HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավետում

Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

«Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից: Եվ այդ կույսի անունը Մարիամ էր: Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար: Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես: Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի: ... Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»: (Ղուկ. Ա 26:33): Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը...» (Ղուկ. Ա:38):

Մարիամի մայրանալով մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի բացահայտվեց, և այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: Աննկարագրելի և անբացատրելի է այն իրողությունը, երբ կինը շուրջ ինն ամիս իր սրտի տակ կրում է իր նմանին: Երբ մեկ մարմնի մեջ բաբախում են երկու կամ երբեմն ավելի սրտեր: Ինչպես Աստվածածինն ավելի մոտ դարձավ Աստծուն, նույնպես և բոլոր կանայք իրենց հղիությամբ մոտենում են Արարչին` նմանվելով Նրան` իբրև նոր կյանք պարգևող էակներ:

Մեզ համար «մայր» հասկացությունը մշտապես նվիրական է եղել: Հայրենիքը կոչում ենք Մայր հայրենիք, մեր Եկեղեցին կոչում ենք Մայր եկեղեցի, լեզուն` մայրենի, և կարևորագույն քաղաքը կոչում ենք քաղաքամայր:

Զավակը, երբ լույս աշխարհ է գալիս, առաջինը գգվում է իր մոր կրծքին: Առաջին անգամ հագենում է իր մոր կաթով և մշտապես ապահով է զգում մոր գրկին: Նույնպես և մենք: Մեր Մայր եկեղեցուց ստանում ենք մեր հոգևոր ծնունդը: Սնունդ ենք առնում և ապահով ենք զգում մեր Մայր հայրենիքում: Մեր Մայր լեզուն է, որ զորացնում է մեր միտքն ու բանականությունը:

Ապրիլի 7-ին  եկեղեցիներում ամբողջ օրվա ընթացքում կկատարվի հղի կանանց և մայրերի օրհնության կարգ: 

Սուրբ Հարություն. Զատիկ

Այս տարի ապրիլի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:

Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, եւ թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա Մարմինն իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, փակելով մի մեծ քարով: Երրորդ օրը` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր՝ Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի Մարմինը, սակայն  զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ եւ ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. ԻԴ 4-9): Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուս երևում է նրանց:

Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս Հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. ԺԵ 13-14):

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Ս. Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի Արյամբ: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Ս. Հարության տոնին նախընթաց երեկոյան` այս տարի ապրիլի 7-ի երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ընթացքում պահք պահողները Ս. Հաղորդություն ստանալով, դուրս են գալիս պահքից, և սկսվում են  զատկական տոնակատարությունները: Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով. պատասխանն է՝ «Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի»

Ապրիլի 7-ին`  ժ. 18:00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որից հետո մարդիկ դուրս կգան պահքից և կսկսեն տոնել Ս. Հարության տոնը:

Ապրիլի 8-ին` ժ. 11:00-ին, Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը տոնական Ս. Պատարագ կմատուցի:

Ապրիլի 9-ին` հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց:  Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի հոգեհանգստյան կարգ: Առավոտյան` Ս. Պատարագից և հոգեհանգստյան կարգից հետո, մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter