Գյուղնախարարը՝ Արմավիրի մարզում
Ոլորտի հիմնախնդիրներին և գարնան գյուղատնտեսական աշխատանքներին տեղում ծանոթանալու հերթը այսօր Արմավիրի մարզինն էր, ուր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեց համայնքների ղեկավարների ու գյուղանտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր Արմավիրի մազպետ Աշոտ Ղահրամանյանը:
Խոսելով անցյալ տարվա ցուցանիշներից` նախարարը նշել է, որ ՀՀ նախագահի ամենօրյա ուշադրության, կառավարության կողմից իրականացված գործնական ծրագրերի և ոլորտի աշխատավորների արդյունավետ գործունեության արդյունքում 2011-ին հաջողվել է հասնել որոշակի դրական տեղաշարժերի, որոնց մեջ էական դերակատարում է ունեցել նաև Արմավիրի մարզը:
«Այն, ինչ ունեցանք, աննախադեպ էր նախորդ տարիների համեմատությամբ: Իհարկե, ձեռք բերածով չպետք է սահմանափակվենք: Սա այն ոլորտն է, որտեղ երկարատև ներդրումներ են անհրաժեշտ: Հողերն ամբողջությամբ և երբեմն նպատակային չեն օգտագործվում: Եվ դրա համար պետական աջակցություն է պետք: Նախորդ տարի 19 հազար հեկտարով ավելի շատ հացահատիկ է ցանվել: Այս միտումը շարունակական է լինելու: Փորձելու ենք ամեն տարի 20–25 հազար հեկտարով ավելացնել ցանքատարածությունները»,- նշել է նա:
Անդրադառնալով գյուղմթերքի իրացման հարցերում գյուղացուն օժանդակելու խնդրին` նախարարը դրական է գնահատել նախորդ տարի մայրաքաղաքում բացված գյուղատնտեսական շուկայի գործունեությունը, որի ամենաակտիվ մասնակիցներից էին նաև Արմավիրի մարզի ֆերմերային տնտեսությունները: Այս տարի, ըստ նախարարի, մայրաքաղաքում, առանց վերավաճառների, նման 3 շուկաներ են գործելու:
Կառավարության կողմից գյուղացիներին ցուցաբերվող աջակցության ծրագրերից նա առանձնացրել է նաև ցածր տոկոսադրույքներով գյուղատնտեսական վարկերի և մատչելի գներով ազոտական պարարատանյութի ու դիզելային վառելիքի տրամադրումը:
«Այն մարզերին բաշխվում է ըստ ներկայացված հայտերի: Դրանով մենք կբավարարենք հանրապետության ողջ պահանջարկի ավելի քան 95 տոկոսը: Շուկայում նկատվող գների թանկացման ֆոնին կառավարության կողմից ցուցաբերվող նման օժանդակությունը զգալիորեն կթեթևացնի գյուղացու հոգսը»,- նշել է նախարարը` հավելելով, որ հանրապետությունում Արմավիրի մարզն է ամենաշատը ստանում նշված պարարտանյութն ու դիզվառելիքը: Ի դեպ, նույնն է պատկերը նաև Եվրոպայից բարձր մթերատու երինջների ներկրման ծրագրի իրականացման ասպարեզում, ուր անցյալ տարի ներկրված 210 կենդանիներից 48-ը հատկացվել է Արմավիրի մարզին:
«Գյուղացին պետք է իրեն պաշտպանված զգա, իմանա, որ իր արտադրանքը շահավետ գներով և ամբողջությամբ է մթերվելու: Գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի եկամտաբեր: Դրա համար այս տարի ամբողջությամբ անցնելու ենք մթերումների պայմանագրային հարաբերություններին»,- ասել է նա՝ ներկայացնելով ընթացիկ տարվա առաջնահերթություններն ու իրականացվող ծրագրերը, որոնք, ըստ Սերգո Կարապետյանի, միայն գյուղատնտեսության ոլորտի խնդիրները չեն: «Կարևորը երկրի պարենային անվտանգության ռազմավարական խնդրի լուծումն է, որը բոլորիս գործն է»,- գյուղնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է Ս. Կարապետյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել