապը ստեղծվի տարբեր գիտական լաբորատորիաների միջև, ինչպես նաև՝ գիտության և գործարար համայնքի միջև, որ կարողանանք այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալ»։ 

ԱԱՊ տնօրենն ընդգծեց, որ լուծումներից մեկը կադրերի որակը բարձրանցելն ու համապատասխան հմտություններ տալն է.

«Վերջերս իմացանք, որ մեկ դիմորդ է ընդունվել ֆիզիկայի ֆակուլտետ. դա ուղղակի մեր երկրի համար շատ վատ բնութագրող հանգամանք է, որովհետև մարդիկ չեն ուզում մտնել գիտության մեջ, որովհետև այնտեղ չեն տեսնում իրենց ապագան, կամ էլ թողնում, գնում են այլ երկրներ»։

Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանն ընդգծեց, որ շատ կարևոր է ոչ միայն խոսել գիտության ֆինանսավորման ավելացման մասին, այլև նշել, թե ինչ տեսլական և ռազմավարություն կա այն զարգացնելու համար, քանի որ իրենք նույնպես, ուսումնասիրելով ՓՄՁ ոլորտը, շատ «մտահոգիչ տվյաներ են տեսնում».

«Կարելի է ասել՝ հայկական բիզնեսների ընդամենը 6%-ն է մասնագիտացած արտահանման վրա։ Միջազգային ասպարեզում մեր բիզնեսների մեծ մասը մրցունակ չէ, և ակհնայտ է, որ նորարարություն ներդնելու համար երկրում պետք է ստեղծված լինի թեհանրակրթական, թեբարձագույն ուսումնական հաստատությունների համակարգը, թե՛ այդ համակարգերը որակյալ կարդրերով սնուցող գիտական ենթակառուցվածքը»։

Նրա կարծիքով՝ պետք է մշակել այնպիսի ռազմավարություն, որը կիրառելի կլինի ամբողջ հանրապետությունում։ Ռ․ Օսիպյանը հույս հայնտեց, որ նաև նմպատիպ քննարկումների կազմակերպումը կնապաստի կոնկրետ քայլեր ձեռնարկելուն։

ServiceTitan ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն, Techնոտուն ակումբի համահիմնադիր Աշոտ Տոնոյանը կարծում է, որ գիտության ֆինանսավորման ոլորտում կա երկու հիմնական խնդիր։ Առաջինն այն է, որ պատճառաբանում են, թե՝ նախ պետք է ռեֆորմներ անել, նոր խոսել ֆինանսավորումից, երկրորդն էլ, որ պահանջում են ներկայացնել, թե այդ ներդրումների դիմաց ինչ եկամուտ է ակնկալվում։

«Գիտության պարագայում՝ ֆինանսավորե՞լ, չֆինանսավորե՞լ, ի՞նչ շահույթ կստանանք կամ երաշխավորված շահույթն ինչքա՞ն է, աբսուրդ է,- ասում է Ա. Տոնոյանը,- եթե որոշում ընդունող մարդիկ չեն կարողանում սա հասկանալ, միգուցե սխալ մարդի՞կ են այդ տեղերում»։

Earlyone ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Limetech ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գևորգ Սաֆարյանը հայտնեց, որ այս վերը նշված հարցերի վերաբերյալ իրենք բազմաթիվ հանդիպումներ են ունեցել տարբեր նախարարների հետ։ Ու թեև բոլորն ընդգծել են, որ գիտության զարգացումը շատ կարևոր է, բայց հստակ քայլեր չեն նշել.

«Ազգային Ժողովում տեղի ունեցած լսումներից հետո գործընթաց սկսվեց, որից հետո հանձնաժողովի նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարարն առաջարկեց 4%-ն ամրագրել օրենքով, հանձնաժողովի անդամները գրեթե միաձայն կողմ քվեարկեցին, բայց մենք մինչև հիմա չենք տեսել, որ այդ կետն առաջարկվի օրենքի նախագծի մեջ, և այդ պատճառով մենք պնդելու ենք, բոլոր եղանակներով հայտնելու ենք մեր պահանջը, որ այդ կետը հայտնվի օրենքում»։

Ըստ Գ. Սաֆարյանի՝ սա պետք է հստակ ազդակ լինի Կառավարությանը, ԱԺ պատգամավորներին՝ ճիշտ գնահատելու իրավիճակը և ընդունելու պետականամետ որոշումներ, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը։

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել իրենք, եթե Կառավարությունն այս պահանջը հաշվի չառնի, Գ. Սաֆարյանը պատասխանեց, որ քանի որ նախաձեռնությանը միացել են շատ կազմակերպություններ, որոնք նաև խոշոր հարկատուներ են, իրենք կարծում են, որ այն կբավարավի. այլ տարբերակ չեն քննարկում։

«Մենք անում ենք այն, որ պարզ լինի որոշում կայացնողներին, որ պահանջողները հանդիսանում են այն օղակը, որոնք ապահովում են բյուջեն»,-նշեց Գ. Սաֆարյանը։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներիին, Գ. Սաֆարյանն ասաց, որ թեև կան տարբեր ծրագրեր, բայց ներդրողներին «հասկացնում են», որ մինչև Հայաստանում «գիտությանը բանի տեղ չդնենք», պատշաճ աջակցություն չի կարող լինել։

Ռուբեն Օսիպյանը հավելեց, որ չէր ուզենա, որ այս նախաձեռնությունը սահմանափակվեր միայն ֆինանսավորման ավելացմամբ, և պետք է մշակել մեխանիզմներ, ինչպես նաև՝ մեթոդաբանություն իրականացվելիք քայլերի արդյունավետությունը գնահատելու համար.

«Բազմիցս եղել են դեպքեր, երբ գիտահետազոտական աշխատանքի պատվեր կա պետությունից, բայց դու չես կարողանում դա ստանձնել, որովհետև կան պետական ստանդարտներ, որոնց համաձայն՝ այդ գիտահետազոտական աշխատանքները կատարողների միջին աշխատավարձն անհիմն ցածր է, և աշխատանքը կասկածելի արդյունավետություն կունենա նման աշխատավարձով աշխատողների դեպքում»։

Սաֆարյանը ևս հավաստիացրեց, որ կան մասնագետներ, որոնք կօգնեն այդ մեխանզիմը ներդնել։ Ըստ նրա՝ այս պահին անհրաժեշտ են հրատապ ներդրումներ, նույնիսկ եթե դրանք այդքան էլ արդյունավետ չեն.

«Պետական պարտքը, որ այսօր աճել է, եթե ժամանակին ներդրվեր գիտության մեջ, մենք շատ ավելի արդյունավետ, մեծ արժեք կստեղծեինք, որը թույլ կտար այդ նույն պարտքը փակել»,-ասաց Գևորգ Սաֆարյանը։

Գլխավոր նկարը՝ thetrainingassociates.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter