
ԿԲ նախագահի տեղակալը պնդում է` դրամի արժեզրկումը կառավարելի է
Դրամի արժեզրկումը վարքագծային սպասումներով է պայմանավորված, այն սովորաբար կարճաժամկետ բնույթ է կրում. անկառավարելի վիճակ չկա:
Նման պնդում արեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը` ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` արձագանքելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչով է պայմանավորված դրամի 10%-ով արժեզրկումը:
«Ֆինանսական համակարգը բավականին կայուն է, իրացվելի և արտարժութային ռիսկերը հավասարակշռված են: Ֆինանսական համակարգը չունի այնպիսի վիճակ, որ իր պարտավորությունները ծածկած չլինեն արտարժութային իրացվելի ակտիվներով: Մենք ամբողջ տարվա ընթացքում և արտարժութային և դրամային իրացվելիություն ենք ներարկել տնտեսություն, որպեսզի հնարավոր լինի սպասարկել և՛ տնտեսությունը, և՛ ֆինանսական համակարգը»,- ասաց ԿԲ նախագահի տեղակալը:
Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց` ԿԲ-ն արտարժութային ինչ ծավալի ինտերվենցիա է իրականացրել:
«Տարվա սկզբից հիմնականում գնել ենք, կովիդից հետո մեկ շաբաթվա ընթացքում մեկ-երկու արտարժութային ներարկում ենք արել: Զուտ վաճառքը, եթե չեմ սխալվում 40 միլիոնի շրջանակում է եղել, բայց դրանք դրվագային են եղել, հետևողական կամ անընդհատ վաճառք կամ գնում չի եղել»,- արձագանքեց Ներսես Երիցյանը:
Պատգամավոր Կարեն Գրիգորյանը հետաքրքրվեց, թե նախատեսվում է արդյոք դրամի վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացում: ԿԲ նախագահի տեղակալը պատասխանեց` կա ժամանակցույց, ըստ որի ԿԲ-ն կանխատեսումներ է անում ու տոկոսադրույքների վերաբերյալ որոշում կայացնում:
Երիցյանը կոչ արեց քաղաքացիներին թե՛ ծախսերը, թե՛ խնայողությունները դրամով իրականացնել, ապա ընդգծեց` փոխարժեքի տատանման բոլոր ռիսկերը ներառված են տոկոսադրույքներում, ուստի քաղաքացիները պետք է սկսեն տոկոսադրույքների ռիսկերը գնահատել, այլ ոչ թե փոխանակման կետերի ցուցանիշներով առաջնորդվել:
Մեկնաբանել