
ՄԻՊ․ «ԱԺ պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը անվտանգության անհամարժեք միջոց է առկա իրավիճակում»
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ: Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ: Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժինը։
«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ»,- ասվում է ՄԻՊ-ի հայտարարությունում:
Մեկնաբանել