HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կանդամակցի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տոնակատարությունների շրջանակում հայկական կողմի հրավերով Հայաստան կայցելի Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի (IBbY-ի) գործադիր տնօրեն Լիզ Փեյջը, ով պաշտոնապես կհայտարարի կոմիտեին Հայաստանի անդամակցության մասին:

Լիզ Փեյջի այցի շրջանակներում տեղի կունենան նաև շահագրգիռ կառույցների ու կազմակերպությունների հետ հանդիպումներ, քննարկումներ, կընթերցվեն դասախոսություններ:

Հայաստանն Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացած մանկական գրքի միջազգային ամենամյա ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցել է այս տարի՝ մարտի 19-22-ը՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով այցելուների և մասնակիցների շրջանում:

Հայ գրատպության 500-ամյակը և Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք խորհրդանշող ձևավորումով հայկական տաղավարում ներկայացվել են Հայաստանում տպագրված շուրջ 250 անուն մանկական գիրք և գրքերի ձևավորումներ:

Ցուցահանդեսի ընթացքում տեղի են ունեցել «Հայ գրատպության 500-ամյակ» և «Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրերի, մանկագիրներ Էդվարդ Միլիտոնյանի, Նունե Սարգսյանի գրքերի շնորհանդեսները:

Ցուցահանդեսից հետո պետության պատվերով և աջակցությամբ հրատարակված մանկապատանեկան գրականությունից շուրջ 70 անուն գիրք հանձնվել է Միլանի «Հայտուն» կազմակերպությանը:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Բոլոնիայի համալսարանի հայկական մշակույթի ամբիոնի պատասխանատուների հետ: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը հանդիպել է IBbY-ի գործադիր տնօրեն Լիզ Փեյջի հետ և քննարկել միջազգային այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հարցը:

Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեն ստեղծվել է 1953 թ. Ցյուրիխում (Շվեյցարիա): Այսօր այն միավորում է 70 երկրի ազգային կոմիտեներ: Կոմիտեի Հանս Քրիստիան Անդերսենի անվան գրական մրցանակը, որը 1956 թ. հիմնադրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մանկապատանեկան գրականության միջազգային խորհուրդը, մանկագիրների համար ամենահեղինակավոր միջազգային մրցանակն է, որն անվանում են նաև փոքր Նոբելյան մրցանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter