Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն
Ապրիլի 5-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-լիտվական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն, ինչը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Լիտվան առաջին պետությունն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց 1991 թ.: Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ: Լիտվան առաջինն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Երևանում և առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացել է դեսպանություն:
Աուդրոնիուս Աժուբալիսը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև վերջին տարիներին ակտիվացած համագործակցության առթիվ՝ ընդգծելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսության, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների, ամուր իրավապայմանագրային դաշտի, առևտրատնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ծավալների աճի կարևորությունը:
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկեցին Եվրոպայում տեղի ունեցող գործընթացները, Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր, Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Նալբանդյանն ու Աժուբալիսը անդրադարձան նաև արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Այդ առումով Ա.Աժուբալիսը վերահաստատեց Լիտվայի աջակցությանը Մինսկի խմբի եռանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանը:
Իսկ ապրիլի 4-ին Երևանում Հայաստանի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունների միջև անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ փոխնախարարների ղեկավարությամբ: ՀՀ ԱԳՆ կողմից խորհրդակցությունները վարում էր նախարարի տեղակալ Զ. Մնացականյանը, լիտվական կողմից՝ է. Իգնատավիչյուսը:
Հայ և լիտվացի դիվանագետները քննարկեցին եվրոպական և միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցության հետ կապված հարցեր, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ համագործակցության ներկայիս փուլը և հեռանկարները: Անդրադարձ եղավ ԵՄ-ի հետ Հայաստանի Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին և արձանագրված առաջընթացին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին և տարածաշրջանային հարցերի:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ կողմերն արձանագրեցին, որ վերջին 2 տարվա ընթացքում հայ-լիտվական հարաբերությունները, այդ թվում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ու փոխայցելությունները, կրթական ու մշակութային կապերը զարգանում են դինամիկ կերպով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել