Կառավարությունը պատրաստ է անել հնարավորը գիտության ֆինանսավորումը բարձրացնելու համար
Այս պահին ընթանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում մեկ հարց է՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումով քննարկումը։ Զեկույցով հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
Նախարարը նշեց, որ առաջին ընթերցումից հետո ԳԱԱ-ի անդամների, բուհերի ղեկավարների հետ ունեցել են քննարկումներ և կոնսենսուսի են եկել մի շարք առաջարկների հետ կապված։ Նախարարի խոսքով՝ խնդրահարույց է մնացել ռեկտորների ընտրության և հոգաբարձուների խորհուրդների ընտրության հարցը։ «Խորհրդի կազմը լինելու է 9 հոգանոց, և իմ կարծիքով՝ պետք է առաջնորդվել 9/0 տարբերակով, ընտրել հոգաբարձուներ, որոնք ոչ թե համալսարանի աշխատակիցը կամ ուսանողներ լինեն, այլ լինեն այլ ոլորտում աշխատողներ։ Սակայն հաշվի առնելով իրականությունը, փաստերը և հանգամանքները՝ առաջարկում ենք 5/4 տարբերակով, 9 տեղից 4-ը տրամադրվում է բուհին»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Օրենքի ընդունումից 3-ամսյա ժամկետում պետք է ձևավորվեն խորհուրդները, 1 ամսվա ընթացքում ներկայացվեն անդամության առաջարկները։ Եթե բուհի քվոտաները ժամանակին չներկայացվեն, ապա լիազոր մարմինը իրավունք է վերապահելու չլրացված տեղերն իր որոշմամբ լրացնել։ Խորհուրդը կընտրի ռեկտոր, որը կհրամանագրվի, ռեկտորի ընտրության սկզբունքը կլինի 100 տոկոս պատասխանատվության զգացումը։
Ռեկտորի՝ իր պարտականությունները չկատարելու դեպքում պատասխանատվությունն ընկնելու է պրոռեկտորների վրա։ Ռեկտորի ընտրությանը կարող են մասնակցել մինչև 65 տարեկան անձինք և պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը՝ հինգ տարի, իսկ 65-ից բարձր անձինք չեն կարող մասնակցել մրցույթին։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ չի կարող լինել բուհի աշխատակիցը կամ ուսանողը։
Պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խնդրեց անդրադառնալ նաև Գիտությունների ազգային ակադեմիային։ ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ակադեմիայի անդամները ցանկանում են ամեն ինչ թողնել նույնը, միայն ֆինանսավորումը շատացնել, սակայն նախագծի հեղինակները կարծում են, որ ներկայացված մոդելը տնօրեններին տալիս է անկախ կարգավիճակ։ Նախարարը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են միայն կառավարչական մասին և ֆինանսավորմանը։
Սոֆիա Հովսեփյանը խնդրեց մանրամասնել ֆինանսավորման չափի բարձրացման հարցը։ «Էստեղ երկու կարծիք չկա, պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը։ Հնչել է 4 տոկոս չափաբաժնի մասին, բայց Կառավարությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ որևէ օրենքում որևէ թիվ ոլորտի համար չպետք է ֆիքսել։ Ուզում եմ փարատել ձեր կասկածները, որ տպավորություն չստեղծվի՝ Կառավարությունը նպատակադրված է չկատարելու այդ ցանկությունը։ Ճիշտ հակառակը, եղել է քննարկում վարչապետի հետ, ձևակերպվել է հստակ առաջադրանք՝ ներկայացնել հստակ ճանապարհային քարտեզ և Կառավարությունը լիովին պատրաստ է անել հնարավորը գիտության ֆինանսավորումը բարձրացնելու նպատակով։ Պետք է այդ ամենը չլինի ինքնանպատակ, այլ լինի չափելի և առարկայական»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել