HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Շուշիի գորգերի թանգարանն աշխարհում միակն է, որի բոլոր նմուշների ծագումնաբանությունը հստակ է

Հայկական գորգերի միակ թանգարանը գտնվում էր Շուշի քաղաքում։ Արցախյան վերջին պատերազմի օրերին՝ Շուշին հանձնելուց օրեր առաջ, թանգարանում գտնվող ցուցանմուշները, թեև ոչ ամբողջությամբ, բայց հաջողվեց տարհանել: Արցախյան գորգերը փետրվարի 20-ից ցուցադրվում են Երևանում՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Հանրության հետաքրքրությունը բավականին մեծ է, մի քանի օր է՝ ցուցադրությունը օրվա լրահոսի կարևոր թեման է մնում: Գորգերի հավաքածուն պատկանում է արցախցի, մասնագիտությամբ տնտեսագետ-իրավաբան Վարդան Ասծատրյանին: Արցախի այցեքարտը հանդիսացող ձեռագործ գորգերը նրա նախաձեռնողականության շնորհիվ հաջողվել է պահպանել և որպես արցախյան մշակույթ ներկայացնել աշխարհին: 

Պրն Ասծատրյան, որտեղի՞ց է գալիս Ձեր հետաքրքրվածությունը գորգերի նկատմամբ:  

Արցախցիները խորհրդային շրջանում տեսել են, թե ինչպես էին ադրբեջանցիները, գյուղերով շրջելով. գնում արցախյան հին գորգերը կամ նոր գորգեր էին առաջարկում դրանց փոխարեն։ Երեխա ժամանակվանից ականատես էի դրան և ուզում էի հասկանալ իմաստը: Գորգերը հավաքելու մի ալիք էլ սկսվեց 1994-ին, Արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո, երբ Երևանից էին գալիս գյուղերից գորգերը հավաքում: Դրանք տեղափոխում էին Երևան, այստեղից էլ տանում էին Ամերիկա, Լիբանան, Թուրքիա և այլ երկրներ։ Մտածեցի, որ եթե այդպես շարունակվի, որոշ ժամանակ հետո կկորցնենք մեր մշակույթը։ Ես ընդհանրապես հետաքրքրված եմ հնություններով, հայկական կերպարվեստով և հատկապես՝ գորգերով, որը հենց մեր մշակույթն է։ Մենք այդ մշակույթը կկորցնեինք, եթե արտահանումը կանխելու միջոցներ չձեռնարկեինք։ Օրենքում ամրագրված է, որ հնությունները երկրից չեն կարող դուրս բերվել, բայց բոլորն աչքերը փակեցին դրա վրա: Չգիտեմ որն էր պատճառը, որ իշխանություններն այդ հարցին կարևորություն չտվեցին։ Այդ պատճառով ինքս նախաձեռնեցի մեր մշակույթը պահպանելու գործը՝ որոշեցի գորգեր ձեռք բերել:

Այդ հարցում ինձ օգնում էին հենց այն մարդիկ, որոնք Արցախից գորգեր էին գնում վերավաճառելու համար: Դա նրանց ապրուստի միջոցն էր, բայց իրենք էլ էին մտահոգված, հասկանում էին, որ ճիշտ չեն անում։ Նրանք միավորվեցին ինձ հետ, և 2000թ.-ից սկսեցինք գյուղերից գորգեր գնել: Բոլորի մեջ էնտուզիազմ կար, եթե մինչ այդ նրանք աշխատում էին գումար վաստակելու համար, այստեղ արդեն իրենց զգում էին այս կարևոր գործի մի մասը։ Նույնիսկ Երևանից մի քանի գորգ ձեռք բերեցինք, շատ հարմար գնով տրամադրեցին՝ իմանալով, որ թանգարանի համար ենք գնում։

Քա՞նի տարում եք ձեռք բերել հավաքածուն, և ե՞րբ բացվեց թանգարանը:

Տասը տարվա ընթացքում մեծ թվով արժեքավոր գորգեր էինք ձեռք բերել և 2011թ.-ի սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, Շուշիում բացեցինք թանգարանը։ Երկու տարի այն գործեց Ղազանչեցոց փողոցի 31 հասցեում: Այնուհետև տեղափոխեցինք Ղազանչեցոց 58 հասցե, որի առաջին հարկը տրամադրված էր թանգարանին: Այդ այրված շենքն ամբողջությամբ վերակառուցեց արցախյան արմատներով մոսկվացի բարերար Կարո Սարգսյանը՝ պահպանելով շենքի պատմական տեսքը։ Թանգարանի բացումը մասնավոր-պետական հատվածի համագործակցության լավ օրինակ էր, բոլորը գնահատում էին դրա կարևորությունը։

2013թ.-ին թանգարան այցելեց գերմանացի արվեստաբան Ֆոլկմար Գանցհորնը, որն այդ օրերին Երևանում մասնակցում էր «Հայկական հանգույց. գորգարվեստի ավանդույթները» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովին: Նրա «Քրիստոնեական արևելյան գորգ» աշխատությունը թարգմանվել է հայերեն։ Գիրքը գորգի ծագումնաբանությանը, խորհրդաբանությանը նվիրված հետազոտություն է։ Մեծ գիտնականը թանգարանի ցուցադրությանը ծանոթանալուց հետո ընդգծեց այն սկզբունքը, որով ես առաջնորդվում էի գորգեր ձեռք բերելուց՝ սկզբնաղբյուրից էի գնում դրանք: «Ձեր թանգարանն աշխարհում միակն է, որտեղ գորգերի բոլոր նմուշների ծագումնաբանությունը հստակ է։ Այլ երկրների թանգարաններում ավելի հին և արժեքավոր գորգեր կարող եք տեսնել, բայց դրանց ծագումնաբանությունը հստակ չէ, քանի որ դրանք սկզբնաղբյուրից չեն ձեռք բերվել, մի քանի ձեռք են անցել մինչև թանգարանում հայտնվելը»,- հայտնեց գերմանացի գիտնականը։

Բոլորը գիտեն, որ գորգեր ձեռք բերելուց այդ սկզբունքով եմ առաջնորդվել, և դա լավագույն ապացույցն էր, որ դրանք արցախյան գորգեր են: Եթե ընտանիքը չգիտես, գոնե գյուղն անպայման պետք է իմանաս, թանգարանի համար դա պարտադիր սկզբունք է։

Շուշիում թանգարանի այցելուներն ովքե՞ր էին։ Օտարերկրացիները հետաքրքրվածություն ունեի՞ն հայկական գորգերի նկատմամբ: Արդյոք թյուրըմբռնում չկա՞ր, չէի՞ն նույնականացնում ադրբեջանականի հետ։

Թանգարան այցելում էին մանկապարտեզներից, դպրոցներից, շաբաթ-կիրակի օրերին զինվորներին էին բերում, Արցախ այցելող օտարերկրացիներն էին գալիս, որոնք բավականին մեծ թիվ էին կազմում։ Նրանք տեսնելուց ու բացատրությունները լսելուց հետո չէին նույնացնում ադրբեջանական գորգերի հետ։ Պրոֆեսիոնալ մասնագետների շրջանակը հիանալի գիտի, որ ադրբեջանական գորգ հասկացություն ընդհանրապես գոյություն չունի։ Քոչվոր ժողովուրդներին գորգագործությունը հասու չէ, գորգը դազգահների վրա են գործում, դազգահը որ մի տեղ դնում են, նույն տեղում էլ պետք է մնա։ Ադրբեջանցիներինը փոքր գործիք է, որը, ձեռքերի մեջ պահելով. փոքր կտորներ են գործում, որպեսզի հողի վրա չնստեն։ Մի քանի նախշեր ունեն, դրանք ընդհանրություն չունեն մերի հետ։

Ադրբեջանը մեծ գումարներ է դնում արցախյան գորգը՝ որպես ադրբեջանական մշակույթ, աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Նրանց հաշվարկը հասարակ ժողովրդի վրա է, որը չի պատկերացնում գորգարվեստը, բայց մասնագետները հստակ տարբերում են: Թանգարանում մենք ցուցադրում էինք նաև գորգագործության համար կիրառված գործիքները՝ հին դազգահներ, ճախարակ, իլիկ և այլն, որոնք գորգի ստեղծման պատմությունն էին ներկայացնում:

Պրն Ասծատրյան, Ձեր հավաքածուն ցուցադրվե՞լ է Հայաստանից դուրս, այլ երկրներում ցուցադրություն կազմակերպելու առաջարկներ եղե՞լ են:

Լուրջ առաջարկներ չեն եղել նաև այն պատճառով, որ ապահովագրական համակարգ չենք ունեցել: Տեղափոխելը ռիսկային է, արտասահմանցիների համար կարևոր է ապահովագրություն ունենալը: Մի քանի տարի է, որ ապահովագրական բիզնեսը զարգացել է, և նոր են սկսել նման բաները ապահովագրել։ Եթե առաջարկներ լինեն՝ պատրաստ եմ համագործակցելու: Ադրբեջանցիները մեծ գումարներ են ներդնում մեր գորգարվեստը սեփական մշակույթ ներկայացնելու համար, բայց եթե մենք մի անգամ շրջենք արտասահմանում, այդ միֆը հօդս կցնդի։

Ձեր հավաքածուում կա՞ն գորգեր, որոնք շատ հին են: Արցախի մելիքական տոհմերին կամ այլ նշանավոր ընտանիքների պատկանող նմուշներ կա՞ն։

Ավետարանոց գյուղի մի ընտանիքից գորգ եմ ձեռք բերել, որը մելիք Բաղրի հայտնի տոհմին է պատկանել: Այդ տոհմը հայտնի է 1600-ական թվականներից, նրանց գորգը, պահպանվելով 1980-ին, հասել էր այդ ընտանիքին: Ես էլ  նրանցից եմ ձեռք բերել, շատ շքեղ գորգ է։ Շուշիում գործված գորգերը շատ բարձր որակ ունեին, դրանք գործվում էին բարձորակ մանուֆակտուրաներում՝ վաճառքի համար և միայն Եվրոպա էին արտահանվում։ Այդպիսի գորգեր պահպանվել էին Շուշիի նշանավոր ընտանիքներում: Ցուցադրված ծաղկագորգերը գործվել են Շուշիում։

Ասում են՝ գորգերը պատմություն ունեն, ո՞ւմից էիք ձեռք բերում դրանք։

Թանգարան ստեղծելու համար չես կարող նստել և սպասել, որ մարդիկ իրենք առաջարկեն, բայց լինում էր, որ գալիս, առաջարկում էին: Մի կին գորգ էր բերել, 20-րդ դարի սկզբի գորգ էր, այնքան էլ լավը չէր, մեջը քիմիական գույներ կար, բայց որ բերել էր՝ վերցրինք։ Հետո նրա աղջիկն ու փեսան եկան և սկսեցին վիճել, թե մամային խաբել եք։ Գորգեր գնելիս սկզբունքորեն ես գին չէի առաջարկում, ասում էի՝ դուք ասեք, որպեսզի մարդիկ դժգոհ չմնան։ Նրանց պահվածքից տատիկը վատ էր զգում իրեն, ես ասացի՝ վատ մի զգացեք, կարող եք հետ վերցնել գորգը։ Փեսան ասաց, թե փոխարենը մի ուրիշ գորգ կառաջարկեմ ձեզ, մեզ տարավ իր նկուղ և մոտ 200 տարվա գորգ ցույց տվեց, որը գետնին գցած էր, վրան մի երկու վնասված տեղ ուներ։ Ասում եմ՝ ինքը եկել, զոքանչի գորգի համար է կռիվ տալիս, իսկ այս գլուխգործոցն իր նկուղում գցած է։ Այդ գորգը վաճառեց մեզ, այն վնասված տեղեր ուներ, որը վերականգնելու համար 1800 դոլար եմ վճարել։

Ընդհանրապես գորգերը ձեռք բերելուց մինչև թանգարան տանելը երկուսից երեք ամիս պահում էինք ֆոնդում, որովհետև հավանական էր, որ այդպիսի պատմություներ կլինեն։ Թանգարանի անունը մեզ համար ավելի կարևոր է, գորգ ձեռք բերելու որոշակի սկզբունքներ կան, որոնք հստակ պահպանում ենք։ Մարդիկ գիտեին, որ թանգարանի համար եմ ձեռք բերում, խնդիրներ չէին առաջացնում: Եկել, տեսել են, որ իրենց գորգը ցուցադրված է, ուրախացել են։

Ձեզ հաջողվե՞լ է արցախյան հայտնի գորգերի ու կարպետների բոլոր նմուշներն ունենալ հավաքածուում։

Աշխատել եմ հայտնի նմուշներն ունենալ՝ «Վիշապագորգ», «Խնձորեսկ», «Աստղագորգ», «Ծաղկագորգ», «Ծաղկած խաչեր» և այլն։ Հավաքածուի ամենահին գորգը 17-րդ դարի գործ է: Մեզ հայտնի չէ, թե այդ գորգը որ ընտանիքին է պատկանել, ես այն Շոշ գյուղից եմ ձեռք բերել։ Այն մետաքսի վրա արված ասեղնագործ աշխատանք է, օրիգինալ վիճակում: Այս գյուղում ասեղնագործությունը շատ զարգացած է։ Տեղի բնակիչների մի մասն այնտեղ են եկել Երիցմանկաց եկեղեցու մոտ գտնվող բնակավայրից և շատ զարգացած ժողովուրդ են, մի մասն էլ՝ Պարսկաստանի Սալմաստ քաղաքից է եկել։

Գորգեր նվիրե՞լ են թանգարանին:

Երևանից մի գորգագործ սումախ գործվածքով կարպետ նվիրեց։ Մնացածը ես եմ ձեռք բերել:

Ասացին, որ երկար ժամանակ չէիք ցանկանում գորգերը հանել Շուշիից, ո՞րն էր պատճառը:

Երբ ժողովրդի աչքի առջև նման բան ես անում՝ նրան հուսահատեցնում ես։ Բացի այդ, մինչև վերջ չէի ուզում հավատալ, որ Շուշիի անկումը իրականություն է։ Սակայն, երբ հոկտեմբերի վերջին, գորգերը տարհանելուց մի քանի օր առաջ, հրթիռ պայթեց թանգարանի մոտ և դռներն ու պատուհանները ջարդվեցին, հանեցինք։ Մոտ 300 գորգերից կազմված թանգարանի մշտական ցուցադրությունը 80 գորգ էր ներառում, դրանք հնարավոր եղավ փրկել։ Քանակական առումով 70%-ը հանել ենք, որակական առումով դրանք 90-95%-ն են կազմում։ 120 գորգ մնաց թանգարանի ֆոնդում։

Ինչպե՞ս եք պատկերացնում թանգարանի հետագա ճակատագիրը:

Գորգերի թանգարանը մեր մշակույթի մի կարևոր հատվածի պոկված մասն է: Թանգարանի հետագա ճակատագրով, իրոք, մտահոգված եմ, ուզում եմ հստակություն լինի: Ես պարտավոր եմ պահպանել այն. և՛ Արցախի մշակույթի նախարարին, և՛ Երևանում, առաջարկել եմ լուծում տալ հարցին: Ինձ առաջարկում են մաս-մաս վաճառել հավաքածուն, այդպիսի առաջարկներ միշտ եղել են։ Ասացի, որ պատրաստ եմ՝ իմ անուն էլ մեջտեղ չբերել, բայց թանգարանը պահպանվի։ Հիմա ճիշտը այն կլինի, որ դրանք Երևանում պահպանվեն ու ցուցադրվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter