HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի է ունեցել տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի առաջին նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին. «Այսօր մենք անցկացնում ենք մեր նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որը պետք է զբաղվի իրավական ակտերի կարգավորմամբ` նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները: Եթե պետական գործառույթներում կան այդպիսի ավելորդ ընթացակարգեր, ապա այս խորհրդի առաքելությունն այն է, որ պետք է բացահայտենք դրանք և կարգավորենք նորմատիվ ակտերի, կառուցվածքային ու օրենսդրական, ինչպես նաև գործող պրակտիկայի փոփոխություններով»:

Օրակարգի առաջին հարցով կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը զեկուցել է ԾԻԳ-ի գործարկման ուղղությամբ սահմանված ժամանակացույցով կատարված աշխատանքների վերաբերյալ: 

Նիստում ներկայացվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի 2012 թ. աշխատանքային ծրագիրը: Քննարկման արդյունքում որոշվել է ՀՀ նախագահի 2011 թ. 246-Ն հրամանագրում ներկայացված 17 գերակա ոլորտներից որպես վերլուծության ենթակա առաջին երեք ոլորտներ առանձնացնել հանրային, առողջապահական ու տրանսպորտային ծառայությունների բնագավառները:

Խորհուրդը հաստատել է ԾԻԳ-ի 2012 թ. ծախսերի նախահաշիվը, ինչպես նաև խորհրդի անդամների, ԾԻԳ-ի աշխատակազմի և միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պարբերական աշխատանքային քննարկումների ձևաչափը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

***
ՀՀ Նախագահի` 2011 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով ստեղծվել է Տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ: Վերջինիս գործունեությունն ուղղված է լինելու գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանը և պարզեցմանը, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը, ինչպես նաև դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, ծախսատար և ոչ նպատակահարմար մեխանիզմների կրճատման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը:

2011 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարության և միջազգային դոնոր-կազմակերպությունների միջև ստորագրվել էր մտադրությունների մասին նամակ` կարգավորիչ գիլյոտինի միջոցով ՀՀ տնտեսական կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ։ Այդ նամակով դոնոր-կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնում աջակցել ՀՀ-ում «Կանոնակարգիչ գիլյոտին» արագ բարեփոխումների գործիքի ներդրմանը, ինչը հնարավորություն կտա թարմացնել Հայաստանի կանոնակարգիչ քաղաքականությունը և էականորեն բարելավել գործարար միջավայրը` նպաստելով բյուրոկրատիայի կրճատմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter