
Վարչապետը դադարեցրել է համայնքների ղեկավարների պաշտոնավարումը, բայց երկարաձգում է ավագանու գործունեության ժամկետը
Փետրվարի 26-ից դադարեցվել են Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքների ղեկավարների լիազորությունները: Նշված երեքը հանրապետությունում առաջին խոշորացված համայնքներն են եղել, որտեղ 2016թ. փետրվարի 14-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն տեղի ունեցավ: Փետրվարի 14-ին այդ համայնքներում լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների՝ համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների ժամկետը, սակայն նոր ընտրություններ չնշանակվեցին, քանի որ մեր երկրում 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը պահպանվում է:
«Ռազմական դրության մասին» օրենքի հոդված 8-ը սահմանում է. «Ռազմական դրության ժամանակ արգելվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները»:
Բացի այդ, 2020թ. հունիսի 18-ին, կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում՝ Օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացրել է հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»:
Ըստ այդմ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 26-ի որոշումով Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը:
Վարչապետի մեկ այլ որոշումով՝ Թումանյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել համայնքի ավագանու նախկին անդամ Տիգրան Մխիթարյանը:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի փետրվարի 22-ի որոշումով՝ Տաթև համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել այդ համայնքի ղեկավարի տեղակալ Մուշեղ Հովսեփյանը:
Միաժամանակ, կառավարությունն այս օրերին ավագանիների լիազորությունը մինչև նորընտիր ավագանու ձևավորումը երկարաձգելու օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ դրել։ Դիլիջան, Թումանյան և Տաթև համայնքների ղեկավարները, նաև նրանց միացած այլ համայնքների ղեկավարներ Կառավարության այս մոտեցումը խտրական վերաբերմունքի դրսևորում են համարում: Փետրվարի 14-ին նրանք դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1. մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրության 2-րդ, 9-րդ, 179-րդ և 181-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
ՍԴ-ն դեռևս դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում չի կայացրել: Համայնքների ղեկավարների դիրքորոշումն այն է, որ եթե ավագանու գործունեության ժամկետը երկարաձգում են մինչև նոր ընտրություններ, ինչո՞ւ համայնքի ղեկավարի պաշտոնավարումը չի կարող երկարաձգվել մինչև ընտրություններով նոր համայնքապետի ընտրվելը:
Հայաստանի համայնքների միությունը փետրվարի 18-ին հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մինչ այս պահը Հայաստանում մենք արդեն իսկ ունենք մի շարք համայնքներ, որոնց ավագանու և համայնքի ղեկավարների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ դրության, ապա և ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։ Մի շարք համայնքներում ՀՀ վարչապետի կամ մարզպետների կողմից նշանակվել են համայնքի ղեկավարի պաշտոնակատարներ։ Դրանց շարքում կան համայնքներ, որտեղ չկա ընտրված ավագանի, իսկ համայնքի ղեկավարը նշանակված է կենտրոնական իշխանությունների կողմից։
Առաջիկայում և հետագա ամիսներին նմանատիպ համայնքների թիվը կավելանա, ինչի արդյունքում փաստացի սահմանափակվում է նման համայնքների բնակիչների ինքնակառավարման սահմանադրական իրավունքը, խախտվում են Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիմնարար սկզբունքները»։
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կառավարությանն ու ԱԺ խմբակցություններին կոչ է անում հրատապ օրենսդրական փոփոխություններով
- վերացնել ՀՀ վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հակասահմանադրական նորմերը, համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման իրավասությունը ամրագրելով համայնքի ավագանուն։
- Սահմանել, որ արտակարգ դրության կամ ռազմական դրության, ինչպես նաև ցանկացած այն դեպքում, երբ անհնարին է անցկացնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, կամ այդ մարմինների լիազորություննրն ավարտվում են ընտրությունների օրից ավելի վաղ, ապա այդ մարմինները պաշտոնավարում են մինչև նորընտիր ավագանու և/կամ համայնքի ղեկավարի պաշտոնավարման սկիզբը՝ ապահովելով տեղական ինքնակառավարման անընդհատությունը։
Նշենք, որ Թումանյան համայնքում տեղական ինքնակառավարման ճգնաժամն առաջացել էր դեռևս անցյալ տարվա հունիս ամսից: 2016թ. փետրվարի 14-ին Թումանյան համայնքում կայացած տեղական ինքնակառվարման մարմինների ընտրության արդյունքներով ձևավորվել էր ավագանի՝ 9 անդամով: 2019 թ. հունիսի 11-ին ավագանու որոշումով դադարեցվել էր Թումանյան համայնքի ավագանու անդամ Տիգրան Մխիթարյանի լիազորությունները, որին վարչապետը երեկ համայնքի ղեկավարի ժ/պ է նշանակել: 2020 թ. հունիսի 12-ին դադարեցվել էին նաև ավագանու անդամներ Սեյրան Այդինյանի, Հրանտ Սարգսյանի և Սասուն Վանյանի լիազորությունները: Մինչ այդ, հրաժարական էին ներկայացրել ավագանու ևս երկու անդամներ:
Ավագանու 9 անդամներից 6-ի լիազորությունները դադարեցվելուց հետո փաստացի անհնար է դարձել Թումանյան համայնքի ավագանու գործունեությունը: 2020 թ. հունիսի 12-ի համայնքի ղեկավար Լևոն Զավարյանը, ավագանու մնացած անդամների հետ կազմել են թիվ 11 արձանագրությունը, որը «ներկայացվելու էր Լոռու մարզպետին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու համար»:
2020 թ.-ի հունիսի 12-ից, այսինքն՝ արդեն 8 ամիս, Թումանյան համայնքում այլևս ավագանու նիստեր տեղի չեն ունեցել: Համայնքի երկարամյա ղեկավար Լևոն Զավարյանը հետագա կառավարումը շարունակել է իրականացնել հանձնաժողովներ ձևավորելով: ՏԻՄ օրենքի 23 հոդվածի 5-րդ կետի 1-ին մասի համաձայն՝ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են նաև, եթե`
- ավագանու անդամների կողմից ավագանու նիստի իրավազորությունը չապահովվելու պատճառով վեց ամիս անընդմեջ ավագանու նիստ չի կայանում:
Հետաքրքիր է, երբ Ն. Փաշինյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել մեկին, որն ընտրված լինելով հինգ տարի ժամկետով, երկու տարի հետո դադարեցրել է իր գործունեությունը ավագանու կազմում, հիմա ինչպե՞ս է ղեկավարելու այդ համայնքը, որը չունի ավագանի: Հայտնի չէ, թե երբ է հանվելու ռազմական դրությունը և երբ են ընտրություններ տեղի ունենալու:
Դիլիջան համայնքի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Դավիթ Սարգսյանը նույնպես ավագանու անդամ է ընտրվել 2016թ. փետրվարի 14-ի ընտրություններով: Անցնող 5 տարիների ընթացքում նա ավագանու նիստերից ամենից շատ բացակայողների թվում է, չի մասնակցել 39 նիստի:
Մեկնաբանել