
«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է վարչապետին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։
Այս մասին նշվում է խմբակցությունից «Արմենսպրեսին» տրամադրված հայտարարության տեքստում: «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։
Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշվում է խմբակցության հայտարարության մեջ, որը տարածել է «Արմենպրեսը»։
Ուղղում
«Իմ քայլը» խմբակցության ֆեյսբուքյան էջում ավելի ուշ հրապարակված տեքստում բացակայում է «Խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ» արտահայտությունը։
Մեկնաբանել