HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան. Արա Սաղաթելյանը «Proton VPN» հավելվածի լիցենզավորված տարբերակը ձեռք է բերել՝ անձնական քարտից վճարում կատարելով

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպաններից Հակոբ Ենոքյանը: Որոշումը կհրապարակվի վաղը՝ մարտի 5-ին:

Հիշեցնենք, որ Սաղաթելյանը ձերբակալվել է փետրվարի 19-ին՝ «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից կատարված գրառումների առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։ Ապա ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել ու կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։ Սաղաթելյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 226.-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու մեջ։

Հակոբ Ենոքյանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքի անհեթեթությունն ապացուցելու նպատակով Սաղաթելյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը դատական նիստի ընթացքում միացել է VPN հավելվածին նույն IP հասցեից, որից օգտվելու պատճառով վարույթն իրականացնող մարմինը եզրահանգման է եկել, որ Gagik Soghomonyan ֆեյսբուքյան հաշվից օգտվում են Արա Սաղաթելյանն ու գործով մյուս մեղադրյալները:

«Պարզվեց, որ պարոն Պողոսյանն էլ է այդ խմբի անդամ ու այդ անհեթեթությունն առավել առարկայական դարձավ»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Արա Սաղաթելյանն այսօր ներկա է եղել բողոքի քննությանն ու դիրքորոշում հայտնել, որ, իր ընկալմամբ, իր նկատմամբ տեղի ունեցող գործընթացներն ուղղված են իրեն մեկուսացնելուն, ինչն էլ պայմանավորված է իր հակաադրբեջանական գործունեությամբ»։

Հարցին՝ արդյոք Արա Սաղաթելյանն ընդունո՞ւմ է, որ օգտվել է Proton VPN  հավելվածից՝ պաշտպանն ասաց, որ Սաղաթելյանը փաստական տվյալներ է ներկայացրել այն մասին, որ հավելվածի լիցենզավորված տարբերակը ձեռք է բերել գումարի դիմաց՝ անձնական քարտից վճարում կատարելով, այսինքն՝ որևէ կերպ քողարկվելու նպատակ չի ունեցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter