Անդրանիկ Քոչարյան. «Մեր երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից»
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդարտության կոչ է անում: Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությանը ծանոթանալուց հետո Քոչարյանն այն եզրահանգման է եկել, որ բանակը քաղաքական հայտարարություն է անում:
«Իրենք կապում են Տիրան Խաչատրյանի հեռացման հետ, աշխարհում ոչ մի երկրում նման բան չեք տեսնի, որ զինվորականին աշխատանքից հանում են, և բանակը քաղաքական հայտարարություն է անում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու մի շարք բարձրաստիճան զինվորականներ պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու գործող կառավարության հրաժարականը, ինչը Փաշինյանը ռազմական հեղաշրջման փորձ է որակել: Կառավարության ղեկավարն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, որտեղ ելույթ է ունենալու ժամը 4-ին:
Անդրանիկ Քոչարյանը միևնույն ժամանակ ընդգծում է` հայտարարության տակ բազում զինվորականներ են ստորագրել, ուստի միայն Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ անելը նման հայտարարության պատճառ չէր կարող դառնալ: «Սա եփած թեմա է, որը վտանգներ է պարունակում»,-ասաց նա:
Ըստ պատգամավորի` նման հայտարարության համար հիմք են հանդիսացել բանակում սպասվող ռեֆորմները, ինչն իր հերթին կադրային փոփոխությունների է հանգեցնելու, ուստի զինվորականները չեն կարող չանհանգստանալ: Քոչարյանի կարծիքով` ԳՇ շտաբը պետք է կենտրոնանար պատերազմի հետևանքների վերացման, ոչ թե քաղաքական հայտարարությունների վրա:
«Մեր երկիրը պետք է զերծ մնա ներքին ցնցումներից, կամ կարգավորում ենք մոտակա հինգ տարիների զինված ուժերի հեռանկարը, կամ մեզ շատ վատ օրեր կարող են սպասվել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ վարչապետն իր աջակիցներին հրավիրում է հրապարակ, դա արդյոք չի կարող բախումների հանգեցնել, Քոչարյանը պնդեց` բախումներ չեն կարող լինել, ով գնում է բախումների, պետականության գերեզմանաքարն է դնում:
Քոչարյանը նաև հավելեց` իր համար անսպասելի էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը նման հայտարարությամբ կարող է հանդես գալ, ապա հավելեց` ցանկում զինվորականներ կան, որոնց հետ պետք է խոսի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել