HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Կառավարությունը ՄԻՊ-ի մեքենաներից 3-ը կրճատում է, որ տնտեսական խնդիրները լուծի

Կառավարության փետրվարի 25–ի նիստում ընդունվեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեքենաները կրճատելու մասին որոշում։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հեղինակած որոշմամբ ՄԻՊ-ին սպասարկող 11 ավտոմեքենաներից 3-ը կրճատվեցին, քանի որ պատերազմն ու կորոնավիրուսը տնտեսական միջավայրը վատթարացրել են։ Տնտեսությունում ֆինանսական ներարկումներ իրականացնելու համար, ըստ Արսեն Թորոսյանի, որոշվել է հնարավորինս ձերբազատվել պետական բյուջեի վրա թեկուզև ոչ նշանակալի բեռ հանդիսացող ֆինանսական պարտավորություններից։ Այդ երեք մեքենայի սպասարկման գումարը կառավարությունը մտադիր է ուղղել տնտեսությանը կամ սոցիալական խնդիրները լուծելուն։ 

Մեքենաները վերցնելու են ՄԻՊ-ի աշխատակազմից և փոխանցեն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Հետո մեքենաները կա՛մ կօտարեն, կա՛մ կփոխանցեն տնտեսությունն ակտիվացնող գերատեսչություններին։

Կրճատվող մեքենաներն են՝ 2002 թ.-ի արտադրության «VAZ 21214», 2006 թ.-ի արտադրության «NISSAN MAXIMA 3.0» և 2015 թ.-ի արտադրության «RENAULT LOGAN 1.4։

Պարզաբանումներ ստանալու նպատակով «Հետք»-ը դիմեց ՄԻՊ գրասենյակ, որտեղից հայտնեցին, թե ինչ հանգամանքներում է նման որոշման նախագիծ պատրաստվել, և ինչ խնդիրներ է առաջացնելու մեքենաների կրճատումը։

Այսպես, վարչապետի աշխատակազմը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ուղարկել գրություն, որով առաջարկել է Պաշտպանի աշխատակազմում առկա 11 մեքենաներից 8-ը ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին։

Այնուհետև, վարչապետի աշխատակազմն ուղարկել է միայն Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերող Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսված է եղել նշված 11 մեքենաներից 7-ը ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվել է 2020թ. նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ու պատերազմի հետևանքով «ՀՀ-ում առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու նպատակով ֆինանսական միջոցներ ներգրավելու, տնտեսությունում ֆինանսական ներարկումներ իրականացնելու հրատապ անհրաժեշտությունը»:

Ընդ որում, 11 մեքենաներից՝ 

  • 6-ը հատկացված է ԵԱՀԿ կողմից՝ Եվրամիության միջոցներով,
  • 2-ը օգտագործված վիճակում Կառավարության 2019թ. առաջարկով Պաշտպանի աշխատակազմն ընտրել է, և այդ մեքենաները 2020թ. ամրացվել են Պաշտպանի աշխատակազմին,
  • մնացած 3 մեքենաները Պաշտպանի աշխատակազմին են հատկացվել 2004, 2006 և 2016 թվականներին:

Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարության որոշման նշված նախագծի վերաբերյալ կարծիքում նշել է, որ այդ նախագծի ընդունման արդյունքում ակնհայտ խոչընդոտներ կառաջանան Պաշտպանի սահմանադրական լիազորությունների ու, հետևաբար, Պաշտպանի աջակցությունը ստանալու՝ մարդկանց սահմանադրական բացարձակ իրավունքի համար, և որ դա ուղիղ բացասական ազդեցություն կունենա Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման ու բողոքներով այցերի վրա ոստիկանության բաժիններ, ՔԿՀ-ներ, հոգեբուժական հաստատություններ, երեխաների հաստատություններ, մարզեր և այլն: Այդ որոշման արդյունքում գրեթե կզրոյանար տարիների բարդ աշխատանքով կայացած Պաշտպանի արագ արձագանքման գործառույթը:

Քննարկումների արդյունքում Կառավարության որոշման նախագծում ամրագրվել է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվում 3 մեքենա: Դրանում ԵՄ միջոցներով հատկացված մեքենաները չեն ներառվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter