HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյանը կոչ արեց Արարատ Միրզոյանին հրաժարական տալ

Խորհրդարանի հերթական քառօրյան մեկնարկեց արդեն ավանդական դարձած բանավեճով: Ընդդիմությունն ու անկախ պատգամավորները մեղադրեցին քաղաքական մեծամասնությանը մարտահրավերներին չհամապատասխանող օրակարգի պատճառով:

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ընդգծեց` երկրում քաղաքական ճգնաժամ է, ուստի խորհրդարանական կառավարման երկրում խորհրդարանը հավելվածի կարգավիճակ չի կարող ունենալ: Պատգամավորը կոչ արեց ձեռնարկել միջոցներ, ձերբազատվել ռազմական դրությունից, լուծարել խորհրդարանը ու կազմակերպել արտահերթ ընտրություններ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց` իրավիճակի հանգուցալուծման տարբերակներ են առաջարկվել, այդ թվում հրապարակավ վարչապետն է առաջարկել, կարելի է քննարկել այն:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին վարչապետը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ ԱԺ խորհրդի տապալված նիստին, որի պատճառով ընդդիմությունը չկարողացավ արտահերթ նիստ հրավիրել:

«Դուք որպես ԱԺ նախագահ պարտավոր եք նման հարցերում անաչառ լինել, եթե որոշում կար, որ խորհրդի նիստը պետք է բոյկոտվեր, նվազագույնը պետք է ներկայանայիք նիստին, բացեիք այն, բայց Ձեր պարտականությունները չեք կատարում, նաև չեմ տեսնում ձեր դերակատարումը երկրի առջև ծառացած ճգնաժամի հաղթահարման հարցում»,-ասաց Մարուքյանը` կոչ անելով Արարատ Միրզոյանին հրաժարական ներկայացնել:

Միրզոյանն էլ խորհուրդ տվեց ավելի շատ մտածել սեփական պարտականությունների մասին և զերծ մնալ իր պարտականությունները ներկայացնելուց: Վերջինս կոչ արեց պատգամավորին՝ զերծ մնալ նման գնահատականներից, ապա ընդգծեց` նիստին չգնալն իր իրավունքներից մեկն է. գուցե առողջական կամ գուցե քաղաքական դրդապատճառներով չէ նիստին գնացել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, կարծես թե խորհրդարանը իրականությունից կտրված է: Պատգամավորը նույնպես հիշեցրեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները արտահերթ նիստ էին նախաձեռնում իրավիճակը մեղմելու համար, սակայն քաղաքական մեծամասնությունն այն բոյկոտեց:

«Դուք որոշել եք, որ խորհրդարանն Իմ քայլի դուքյանն է, ինչի չեք գալիս, առավոտից երեկո լարվածություն եք գեներացնում: Օրակարգի 19 հարցերից մեկն է վերաբերում գերիներին, դա էլ անկախ պատգամավորներն են բերել: Դուք միտումնավոր պարալիզացնում եք խորհրդարանի աշխատանքը»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն էլ հիշեցրեց Արման Աբովյանին, որ վերջինս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության  անդամ է, սակայն 14 օնլայն քննարկումներից որևէ մեկին չի մասնակցել:

«Ոչ մի անգամ ադրբեջանանան պատվիրակների հետ չեք  բանավիճել ու ոչ մի անգամ իրենց տեղը չեք դրել, ոնց հիմա ուզում եք մեզ մեր տեղը դնել»,- ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ ընդգծեց`օրակարգը չի համապատասխանում այն մարտահրավերներին, որն առկա է:

«Եթե ամեն վայրկյանը չենք օգտագործում իրական մարտահրավերների համար, նշանակում է` գնալով ինքներս չենք զգում, որ պետականությանը վնաս ենք հասցնում մեր իսկ որոշում չկայացնելով»,- ասաց նա:

Երկար քննարկումներից հետո օրակարգը հաստատվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter