Ոստիկանություն. քաղաքացու մեքենայում Արցախից բերված ապօրինի ինքնաձիգ է հայտնաբերվել
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի լույս 26-ի գիշերը Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք ունի։
Նա ընկերոջ հետ նույն օրը հայտնաբերվել է Գայի պողոտայում ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահեստատուփեր ու 100-ից ավելի փամփուշտ։
36-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը հոկտեմբեր ամսին բերել է Արցախից։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ, իսկ ընկերոջ մոտ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել