HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հայկ Մարությանը որոշել է քանդել Արկադի Համբարձումյանի առանձնատան պարսպի մի մասը և արգելափակոցը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է ապամոնտաժել ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Երևանում գտնվող առանձնատան պարսպի մի մասը։ Մարությանը որոշումը ստորագրել է փետրվարի 25-ին:

Նախկին պատգամավորի առանձատունը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ Դալմայի այգիների վերջնամասում։ Առանձնատան հարևանությամբ կառուցապատում իրականացնող «Լույսեր» ՓԲ ընկերութան հիմնադիր Խաչիկ Սահակյանը «Թեժ գծի» միջոցով ահազանգել է քաղաքապետարան, ինչից էլ սկիզբ է առել գործընթացը։

Ի դեպ, այս ՓԲԸ-ն պատգամավորի առանձնատան հարևանությամբ բազմաբնակարան շենք է կառուցում, որի շինթույլտվությունը Արկադի Համբարձումյանը վիճարկում է դատարանում։ Մինչ այդ էլ փորձել էր ինքը արգելել շինարարությունը, որից հետո «Լույսեր» ՓԲԸ-ն հայտարարություններով հանդես եկավ, որ խոչընդոտվում է ներդրումային ծրագիրը։ Այնուհետև վեճը տեղափոխվեց իրավական դաշտ։

«Թեժ գծին» ահազանգելուց հետո Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից կատարվել է տեղատեսություն և փաստաթղթային ուսումնասիրություն։

Պարզվել է, որ Երևան քաղաքի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ. 135/10 հասցեներին կից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, փաստացի օգտագործվում ու տիրապետվում է Երևան համայնքին պատկանող հողամաս, որը ծանրաբեռնված է քարե պարսպով, մետաղական ցանկապատով և ուղեփակոցով:

Կազմվել է արձանագրություն և սկսվել է վարչական վարույթը, որի ընթացքում էլ հաստատվել է, որ քննարկվող հողամասը գտնվում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի /6-11 կետեր/ սահմանափակումների ցանկում։ Հետևաբար այն ծանրաբեռնող շինությունը ենթակա չէ օրինականացման։ Այս գործընթացին զուգահեռ Արկադի Համբարձումյանը դիմել է քաղաքապետարան, խնդրել, որ օրինականացնեն պարիսպը՝ ընդունելով, որ այն իր կողմից է կառուցվել։ Քաղաքապետարանը մերժել է նախկին պատգամավորի խնդրանքը։

Մի շարք իրավական ակտեր վկայակոչելով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը որոշել է չօրինականացնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի հ.139/5 և Յուրի Գագարինի փողոցի հ.135/10 հասցեներին կից ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը:

Մարությանն իր որոշմամբ հանձնարարել  է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին, քաղաքապետարանի երկու վարչության օժանդակությամբ, քանդել ինքնակամ կառուցված քարե պարիսպը, մետաղական ցանկապատը և ուղեփակոցը և ապօրինի տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։

Ոստիկանությանն էլ առաջարկել է քանդման ժամանակ ապահովել հասարակական կարգը։ Ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձեն Արկադի Համբարձումյանից։

Այս որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել։

Արկադի Համբարձումյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նման որոշում գոյություն չունի։ Մենք ներկայացրինք, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն իսկ հրապարակվել է այդ որոշումը։ Մարտիրոսյանն ասաց, որ վարչական ակտ կայացնելու դեպքում պետք է վարչական վարույթ իրականացվեր, որի մասին իրենք տեղյակ չեն, չեն մասնակցել, հետևաբար վարչական նման ակտ գոյություն ունենալ չի կարող։

«Արկադի Համբարձումյանը շատ փութաջան է մոտենում իր քաղաքացիական պարտականություններին։ Եվ եթե նման վարույթ իրականացվի, մենք անպայման կմասնակցենք վարչական վարույթին»,- հայտարարեց Արթուր Մարտիրոսյանը։

Փաստաբանի խոսքով՝ եթե, այնուամենայնիվ, նման վարչական ակտ կայացված լինի, ապա իրենք կարող են դատական կարգով բողոքարկել։ Եթե վարչական վարույթ է իրականացվել, ապա Արկադի Համբարձումյանը պետք է որևէ կերպ ծանուցվեր և մասնակից դառնար վարույթին։ Արթուր Մարտիրոսյանը վստահեցնում է, որ վարչական նման վարույթի չեն մասնակցել, և եթե վարույթում դրա հասցեատերը չի ներգրավվել, ապա բողոքարկվելու է որոշումը։ Քանի որ վարույթի կողմը չի իրացրել լսվելու իր իրավունքը, և հետևավաբար վարչական վարույթը լեգիտիմ չի կարող կոչվել։

Արկադի Համբարձումյանին պատկանող առանձնատան, հարակից հողակտորների սեփականատերերի, քաղաքապետարանի որոշումների ուսումնասիրությամբ, կադաստրային քարտեզի և բնության մեջ գույքերի համադրությամբ՝ ինֆոգրաֆիկայով ներկայացնում ենք համայնքային հողում ինքնակամ կառույցների դիրքերը։

Արկադի Համբարձումյանը, Երևանի քաղաքապետարանը և կառուցապատող «Լույսեր» ՓԲԸ-ն 2020 թ.-ից դատական գործընթացների մեջ են։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արկադի Համբարձումյանը նախ դատական կարգով վիճարկում է իր առանձատան հարևանությամբ տրամադրված առաջին շինթույլտվությունը։

Հետագայում Արկադի Համբարձումյանը դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել քաղաքապետարանի կողմից իրեն 2.5 միլիոն դրամ տուգանելու մասին որոշումը։ Համբարձումյանն իրեն պատկանող՝ Գագարինի փողոց 135/5 հասցեում ինքնակամ շինարարություն է իրականացրել 2019 թ.-ին, սակայն դատարանը անվավեր է ճանաչել՝ քաղաքապետարանի կազմած տուգանքի որոշումը, որը Երևան համայնքը բողոքարկել է Վերաքննիչ դատարանում։

Արկադի Համբարձումյանը մեկ այլ հայցով էլ դատարանից պահանջել է քաղաքապետարանին պարտավորեցնել, որ իրեն ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրի։ Գագարինի 135/5 և 135/10 հասցեներում նախկին պատգամավորը ցանկացել է առանձնատներ կառուցել, բայց քաղաքապետարանը նախագծման թույլտվություն չի տրամադրել։

2020 թ.-ի դեկտեմբերին էլ երկու առանձին հայցով Համբարձումյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Լույսեր» ՓԲԸ-ին տրամադրված տարբեր շինթույլտվություններ։

2021 թ.-ի փետրվարի 26-ին նախկին պատգամավորը կրկին դիմել է վարչական դատարան։ Այս անգամ նա պահանջում է քաղաքապետարանին պարտավորեցնել Գագարինի 135/5 հասցեի հողամասում գտնվող ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել։

Մեկնաբանություններ (1)

Գարեգին
Էս սրիկային որտեղից այդքան հարստություն? Կեցցեք ? Մարության!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter