HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լույս է տեսել «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը, որը հրատարակվել է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աշխատության մեջ առաջին անգամ ներկայացվում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանում պահվող ժողովրդական հոգևոր երգերի և եկեղեցական տարբեր արարողություններում հնչող կանոնական երգերի ժողովրդականացված տարբերակների գիտարշավային ձայնագրությունների (1927-1999 թթ․) երաժշտագիտական քննությունը։

Ժողովածուն ներառում է 20-րդ դարում ջավախահայերի կենցաղում լայնորեն տարածված հոգևոր տաղերի, շարականների, Սբ․ Պատարագի երգային հատվածների, ժամագրոց երգերի, Սբ․ Ծննդյան և Հարության ավետիսների, երգվող աղոթքների և աշուղական հոգևոր երգերի նոտային ու բանաստեղծական տեքստերի վերծանությունները՝ զուգահեռաբար համադրելով ու վերլուծելով ժողովրդական և կանոնական հոգևոր երգերի տարբերակները։

Էլեկտրոնային գրքի խմբագիրն է պատմական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Մշակութաբանության ամբիոնի դոցենտ Հռիփսիմե Պիկիչյանը, գրքի գրախոսը` արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

Գիրքը հասցեագրված է Ջավախքի մշակութային ժառանգությամբ հետաքրքրված անձանց, երաժշտագետներին և բանագետներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter