Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ-ի Երևանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Համաշխարհային բանկին դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և պատերազմից տուժած Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին աջակցության ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամության համար, ներկայացրել է պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը:
Ըստ տարածված հաղորդագրության՝ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև Կառավարության կողմից կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով իրականացված միջոցառումների միջանկյալ արդյունքներին:
Զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել