HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արևադաշտի համայնքապետարանի հավաքարարին վճարում են աշխատակիցների գրպանից

Մեկ տարուց ավել է Արմավիրի մարզի Արևադաշտի համայնքապետարանում չեն կարողանում հավաքարարի հաստիք պահել: Ամսվա ընթացքում 4-5 անգամ տարածքը մաքրելու համար աշխատակիցներն են իրենց գրպանից վճարում համագյուղացուն:

«Եղած-չեղած 4 աշխատող ունենք գյուղապետարանում: Ամեն մեկս 1250 դրամ հավաքում ենք, որ 5000 դրամ տանք, գա տարածքը մաքրի»,- ասում է Արևադաշտի համայնքապետ Հովսեփ Օհանյանը:

Զրույցը դեռ չէինք ավարտել, աշխատակիցներից մեկը ներս մտավ ու հայտարարեց, թե հավաքարարը եկել իր գումարն է ուզում, բայց այս անգամ յուրաքանչյուրից ոչ թե 1250 դրամ, այլ՝ 1500:

«Ինքն էլ թանկացրե՞ց: Ես 1500 դրամ չեմ տա»,- ասաց համայնքապետը:

Պարզվում է, համայնքապետարանի աշխատակիցները ևս աշխատավարձ չեն ստացել: Համայնքապետարանն աշխատավարձերի գծով 2020թ.-ին պարտք է մոտ 621 հազար դրամ: Նախորդ տարի ստացել են այնքան աշխատավարձ, ինչքան կարողացել են հարկ հավաքել: Ամիս է եղել 20-30 հազար դրամ են աշխատավարձ ստացել: Այս տարի ընդհանրապես աշխատավարձ չեն ստացել:

«Ինչքան գումար եղել է, տնավարի բաժանել ենք իրար մեջ, աշխատավարձ ենք ստացել»,- նշում է համայնքի ղեկավարը:

Գումար չլինելու պատճառով Արևադաշտում չեն կարողանում պահել նաև պահակ և ջրբաշխ: 

«2 տարի առաջ խմելու ջրի տեսուչ պահեցինք, որ ջրերը ժամով միացներ-անջատեր: 2 տարվա ընթացքում հազիվ աշխատավարձը տվեցինք, պրծանք: Հիմա էլ աշխատող չունենք, իրա փոխարեն այդ գործը ես եմ անում: 3 թաղամաս է, հերթով միացնում-անջատում եմ: Դարձել եմ գյուղի ջրբաժանը»,- ասում է Հովսեփ Օհանյանը և հավելում, որ գյուղը 3 ժամ է ջուր ունենում, քանի որ չեն կարող էլեկտրաէներգիա շատ օգտագործել, պոմպակայանները երկար աշխատացնել:

Համայնքապետը նշում է, որ դժվարություններ ունեն նաև ջրի վարձի գանձման առումով: Տներում հաշվիչներ տեղադրված չեն: Յուրաքանչյուր տնից գանձում են 1000 դրամ ջրի վարձ: Սակայն, ով անասուն ունի վճարում է 2-3 հազար դրամ: Այդ գումարը ևս մեծ դժվարությամբ են կարողանում հավաքագրել:

Հովսեփ Օհանյանն ասաց, որ օգտագործած ջրի հաշվիչներ է հայթայթել, բայց չեն կարողանում դրանք տեղադրել, քանի որ մասնագետ չունեն: Իսկ դրսից մասնագետ բերելու համար ստիպված են լինելու ավելի թանկ վճարել:

Արևադաշտ համայնքը հիմնադրվել է 1982թ-ին: Ներկայում գյուղն ունի 394 բնակիչ՝ 77 տնտեսություն: Տարածքը, որի վրա կառուցվել է գյուղը, նախկինում եղել է կրակադաշտ, այդ իսկ պատճառով բարենպաստ չէ հողագործության համար: Դրան ավելանում է նաև ոռոգման ջրի պակասը, ինչը տարածքը դարձնում է չոր ու ամայի:

Ոռոգման համակարգն անմխիթար վիճակում է: Տնամերձ հողատարածքները չեն մշակվում: Համայնքապետն ասում է, որ մայր ջրատարն անցնում է գյուղի ցածրադիր հատվածով և ջուրը վերև բարձրացնելու համար պոմպակայաններ են պետք:

2020թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Արևադաշտի համայնքապետարանին հողի հարկի ապառքը կազմում է 11 մլն 642 դրամ: 8 մլն 437 հազար դրամ էլ կազմում է հողի չվճարած հարկի տույժերի և տուգանքների գումարը:

Հովսեփ Օհանյանի ասելով՝ գյուղը 90-ականներին բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթվածներով: Վերջիններս մասնակցել են հողերի սեփականաշնորհման գործընթացին, որից հետո մեկնել են արտերկիր: Նույնիսկ այդ քաղաքացիների  բնակության վայրը հայտնի չէ, որպեսզի հարկային պարտավորությունները կատարելու պահանջ ներկայացնեն:

Արևադաշտ համայնքի բյուջեն մոտ 15 մլն դրամ է, որից 3 մլն 800 հազար դրամը դոտացիան է: 2020թ. համայնքում սեփական եկամուտների հավաքագրումը կատարվել է ընդամենը 50,6%-ով: Համայնքապետը փաստում է, որ թեև նախորդ տարիներին հավաքագրման տոկոսը չեն կարողացել հասցնել 100-ի, սակայն այդքան վատ էլ չի եղել:

«Մեզ խանգարեց պատերազմն ու կորոնավիրուսը: Մարդիկ չկարողացան հարկերը վճարել»,- նշում է Հ. Օհանյանը:

Ամեն տարի աշխատանքային պլանով համայնքի ավագանին որոշում է ներդրումներ անել համայնքում, սակայն այդպես էլ գրվածն իրականություն չի դառնում:

Գյուղը չունի գիշերային լուսավորություն: Լուսավորության համակարգի երկարությունը կազմում է 3.5 կմ: Իսկ ներհամայնքային 5 կմ ճանապարհից ընդամենը 15% են բարեկարգ և անցանելի:

Գյուղը չունի նաև հասարակական տրանսպորտ, մշակույթի տուն, խանութ: Նույնիսկ մեկ տուփ լուցկի գնելու համար արևադաշտցիները ստիպված են մոտ 4 կմ ճանապարհ անցնել, որպեսզր հարևան Արաքս համայնքի խանութ հասնեն:

Համայնքապետարանի շենքը, որտեղ աշխատում են 4 աշխատակիցները, ավերակ վիճակում է: Շենքի մի հատվածը 90-ականներից օգտագործվում է մեկ ընտանիքի կողմից, որպես կացարան: Իսկ համայնքապետարանի հատվածի միջանցքների պատուհաններն ապակիներ չունեն և ձմռանը էլեկտրաէներգիայի համար շատ չվճարելու համար բոլորով հավաքվում են մեկ սենյակում: Շենքի վրա նույնիսկ ցուցանակ չկա, որը կհիշեցնի համայնքապետարան լինելու մասին: Միակ հուշող բանը տանիքին ու պատուհաններից մեկից կախված եռագույնն է:

«Ոչ թե վատ ա, այլ շատ վատ ա, բայց ինչ անենք: Վերջին մի քանի տարում քիչ-քիչ զարգացման միտում է նկատվում, տեսնենք»,- հավելում է համայնքապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter