HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». թուրքական լոլիկն ընդդեմ հայկականի

Հայ լոլիկագործները չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը, քանի որ հայկական շուկայում ավելի էժան գնով թուրքական լոլիկ է հայտնվել:

Ձմռան ամիսներին մշակած լոլիկի բերքը Արարատի և Արմավիրի մարզի ֆերմերները այս օրերին սկսել են վաճառքի հանել, սակայն նկատում են, որ իրենց արտադրանքը մրցունակ չէ: Գյուղացիներն ասում են, որ Թուրքիայից Հայաստան ներկրված լոլիկի գինն ավելի էժան է, քան տեղական արտադրությանը: Արմավիրի մարզի Գայ գյուղի ֆերմերներից Արտաշես Բաբախանյանը «Հայացք»-ին տեղեկացրեց, որ եթե հայկական լոլիկի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում է 900 դրամով, ապա թուրքական անորակ լոլիկը 700 դրամով է իրացվում: Սակայն ազգաբնակչությունը որակը հաշվի չի առնում և ձգտում է հնարավորինս էժան ապրանք գնել:

«Մենք իրականում տեղեկություններ ունենք, որ ներկրվող լոլիկը չի մաքսազերծվում, հակառակ դեպքում այդքան էժան չէր լինի»,- ասաց Բաբախանյանը:

Ֆերմերների տեղեկացմամբ` ամեն տարի այս սեզոնին նման խնդրի առաջ են կանգնում. տեղական արտադրանքը թուրքական և պարսկական լոլիկի կողքին գնային առումով մրցունակ չի լինում, իսկ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում հարցը լուծելու համար: Արտաշես Բաբախանյանի տեղեկացմամբ` նախորդ տարի կառավարությունը փորձել է 10-15 օրով դադարեցնել թուրքական լոլիկի ներկրումները, արդյունքում գյուղացիներն օգտվել են: Իսկ ապրանքի գինը ֆերմերները մտադիր չեն իջեցնել, քանի որ նշում են, թե ձմռան ամիսներին ջերմոցային տնտեսությունները ջեռուցելու և լոլիկը մշակելու համար մեծ ծասխեր են արել:

«Եթե տեղական արտադրանքը չենք խթանում, եթե մեր ապրանքը չվաճառվի, մենք պիտի չաշխատենք ու գնանք արտերկիր` արտագնա աշխատանքի»,- ասում են ֆերմերները:

Ի դեպ, Արմավիրի և Արարատի մարզի ֆերմերները երեկ հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Կառավարությունից նրանք գնացին ՀՀԿ գրասենյակ, որտեղ նրանց տեղեկացրին, որ կփորձեն օրերս հարցին լուծում տալ: Իսկ ՀՀԿ-ին դիմելու քայլն այսպես բացատրեցին. «Մեր իշխող կուսակցությունն ա, թող հարցին լուծում տա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter