HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի թիվ 1 դպրոցում չեն ընդունում դատարանով վերականգնված տնօրենին

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում անհանգիստ են, ինչ լսել են նախկին տնօրեն Աստղիկ Մխիթարյանի՝ դատարանով աշխատանքի վերականգնվելու մասին: Ուսուցչական անձնակազմի գերակշիռ մասը դեմ է, որ նա վերականգնվի աշխատանքին:

«Հետքն» անդրադարձել է 2021թ. փետրվարի 12-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը, որով բավարարվել է Մխիթարյանի հայցադիմումն ընդդեմ մարզպետ Համբարձում Մաթևոսյանի: Դատարանն անվավեր է ճանաչել մարզպետի որոշումը՝ Ա. Մխիթարյանին տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Դատարանը վճռել է Աստղիկ Մխիթարյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ տնօրենի պաշտոնին, ինչպես նաև Արմավիրի մարզպետարանից հօգուտ Աստղիկ Մխիթարյանի բռնագանձել վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը միջին աշխատավարձի չափով հաշվարկվող հարկադիր պարապուրդի գումարը: Վճիռը դեռևս րինական ուժի մեջ չի մտել:

Աստղիկ Մխիթարյանի և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի միջև աշխատանքային պայմանագիրը կնքվել էր 24.07.2019թ., իսկ աշխատանքից ազատվել՝ 13.10.2020թ.:

Մանկավարժները հիմնականում դժգոհում էին Ա. Մխիթարյանի վատ վերաբերմունքից և անհանդուրժող լինելուց: Բացի այդ, նշում էին, որ Մխիթարյանը դպրոցում հիմնականում զբաղվել է իր հարմարավետության ստեղծմամբ: Ուսուցչուհիներից Թագուհի Հարությունյանը նշում էր, որ մանկավարժները նստում էին աշակերտական հին, մաշված աթոռների վրա և իրենց հագուստները փչացնում, նույն ժամանակ տնօրենն իր աշխատասենյակն էր վերանորոգում, թանկարժեք աթոռներ գնում իր համար:

Մանակավարժները ներկայացրին մի փաստաթուղթ, որը կրում էր «ուսուցչական սանհանգույցը խնամքի պարագաներով ապահովելու ժամանակացույց»: Մանկավարժների խոսքերով՝ այդ ժամանակացույցին համապատասխան իրենք պետք է պարագաներ գնեին, որի համար նաև գնահատվում էին տնօրենի կողմից: Վատ ապահովելու դեպքում «2» էին գնահատվելու:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարդուհի Միրզախանյանը դպրոցում աշխատում է արդեն 16 տարի: Թեև ինքն անձամբ չի լսել, սակայն գործընկերներն ասել են, որ Աստղիկ Մխիթարյանը դպրոցի զարգացման լավ ծրագիր է ներկայացրել, ինչին էլ հավատացել են: Սակայն, բոլորովին այլ իրավիճակ է եղել, երբ Մխիթարյանը ստանձնել է տնօրենի պաշտոնը:

«Մենք նրան տեսանք սարսափելի պահպանողական բնավորությամբ, եսակենտրոն էր:  Մի բան, որ որոշում էր, ուրեմն իր ասածը պետք է լիներ, դիմացինի կարծիքը հաշվի չէր առնում: Եթե մենք կարծիք էինք հայտնում, ըմբոստանում էր, ինքն իր համար խնդիրներ էր ստեղծում ու այդ խնդիրների դեմ սկսում էր հաջողությամբ պայքարել»,-ասում է Վ. Միրզախանյանը՝ հավելելով, որ նախկին տնօրենը կոնֆլիկտ է ունեցել գրեթե բոլոր մանկավարժների հետ:

Վ. Միրզախանյանի ասելով՝ ինքը չի կարող Աստղիկ Մխիթարյանի հետ աշխատել, կամ դիմում կգրի դուրս կգա աշխատանքից կամ կստիպեն, որ նա դպրոց չմտնի:

Սոնա Գևորգյանը մեկ դրույթով սոցիալական մանկավարժ է աշխատել: Սակայն, նրա հաստիքը Ա. Մխիթարյանը կրճատվել է: Փոխարենը վերջինս խոստացել է 0.5 դրույքով ուսուցչի օգնականի հաստիքում պահել:

«Զարմացա, թե ինչու կես դրույքով պիտի աշխատեմ ու կատարեմ մեկ դրույքի աշխատանք, ինձ ասում էր՝ դու ապահոված ընտանիքից ես, ինչի՞դ է պետք գումար»,-ասում է Ս. Գևորգյանը:

Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում սովորում են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներ: Այդ նպատակով գրվում է սովորողների անհատական ուսուցուման պլան (ԱՈւՊ), ինչը գաղտնի փաստաթուղթ է համարվում: Սոնա Գևորգյանի խոսքերով՝ երբ ցանկացել է դպրոցի համակարգչից տպել այդ պլանները, տնօրենն ասել է, թե դա իր անձնական փաստաթղթերն են, հետևաբար դպրոցից դուրս պետք է տպվեն, ինչն էլ ստիպված Գևորգյանը կատարել է:

«Գնացել ժամերով նստել եմ համակարգչային ծառայություններ մատուցողի մոտ, որ տպեմ: Տեսան, թե ինչ փաստաթղթեր եմ տպում, ասացին՝ էս ինչքան հիվանդոտ երեխեք կան ձեր դպրոցում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակով ենք աշխատել, այդ մասին ոչ ոք չպետք է իմանար»,-հավելեց մանկավարժի օգնականը:

Մխիթարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում դպրոցից հանվել է նաև «Ազգային երգ ու պար» առարկան: Դպրոցի փոխտնօրեն Գոհար Գյուլբեկյանն ասաց, որ տնօրենն իրեն նախարարի տեղ էր դրել և առարկաներ էր հանում ուսումնական պլանից: 

Առարկայի ուսուցչուհի Քնարիկ Կարապետյանը հաստատեց, որ իրեն էլեկտրոնային  փոստով են ծանուցել, որ աշխատանքից ազատվել է: Իսկ Մխիթարյանը պատճառաբանել է, որ այդպես ճիշտ է համարում: Ք. Կարապետյանն ասում է, որ իրեն նույնիսկ Պարի ակադեմիայում են վարկաբեկել, որտեղ վերապատրաստվում է: Որոշ ժամանակ անց, բարձրացված աղմուկից հետո, Աստղիկ Մխիթարյանը Քնարիկ Կարապետյանին նորից ընդունել է աշխատանքի:

«Մենք այստեղ խոսում ենք ոչ միայն իր անձնային որակների, այլև ամբողջ ուսումնադաստիարակչական աշխատանքները տապալելու մասին: Հոկտեմբերի 15-ին դեռ վերջնական դասացուցակ չունեինք, որովհետև ամեն օր Մխիթարյանն ինձ կանչում ու ասում էր՝ այս ժամը սրանից վերցրու տուր նրան: Դասացուցակը գրել եմ, նորից է կանչել, թե չէ՝  այդ առարկան տուր սրան, այս դասարանը կիսի, հաջորդ օրը նորից միացրել է և այլն»,-ասում է տիկին Գյուլբեկյանը՝ հավելելով, որ դպրոցում ստեղծված լարված մթնոլորտից ելնելով մի քանի ծնող նույնիսկ իրենց երեխաներին տեղափոխել են այլ դպրոցներ:

Պատմության ուսուցչուհի Ժաննա Դալյանն էլ պատմեց, որ նախկին տնօրենն անընդհատ վիրավորել է մանկավարժներին: Վերջիններին ասել է՝ «տխմար», «դուք ծնվել եք միայն սխալներ անելու համար», «վերադաստիարակման կարիք ունեք» և այլն:

Դպրոցի հոգեբան Գայանե Խաչատրյանը ևս դժգոհ էր Աստղիկ Մխիթարյանի վերաբերմունքից: 

«Մխիթարյանն ուներ բարձր ինքնագնահատական և շփման խնդիր: Մարդկանց հետ չկարողացավ լեզու գտնել: Եթե աշխատողների հետ լեզու գտներ, հավասարը հավասարի հետ աշխատեր, ոչ մի հարց չէր առաջանա: Մի տեսակ տնօրենի պաշտոնը շատ լուրջ ընդունեց ու իրեն բոլորից վեր դասեց»,-հավելեց դպրոցի հոգեբանը:

Ինֆորմատիկայի ուսուցչուհի Թագուհի Հարությունյանն էլ հավելեց, որ Աստղիկ Մխիթարյանին գրկաբաց են ընդունել տնօրենի պաշտոնում: Սակայն, պաշտոնավարման ժամանակահատվածում միշտ լարված մթնոլորտում են նրա հետ աշխատել: Այդ լարվածությունը տեղափոխվել է նաև իրենց ընտանիքներ:

Երբ երկու տասնյակից ավելի մանկավարժներ ներկայացնում էին նախկին տնօրենից իրեն դժգոհությունն ու վրդովմունքը, այդ ընթացքում միայն մեկ ուսուցիչ խոսեց Աստղիկ Մխիթարյանի օգտին:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Ոսկեհատ Բաղրամյանն ասաց, որ տնօրենի աշխատասենյակի վերանորոգումն անհրաժեշտություն է համարում, քանի որ այնտեղ ընդունում է տարբեր մարդկանց: Ինչ վերաբերում է ընդհանուր դպրոցի վերանորոգմանը, ապա ըստ տիկին Բաղրամյանի՝ Ա. Մխիթարյանը փոխել է դպրոցի բոլոր վարդակները և կարճ ժամանակահատվածում չէր կարող վերանորոգման հարցերով զբաղվել:

Հարցին, թե ինչպես է մանկավարժական կոլեկտիվն աշխատելու Աստղիկ Մխիթարյանի հետ, եթե վերականգնվի իր պաշտունում, Ոսկեհատ Բաղրամյանն ասաց. «Իմ համար մեծամասնությունը դեռ ճիշտ չի: Մեծամասնությունը շատ է, բայց ճիշտ չի»: Նա ամբողջ ընթացքում պաշտպանում էր Մխիթարյանին՝ ասելով, որ մանկավարժական կոլեկտիվը ճիշտ չի խոսում:

Աստղիկ Մխիթարյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ կոլեկտիվի անդամներն ասում են այն, ինչ ցանկանում են, և ինչը «բխում է իրենց շահերից»: Նախկին տնօրենն ասաց, որ մանկավարժների հետ հանդիպման օրն այնտեղ չեն եղել իր համակիրները:

«Այնպես չէ, որ ողջ կոլեկտիվն ինձ դեմ է: Դեռ պետք է ապացուցվի, որ իրենց ասածները ճիշտ են: Պետք է ապացուցեն, որ ես տխմար եմ ասել և այլն: Ամեն դեպքում, դատարանը ողջախոհություն է դրսևորել և  կայացրել է ճիշտ որոշում»,-ասում է Աստղիկ Մխիթարյանը:

Անդրադառնալով իր աշխատասենյակի վերանորոգմանը՝ Մխիթարյանը նշեց, թե այդ քայլին գնացել է ջրի արտահոսքի պատճառով, քանի որ պատերի ծեփը թափվել էր, գարշահոտություն էր տարածվել, և ստիպված է եղել վերանորոգել: Նշեց, թե դրան զուգահեռ վերանորոգել է նաև ուսուցչական սանհանգույցը, ամբողջությամբ վերանորոգել է աշակերտական երկու սանհանգույցը, որը նախկինում չի գործել:

«Այդ դպրոցում 20 տարի և ավելի, նախորդ տնօրենի ժամանակ, անգամ մեկ մեխ, դպրոցի բյուջեի հաշվին չի խփվել պատին: Ես մտել եմ դպրոց, հայտնաբերել եմ ավերակ վիճակ: Բացի ուսուցիչների սանհանգույցից, չկար հոսող ջուր, խրոցին համապատասխան վարդակ, կոտրված էին ապակիները՝ նույնիսկ եվրոպատուհաններինը: Կա 8-10 մասնաշենք, գործում էր 3 սանհանգույց: Դպրոցում թևածում էր կոյուղու զարհուրելի հոտը»,-ասում է Ա. Մխիթարյանը:

Նախկին տնօրենի խոսքերով՝ միայն 50 լիտր ժավել են օգտագործել սանհանգույցները կարգի բերելու համար:

Աստղիկ Մխիթարյանը չի հերքում, որ դիմել է ուսուցիչներին հիգիենիկ պարագաներով սանհանգույցն ապահովելու նպատակով: Սակայն նշում է, որ այդ ընթացքում էլ խնամքի միջոցները դպրոցն է հոգացել և մանկավարժները ոչ մի խնամքի պարագա չեն բերել:

«Գնահատման պահը եղել է զուտ իրենց խրախուսելու համար: Դա եղել է 2020թ. սեպտեմբեր ամսից մինչև հոկտեմբերի կեսը»,-հավելում է Ա. Մխիթարյանը:

Նախկին տնօրենը նշեց նաև, որ փոխել է դպրոցի կաթսայատան կաթսան, ջրի պոմպը, վերանորոգել է տնօրենի աշխատասենյակ տանող նախասրահը, միջանցքը: Վճարարել է նախկին տնօրենի ժամանակվանից կուտակված ջրի վարձը՝ 800 հազար դրամ:

Աստղիկ Մխիթարյանն ասում է, որ ինքը ևս այդ դպրոցի շրջանավարտ է, և աշխատանքի վերականգնվելու է դպրոցը շենացնելու և իր կիսատ թողածն ավարտին հասցնելու նպատակով:

«Եթե մանկավարժներն ունենան բավարար իրավագիտակցություն և պետականամետ  մտածողություն, նրանք պետք է հասկանան, որ դատական վճռի դեմ դուրս գալն ուղղակի անիմաստ է, չի կարելի: Այն ինչ ձեզ են ներկայացրել, այդ սուտ մատնությունները, զրպարտությունները ներկայացրել էին նաև դատարան: Դատարանը թող հիմք ընդուներ և հաստատեր, որ ճիշտ էր ինձ աշխատանքից ազատումը»,-ասում է Աստղիկ Մխիթարյանը՝ հավելելով, որ ինքն էլ կարող է ասել, որ ուսուցիչները ցածր մակարդակ ունեն:

Նախկին տնօրենը նշում է, որ դպրոց է վերադառնում ներողամտությամբ և կոլեկտիվի դեմ չարություն չունի: Ա. Մխիթարյանն ասաց, որ ուսուցիչներն ուղղորդված են, թե ում կողմից՝ չմանրամասնեց: Նախկին տնօրենի ասելով՝ պարտադիր չէ, որ տնօրենը բոլորի ճաշակով լինի:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter