HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրավիճակի անատոմիան

Վարդան Օսկանյան

Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլև՝ կառավարության ընտրություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ պատգամավորների մեծամասնությունը ձևավորվում է կառավարությունը: Հետևապես այս կամ այն կուսակցությանը քվե տալով՝ հասարակությունը ոչ միայն ընտրում է պատգամավորներին, այլև վստահում է երկրի կառավարումը կոնկրետ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ իրական կոալիցիայի համար հիմքեր ձևավորելով:

Կարծում եմ՝ նախընտրական այս փուլում արժե անկեղծ գնահատական տալ երկրի այսօրվա իրավիճակին, մատնանշել դրա պատճառները և շատ ընդհանուր գծերով առաջարկություններ անել, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը:

Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է. այս չորս տարիներին մենք ոչ միայն դոփել ենք տեղում, այլև մի շարք ուղղություններով նահանջ ենք ապրել: Այսօր համախառն ներքին արդյունքն ավելի փոքր է, քան 2008թ., աղքատությունը ավելացել է շուրջ կես միլիոն մարդով, արտաքին պետական պարտքը գրեթե եռապատկվել է և տարեվերջին կհատի 4 միլիարդ դոլարի շեմը, էապես իջել է ժողովրդի կենսամակարդակը, քանզի գնաճը ոչ միշտ է հաջողվել պահել թիրախային միջակայքում, և բնաչության եկամուտների աճը համահունչ չի եղել գնաճին:

Որո՞նք են այս վիճակի հիմնական պատճառները:

Առաջին, կառավարության կանխատեսելու ունակությունը եղել է շատ թույլ: Նման ունակությունը կարևորագույն հատկանիշ է արտաքին ճգնաժամերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու և սեփական տնտեսության զարգացումը ճիշտ ծրագրելու համար:  

Երկրորդ, այս չորս տարիների ընթացքում համապետական կամ տարածաշրջանային բնույթի որևէ մեծ ծրագիր չի իրականացվել. դրանց մասին միայն խոսվել է` Հայաստան-Իրան երկաթգիծ, նոր ատոմակայան, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի, Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն և այլն: Այս ծրագրերից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Մեծ ծրագրերի իրականացումը կարևորագույն խթան է ու շարժիչ ուժ տնտեսական աճի համար: 

Երրորդ, իշխանությունները լուրջ խնդիր են ունեցել նաև կառավարման հարցերում` առաջադրված խնդիրները լուծելու գործում հետևողականություն չի եղել, մի ձեռքը չի իմացել, թե մյուսն ինչ է անում, իշխանությունների և բիզնեսի սերտաճումը ավելի է խորացել, նկատվել են տնտեսության կենտրոնացման միտումներ, ինչպես նաև սեփականության վերաբաշխման վտանգավոր գործընթացներ:

Չորրորդ, ելնելով զուտ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես նաև նեղ անձնական, հատվածական և կուսակցական շահերից, իշխանությունները չեն համարձակվել իրականացնել տնտեսության զարգացման համար խիստ կարևոր երկրորդ և երրորդ սերնդի բարեփոխումները:

Հինգերորդ, կառավարության տնտեսական քաղաքականությունը սխալ թիրախներ է նախանշել: Անցած չորս տարում նշակետ է վերցվել սղաճի զսպումը և մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխանությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը: Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար և հետևողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը և ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի, որքան փոքր ու միջին բիզնեսի հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է և որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին:

Այդ թերությունները կարելի է շուտափույթ շտկել, և երկիրը դնել կայուն զարգացման ուղու վրա: Դրա համար անհրաժեշտ է նախ ազատ և արդար ընտրությունների արդյունքում ստեղծել նոր կառավարություն, որտեղ ներգրավված կլինեն պրոֆեսիոնալներ՝ ունակ ճիշտ կանխատեսումներ անելու, ստեղծագործական միտք բանեցնելու, մեծ ծրագրեր իրականացնելու և երկիրն արտաքին աշխարհի համար բացելու, ինչպես նաև ժողովրդական աջակցության այնպիսի պաշար ունենալու, որը նրան համարձակություն կտա կյանքի կոչել նույնիսկ ամենախորքային բարեփոխումները:

Եվ վերջապես, այս կառավարությունը իր գործունեության հիմնական թիրախ պետք է ընտրի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը և յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի շարունակական բարձրացումը: Մյուս բոլոր տնտեսական խնդիրներին պետք է նայել միայն ու միայն վերը նշված թիրախների համատեքստում:

Մեկնաբանություններ (2)

Yura
Ba maladec!!!!!!!!!!!!!!:) isk tesel eq HHK-i HAKAGOVAZD@???????? Ushadir knaeq erb BULKINA asum Havatanq vor POXENQ:)))))))))))))))))))))))))))) LRIV HAKAGOVAZDA........................... Aysinqn der na ev ira nman corumpacvacnery der sharunakelu en mnal karavarutiunum...........
Levik
This guy must be on drugs...What was he doing in the ruling coalition for all those years? What new government is he talking about? The Prosperous Armenia Party of which he is now #2?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter