HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Ֆրանսիայի դատարանը երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և դատավորին կաշառելու փորձի մեջ։ Այդ մասին գրում է BBC-ն։ Նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական։

Դատարանի վճռում նշվում է, որ Սարկոզին, բանտ գնալու փոխարեն, ազատազրկման մեկ տարին կարող է անցկացնել տանը և կրել էլեկտրոնային թևնոց։ Այդպիսի պատիժ է սահմանվել նաև նախկին նախագահի փաստաբան Տիերի Էրցոգի համար։  

66-ամյա Սարկոզին չի ընդունում մեղադրանքը, նա համարում է, որ սա հետապնդում է իր քաղաքական ընդդիմախոսների կողմից։ Որոշումը հրապարակելուց հետո դատավորը հայտարարել է, որ նախկին նախագահ Սարկոզին «իմացել է, որ սխալ քայլ է անում»։ 

Ֆրանսիայի նախագահներն առաջին անգամ չէ, որ պաշտոնավարումից հետո հայտնվում են դատարանում, սակայն որեւէ մեկը չէր հայտնվել բանտում։ Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ժակ Շիրակը մեղավոր էր ճանաչվել նրանում, որ Փարիզի քաղաքապետ լինելու տարիներին իր մտերիմների համար ստեղծել էր կեղծ պաշտոններ։ Շիրակը, հիվանդության պատճառով, չէր մասնակցում դատական նիստերին և հեռավար կարգով դատապարտվել էր երկու տարվա պայմանական ազատազրկման։

Սարկոզիի գործի շրջանակներում քննիչները սկզբում ուսումնասիրել են Սարկոզիի 2007 և 2012 թվականների նախընտրական քարոզարշավների ֆինանսավորումը։ Նրանք կասկածում էին, որ նախընտրական քարոզարշավների ժամանակ Նիկոլա Սարկոզին օրենքով սահմանվածից ավելի շատ գումար է ծախսել, ինչպես նաև անօրինական նվիրատվություններ ստացել L’Oreal-ի սեփականատեր, միլիարդատեր Լիլիան Բետանկուրից և նույնիսկ Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիից։ 

Մուամար Քադաֆիից կանխիկ մեկ միլիոն եվրոյի վերաբերյալ մեղադրանքը վերջերս դատարանից հետ էր կանչել գործով դատախազը, իսկ Բետանկուրից տասնյակ հազարավոր եվրոների ստացման վերաբերյալ մեղադրանքը չի ապացուցվել։ Դրանից զատ, Սարկոզին մեղադրվում էր նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ։ Քննիչների կարծիքով, լինելով նախագահ, նա փորձել է ազդել Բետանկուրի նվիրատվությունների գործի հետաքննության ընթացքի վրա և դատավոր Ժիլբեր Ազիբերին առաջարկել պաշտոնի բարձրացում ու «տաք տեղ» Մոնակոյում՝ հետաքննության ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրելու դիմաց:

Մեղադրանքը հիմնված էր Սարկոզիի և նրա փաստաբան Տիերի Էրցոգի հեռախոսազրույցի ձայնագրության վրա, որը, նախկին նախագահի հետ միասին, հայտնվել էր մեղադրյալի կարգավիճակում։

Առաջիկայում Սարկոզիին մեկ այլ դատական գործընթաց է սպասվում։ Մարտից նախատեսված է դատական նոր գործընթաց, որտեղ Սարկոզին և նրա 13 կուսակիցները պետք է պատասխանեն 2012 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական ֆինանսավորման վերաբերյալ հարցերին։ Սարկոզիին կասկածում են խարդախության մեջ, որի արդյունքում նրան հաջողվել է գրեթե կրկնակի գերազանցել պարտված ընտրարշավի ծախսերի՝ օրենքով սահմանված սահմանաչափը:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter