HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն աշխատանքային այցի շրջանակներում եղել է Իրաքյան Քուրդիստանում

Իրաքի Հանրապետությունում այցով գտնվող ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: 

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 24-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների պատմական ամուր կապերն ու փոխադարձ համակրանքը: Մասուդ Բարզանին բարձր գնահատեց Իրաքյան Քուրդիստանի հայ համայնքի ներդրումը ինքնավարության քաղաքական, հասարակական և մշակութային կյանքում: ԱԳ նախարարի տեղակալ Ապիտոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու բազմաոլորտ համագործակցությունը Իրաքյան Քուրդիստանի հետ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

Նույն օրը տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Իրաքյան Քուրդիստանի  նախագահը՝ շնորհավորելով էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության պաշտոնական բացման կապակցությամբ, վստահություն հայտնեց, որ ՀՀ դիվանագիտական առաքելությունը մեծապես կնպաստի քաղաքական երկխոսության մակարդակի բարձրացմանը: Երկուստեք ընդգծվեց նաև տնտեսական և առևտրային կապերի խորացման կարևորությունը՝ մասնավորապես զբոսաշրջության և էներգետիկայի, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի ոլորտներում:

Փետրվարի 25-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև համագործակցության արդեն իսկ ձևավորված դինամիկ օրակարգին՝ առանձնահատուկ ընդգծելով տնտեսական կապերի և ապրանքաշրջանառության առավել խթանման կարևորությունը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվեցին զբոսաշրջության, էներգետիկայի, կրթության ու գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Երկուստեք կարևորվեց Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթների շուտափույթ վերսկսումը, ինչը մեծապես կնպաստի երկու ժողովուրդների միջև միջմշակութային փոխանակմանը և գործարար կապերի ամրապնդմանը: Կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ գործարար համաժողովների անցկացման վերաբերյալ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը այցի շրջանակներում հանդիպել է նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբատ Թալաբանիի հետ: Ի թիվս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային մի շարք հարցերի՝ քննարկվել են նաև նորարար կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի փոխխոսնակ Հեմին Հաուրամիին: Հանդիպմանը ներկա են եղել ԻՔ խորհրդարանի ազգային և կրոնական փոքրամասնությունների և տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են միջխորհրդարանական կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի լայն շրջանակ՝ այդ թվում հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամական խմբի ձևաչափում։ Հանդիպմանը մասնակցել են նաև այցով Էրբիլում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter