ԱԽ-ն խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը
Անվտանգության խորհրդի գրասենյակը հայտարարություն է տարածել վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդության և նախագահի հրամանագիրը չստորագրելու մասին:
«Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը:
Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը:
Օրենքի համաձայն՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է Կառավարության ղեկավարի հայեցողությունը։
Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը՝ որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»,- ասված է հայտարարության մեջ:
Ուղղում. տեքստում կատարվել է շտկում՝ ԱԽ տարածած հաղորդագրության առաջին տարբերակում օգտագործված էր «Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը» արտահայտությունը, իսկ քսան րոպե անց ուղարկված երկրորդ տարբերակում՝ «կոչ է անում»-ի փոխարեն՝ «առաջարկում է բավարարել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել