
Ոստիկանություն․ «Մարտի 3-ի՝ 16։00-ի հանրահավաքին հնարավոր են սադրանքներ»
Ոստիկանությունում տվյալներ են ստացվել, որ մարտի 3-ի ժամը 16։00-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ հնարավոր են սադրանքներ։ Այս մասին ասվում է ոստիկանության լրատվական ծառայության տարածած հայտարարությունում։
«Կոչ ենք անում զանգվածային միջոցառումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ հակաիրավական քայլերից ու չտրվել սադրանքների։
Քաղաքացիներին հորդորում ենք լինել իրավահարգ և իրենց իրավունքներն իրացնելիս պահպանել օրինականության պահանջներն ու համակեցության կանոնները։
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ հասարակական կարգն ապահովելու և հանրային անվտանգությունը պահպանելու համար»,- ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։
Նշենք, որ մարտի 3-ին՝ 16։00-ին, Բաղրամյան պողոտայում նախատեսված է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։
Լուսանկարը՝ «Հայրենիքի փրկության շարժման» մարտի 1-ի հանրահավաքից
Մեկնաբանել