HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Վարկային արտոնյալ ժամանակահատված տնտեսվարողներին՝ կորոնավիրուսի 3-րդ միջոցառման շրջանակում

Կառավարությունը նախատեսում է պատերազմի հետևանքով ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսավարողների համար, իրենց դիմումի հիման վրա, տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6-ամսյա ժամանակահատված սահմանել։ Արտոնյալ պայմանները կգործեն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում։ Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 4-ի նիստում։ 

Հիշեցնենք, որ երրորդ միջոցառմամբ կառավարությունն աջակցում է փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտին։

Տնտեսավարողի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով՝ հաշվի առնելով, որ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի ժամկետը 36 ամիս է։

Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի որոշման շրջանակներում շուրջ 800 տնտեսվարող պետական բյուջեի միջոցներից ստացել է արտոնյալ պայմաններով (0% տոկոսադրույքով) վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 9 մլրդ դրամ։ Բազմաթիվ տնտեսավարողների և բիզնես համայնքի ներկայացրած դիմումների համաձայն, Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված, տնտեսավարող սուբյեկտներն իրենց գործունեությունը շարունակելու և ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների լուծման համար լրացուցիչ ժամանակի կարիք ունեն։

Համաձայն Ներդումների աջակցման կենտրոնի տրամադրած տեղեկատվության՝ 2020թ. դեկտեմբերից 2021թ․ փետրվար ամիսներին 685 շահառուներից 35 շահառու չի կատարել շուրջ 16 մլն դրամի վարկերի մարման պարտավորությունները։ 

Միջոցառման բոլոր շահառուների վարկերի մայր գումարների մարման մեկ ամսվա ընդհանուր գումարը կազմում է միջինում 220 մլն դրամ։ Դիտարկելով բոլոր 800 շահառուների միաժամանակ արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունը, ըստ նախնական հաշվարկների, 6 ամսով կհետաձգվեն շուրջ 1,3 մլրդ դրամի վարկային միջոցների մարումներ։

Ընդունված նախագիծը երրորդ միջոցառման շահառուներին հնարավորություն կտա ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter