HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ն. Փաշինյան. «Մարտի 1-ի գործով մեղադրվողների պաշտպանական թիմը գործադրում է բոլոր միջոցները, որ դատավարությունը ձգձգվի»

«2008 թվականի մարտի 1-ի գործով մեղադրվող անձանց պաշտպանական թիմի կողմից գործադրվում են բոլոր հնարավոր և անհնար միջոցները, որ դատավարությունը անընդհատ ձգձգվի, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, հրապարակային չդառնան բազմաթիվ նրբություններ և ճշմարտություններ: Ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետև ոմանք հույս ունեն, ինչպես նախկինում, հիմա էլ բռնազավթել ժողովրդին պատկանող իշխանությունը»,- այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այսօր՝ մարտի 1-ին, իր հրավիրած հանրահավաքի ժամանակ: 

Ըստ նրա՝ մարտի 1-ի գործի բացահայտված ճշմարտության առանցքային դրույթն այն է, որ 2008 թվականի իշխանությունները բանակը հանել են սեփական ժողովրդի դեմ, այն օգտագործել են սեփական ժողովրդի կամարտահայտումը թույլ չտալու համար:

«Շատ կարևոր է արձանագրել, որ մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ: Մարտի 1-ի գործն, ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է: Սպանությունների հեղինակները կոնկրետ անուն ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ՝ ՀՀ քաղաքացուն, որ նրա մտքով անգամ չանցնի իշխանություն ունենալ: Սպանություն կատարողները մինչ օրս բացահայտված չեն նաև այն պատճառով, որ հենց մարտի 1-ի իրադարձություններից անմիջապես հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված փամփուշտներով»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն ժամանակ գործող իշխանությունը հոգ է տարել, որպեսզի պոտենցիալ ապացույցներն անհետանան:

«Բացարձակապես այդ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և նրա կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ին ևս մեկ հանրահավաք էր կազմակերպել այն բանից հետո, երբ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը պահանջել էր նրա և կառավարության հրաժարականը։ Վարչապետն այդ պահանջը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter