
Արցախյան ձեռագրերի ցուցահանդես Մատենադարանում
Մաշտոցյան Մատենադարանի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվելու է «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդես։
Ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։ Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:
Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ։
Ցուցահանդեսի բացմանը զուգահեռ տեղի է ունենալու Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» գրքի շնորհանդեսը։
«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղը բացվել է 2015թ․:
«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոն հիմնելու նպատակով Արցախի թեմն անհատույց ու անժամկետ հատկացրել է Գանձասար վանական համալիրին կից դպրատան նախկին շենքը, որը վերանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով:
Կենտրոնում ցուցադրվում են 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, արխիվային արժեքավոր փաստաթղթեր ու հնատիպ գրքեր: Արցախը հայտնի է ոչ միայն տեղում ստեղծված ձեռագրերով, նաև պատմական Հայաստանի տարբեր նահանգներում գրչագրված շատ ձեռագրեր ժամանակին փրկագնվել և պահվել են այստեղ:
Բացառիկ հնարավորություն է ստեղծվել աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղել մեկ հարկի տակ՝ «Մատենադարան-Գանձասար»-ում: Մինչև մեր օրերը հասել են Գանձասարում գրված 13 ձեռագրեր, որոնցից 12-ը պահվում են Մատենադարանում, մեկը՝ Երուսաղեմում՝ Սրբոց Հակոբյանց վանքում:
Կենտրոնում ցուցադրվում է 12-ը: Հիմնական ցուցադրությունից զատ կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ։ Իրականացվում են գիտաժողովներ, այդ թվում՝ միջազգային։
2019թ․ իրականացվել է «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային հայագիտական գիտաժողովը, որին մասնակցել են Եվրոպայից, ԱՄՆ-ից հեղինակավոր հայագետներ, մեծ համբավ ունեցող գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Մեկնաբանել