Մարուքյանը պատրաստ է բանակցել Փաշինյանի հետ
"Առավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպում," - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի խոսքով` վարչապետը հրավիրել է իրեն՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հարցը:
«Ես համաձայնություն եմ տվել, ենթադրում եմ վաղը կհանդիպենք, երբ հանդիպենք, կքննարկենք ամբողջությամբ բոլոր առաջարկները, ինչ եզրահանգում կլինի, կիմանաք»,-ասաց նա:
Հարցին` վարչապետի հետ հանդիպման պայմանով է գնում, թե առանց նախապայմանի, Մարուքյանն արձագանքեց` երկիրն այս վիճակից հանելու համար պատրաստ է բազմաթիվ փոխզիջումների:
«Մեր նախապայմանը բանակին դադար տալն էր, որ ցնցումների մեջ չընկնենք բանակի հետ հակադրության պատճառով, քաղաքական գործիչներով գնանք ընտրությունների: Երկիրն առանց ընտրությունների չի հանդարտվելու, սակայն մինչ ընտրությունները կան ծառացած խնդիրներ, օրինակ` գործադիր իշխանություն և բանակ հակադրությունը, այս խնդիրը պետք է լուծվի, նոր ընտրություններ լինեն»,- ասաց նա:
Մարուքյանի խոսքով` կողմ է արտահերթ ընտրությունները հնարավորինս սեղմ ժամկետում իրականացնել, քանի որ ամեն օր երկրում միջավայրը հղի է բախումներով:
Ըստ նրա` ցանկացած հարց պետք է լուծվի փոխհամաձայնությամբ, եթե չկա կոմպրոմիս, խնդիրները չեն կարող կարգավորվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել