HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չարենցավանցի Ռեմբոն

Ջոկատում Արմենին Ռեմբո էին ասում։ Ընկերներն անունը կնքել են արտաքին տեսքի համար․ զինվորական համազգեստի փոխարեն մուգ կապույտ վերնաշապիկ էր, գլխին` բանդանա, իսկ մուգ ապակիներով ակնոցն անբաժան ընկերն էր։ Արմեն Բաղդասարյանի ձեռքերին ու ոտքերին ամրակապեր են՝ մեջը տարբեր չափերի դանակներ։

22-ամյա Արմեն Բաղդասարյանը չարենցավանցի է: Տան հյուրասենյակում նրան նվիրված անկյունն է. զինվորական համազգեստ, եռագույն, դանակներ, որոնց կողքին նրա լուսանկարներն են։ Դանակների սիրահար էր, հավաքածու ուներ, որի մի մասը խնամքով շարված է տան այդ անկյունում։

Արմենի ավագ եղբայրը՝ Գևորգը, դարակից վերցնում է դանակներից մեկը ու ինձ մեկնում։ «Արմենից մնացած միակ հուշն է, Արցախից ընկերներն են բերել։ Կռվի ժամանակ էլ պետք է եկել։ Թե ոնց է պողպատ գտել, բալգարկա գտել ու սարքել, չեմ հասկանում»,- ասում է Արմենի եղբայրը։

Զրույցին միանում է նաև մայրը՝ տիկին Սաթիկը։ Մոր ու որդու զրույցը, կարծես, լցնում է սենյակը:

Արմենը Գևորգից 10 տարով փոքր է։ Գևորգից բացի, Արմենը մի քույր ու մի եղբայր էլ ունի, բայց որպես տան փոքրի՝ ավագ եղբայրներն ու քույրը միշտ էլ ուշադրության կենտրոնում են պահել նրան։ Արմենը 11 տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։

Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է որպես մատուցող, անվտանգության աշխատակից, մեքենաներ վերանորոգող։ «Անընդհատ շարժման մեջ էր, չէր կարողանում հանգիստ նստել մի տեղում։ Գործ անել սիրում էր, իրեն տարբեր գործերում փորձում»,- ասում է Գեւորգը: Պատերազմից առաջ էլ Արմենը միջնեկ եղբոր՝ Սուրենի մոտ է գնացել՝ Ռուսաստանի Դաշնություն, միասին պիտի աշխատեին, սակայն այնտեղ չի դիմացել, նորից Հայաստան է եկել։

Արմենը պատերազմի լուրը լսելուց հետո նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, կամավորագրվել է, մեկնել Արցախ։ Փաստաթղթերում անճշտության պատճառով ջոկատով հետ են ուղարկվել։ Վերադառնալու հաջորդ օրը նորից զինկոմիսարիատ է գնացել։ «Մի ավտոբուսից հանում էի, մյուսն էր բարձրանում։ 2 օր ընդեղ էնքան բան էր տեսել, ես զարմանում եմ՝ ոնց էլի գնաց»,- ասում է Գևորգը։

Մի քանի օր Սարդարապատում մարտական նախապատրաստություն անցնելուց հետո տարել էին ռազմաճակատ՝ Մեխակավան։ Մայրը գնալուց հետո է իմացել, որ որդին Արցախում է։ «Ասացի՝ հետ արի, քույրդ երեխա է ունենալու, մեր կողքին կլինես, բայց ինչ արեցի՝ չլսեց։ Ինձ հույս էր տալիս, որ ամեն օր ձենը լսում էի»,- ասում է տիկին Սաթիկը։

Արմենը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին, Մարտունի 2-ի դիրքերում է եղել: Եղբոր՝ նորից Արցախ չգնալու հորդորներին պատասխանել է՝ տղերքն էնտեղ են կռվել, ոնց չգնամ։ «Ապրիլյանից հետո ինքն իր տեղը չէր գտնում, անընդհատ կռվում էր իմ հետ, եղբայրների հետ, ամբողջ մարմնով երբեմն դողում էր, անհանգիստ էր, երևի դրա համար գնաց, իր կռիվն արեց»,- ասում է Արմենի մայրը։

-Տեսեք,- ցույց տալով շրջանակի մեջ դրված նկարը՝ եղբայրն ասում է,- էսքան տղաների մեջից ինքն առանձնանում է, միանգամից երևում է իր հագուստով, ոճով։

Շրջանակներից մեկը Գևորգը պարզում է մեզ, լուսանկարում Արմենն ու մարտական ընկերներից մեկն է՝ Գեղամը։ Նկարում երկուսով են, հիմա երկուսն էլ չկան։

Արմենը հաճախ է նստել փակ պատշգամբում, ֆիլմեր նայել կամ կոնյակ խմել։ Որդու զոհվելուց հետո մայրը նրա իրերը չի տեղաշարժել՝ կոնյակի բաժակներն ու կոնյակն իրենց տեղում են։

Հոկտեմբերի 6-ին Մեխակավանի մերձակայքում թշնամին հարձակվել է նրանց դիրքի ուղղությամբ: Արմենն ընկերների հետ դեմառդեմ մարտի է բռնվել, որոշ ժամանակ հետո իրավիճակը հանդարտվել է: Բայց հայտնվել է ԱԹՍ-ը եւ խոցել դիրքը: Արմենը վիրավորվել է: Հոկտեմբերի 6-8-ը նա տուն չի զանգահարել, ընկերները հոկտեմբերի 8-ին Գևորգին այցելել են՝ տեղեկացրել, որ եղբայրը ծանր վիրավոր է, նրան Կապանի հիվանդանոցից տեղափոխել են Երևան։ Անգիտակից է եղել: Եղբոր հիվանդասենյակ միայն Գևորգն է մտել։ Արմենը գլխուղեղի վնասվածք էր ստացել, կորցրել էր տեսողությունը։

«Հեռախոսով զանգում էի մամային, հեռախոսը դնում Արմենի ականջին, մտածում էի՝ ձայնը լսեր, կարող է պայքարեր իր կյանքի համար։ Մի անգամ գլուխը թեքեց, ասացի լսում ես՝ ձեռս սեղմեց, բայց․․․․»,- ասում է Գևորգը։ Արմենը մահացել է հիվանդանոցում հոկտեմբերի 21-ին։

Արմեն Բաղդասարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության մեդալով»։

Հ․Գ․ Արմենի քույրը շուտով լույս աշխարհ կբերի իր զույգ տղաներին, որոշել են՝ մեկի անունն Արմեն դնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter