HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ընթացող Մոսկվայի օրերի շրջանակում անցկացվել են ներդրումային ցուցահանդես և համաժողով

Ապրիլի 5-7-ը Երևանում ընթացող Մոսկվայի օրերի շրջանակում «Մոսկվայի տանը» կազմակերպվել է ներդրումային ցուցահանդես, որտեղ հայաստանյան մի շարք ընկերություններ հնարավորություն են ունեցել ներկայացնելու ներդրումային ծրագրերի իրենց առաջարկները:  

Մոսկովյան պատվիրակության անդամները շրջել են տաղավարներով, ծանոթացել ներկայացված առաջարկությունների փաթեթներին: Պատվիրակության ղեկավար, Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինն ընգծել է, որ թե Երևանում և թե Մոսկվայում այսօր ներդրումների լայն դաշտ է ձևավորված և առաջիկայում, համագործակցության ընդլայնման շնորհիվ, հնարավոր կլինի բազմաթիվ համատեղ ծրագրեր իրականացնել:

«Մեզ համար շատ կարևոր է Երևանի հետ գործընկերության հարաբերությունների ամրապնդումը ներդրումային նոր ծրագրերի համատեքստում, քանի որ այստեղ` Երևանում այսօր առկա է ներդրումների համար բավական գրավիչ միջավայր։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այդ ուղղությամբ որոշակի հարցեր մենք արդեն քննարկել ենք»,-նշել է Սերգեյ Չերյոմինը:

Հայաստանյան ավելի քան 100 խոշոր ընկերություններ, Երևանի քաղաքապետարանի և  Մոսկվայի գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ներդրումային ոլորտի առաջատար փորձագետներ «Մոսկվայի տանը» մասնակցել են նաև ներդրումային համաժողովի, որի նպատակը հայ-ռուսական համատեղ ներդրումային ծրագրերի ստեղծումն ու ներդրողների միջև գործնական կապերի հաստատումն ու ընդլայնումն է:

Համաժողովի ընթացքում քննարկվել են քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մասնավորապես` կրթության, առողջապահության, ջրամատակարարման, աղբի վերամշակման, «Անվտանգ քաղաք»-ի, էլեկտրոնային կառավարման, ինչպես նաև երկու քաղաքների միջև տնտեսական համագործակցության արդիական այլ խնդիրների շուրջ հարցեր: 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության  պետ Արմեն Հարությունյանը համաժողովի ընթացքում հյուրերին է ներկայացրել մայրաքաղաքում նախատեսվող ներդրումային ծրագրերն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է կառուցողական առաջարկություններ քննարկելու և իր լիազորությունների շրջանակում՝ դրանց իրականացմանը նպաստելու համար։

Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև Մոսկվայի եւ Երևանի միջև զբոսաշրջային կապերի հաստատման,  առևտրային համագործակցության, նաև երկու մայրաքաղաքներում ներդրումային հնարավորություններին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter