HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Առաքելյանը վերընտրվեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Մարտի 3-ին Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրել է Արսեն Առաքելյանին: Այս մասին հաղորդում է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունը։

Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը: 2004թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2020թ-ից կենսաբանական գիտությունների դոկտոր է: 

Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի մշակում, գենոմիկա, տրանսկրիպտոմիկա, մարդու բազմագործոն հիվանդությունների ժամանակ կենսաբանական ուղիների ակտիվության փոփոխությունների գնահատում:

Արսեն Առաքելյանը 206 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում՝ գրքերում՝ 7, գիտական ամսագրերում՝ 121, գիտաժողովների հավաքածուներում՝ 78 աշխատության: Ունի «Թեսթ-համակարգ շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման համար» արտոնագիր՝ համահեղինակությամբ Ա.Բոյաջյանի և Ա. Խոյեցյանի: 

2015թ-ից Արսեն Առաքելյանը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն է: Միաժամանակ նա ղեկավարում է Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտը, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համատեղ «Տեղեկատվական կենսաբանության լաբորատորիա» ծրագրի համաղեկավարն է:

2012, 2014, 2018 թվականներին արժանացել է ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» պարգևին, 2012թ-ին ճանաչվել է միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթի հաղթող: 2010 թ-ին ՌԴ «Կրթության, գիտության և առողջապահութլան զարգացում» ԲՀ-ի կողմից արժանացել է III կարգի դիպլոմի լավագույն գիտական մշակման համար:  

Արսեն Առաքելյանը մասնակցել է 10 դրամաշնորհային ծրագրի, որից 7 ծրագրի ղեկավարն է, 2-ի համաղեկավարը և 1-ի կատարողը:  

Որպես Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի 2021-2025թթ. զարգացման ուղղություններ՝ Արսեն Առաքելյանը իր ելույթում նշեց, որ նախատեսվում է խաղողի գենետիկական բազմազանության պահպանման շրջանակներում ստեղծել կոլեկցիոն այգի և ընդհանուր օգտագործման սեքվենավորման լաբորատորիա: Բացվելու է պալեոպրոտեոմիկայի լաբորատորիա: Հայ-Ռուսական համալսարանի բազայի վրա բացվելու է գենային ինժեներիայի լաբորատորիա: Նա կարևորեց ինստիտուտում կադրերի ներհոսքի ապահովումը, կիրառական բնույթի ծրագրերի իրականացումը, հետազոտությունների ֆինանսավորման ծավալների մեծացումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter