HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Թագուհի Թովմասյանը պնդում է՝ նոր օրինագծով Կառավարությունը բուհերի ազատությունը վերցնելու է

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը:

Այն ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, ով հայտնեց, որ նախագծում առաջինից երկրորդ ընթերցման ժամանակաշրջանում ինչ փոփոխություններ են իրականացվել։ Նախարարն անդրադարձավ մի քանի դրույթների, որոնցից մեկն էլ ռեկտորների ընտրության հարցն էր։

Վերջինիս խոսքով՝ ըստ նախկին տարբերակի առաջարկվում էր երեք թեկնածուների առաջադրում, որից հետո լիազոր մարմնի ղեկավարը պետք է մեկին հաստատեր ռեկտորի պաշտոնում։ Կայացվել է որոշում փոխել այդ դրույթը՝ ընտրվում է ռեկտորը խորհրդի առաջարկով եւ հրամանագրվում է լիազոր մարմնի կողմից։ 

Երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագծի փոփոխություններից մեկն էլ վերաբերում է Հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը, ըստ առաջարկվող տարբերակի՝ նա կարող է անընդմեջ ընտրվել։

Նախարարը տեղեկացրեց, որ երկրորդ ընթերցմամբ առաջարկվում է փոխել ռեկտորի տարիքային շեմը, նախկինում առաջարկվող 65-ի փոխարեն, այն սահմանվել է մինչեւ 70 տարեկանը։

Դումանյանը նշեց, որ ռեկտորի ներկայացվող պահանջները կսահմանվեն տվյալ բուհի կանոնադրությամբ, օրենքում չեն ամրագրվի, օրենքում կամրագրվի միայն գիտական աստիճանի առկայության պահանջը։

Անդրադարձավ նաեւ հոգաբարձուների խորհրդի կազմին։ Հիշեցնենք, որ առաջարկվող փաթեթով խորհրդի կազմում լինելու են 9 անդամներ, որոնցից չորսը լինելու է բուհի ներկայացուցիչ, հինգը լինելու են լիազոր մարմնի կողմից նշանակված անձինք։ Նախարարը նշեց, որ եթե չորս տեղ է հատկացվում բուհին, ապա բուհն ինքն է որոշելու՝ ովքեր են լինելու կազմում՝ ուսանողներ, գործարարներ, թե դասախոսներ։ «Եթե առաջանա իրավիճակ, երբ սահմանված ժամկետում չներկայացվեն համապատասխան քանակի խորհրդի անդամներ, ապա լիազոր մարմինն այդ տեղերը լրացնելու է իր հայեցողությամբ», - ներկայացրեց նախարարը։

Պատգամավոր Աննա Կոստանյանն անդրադարձավ բուհերում ռոտացիոն համակարգի փոփոխությանը եւ նշեց, որ բուռն քննարկումների առիթ է եղել ՝ համակարգի դուրս գալը, ըստ պատգամավորի՝ առաջանում է կարծիք՝ բուհը չի խրախուսում լավ սովորող ուսանողին։

ԿԳՄՍ նախարարը նշեց, որ հարցի շուրջ քննարկումներ եղել են, համաձայն ներկայացված օրենքի՝ ուսման վարձի գումարը որպես դրամաշնորհ տրվում է ուսանողին ոչ թե բուհին, եւ ուսանողն ինքն է որոշում՝ որտեղ սովորել։

«Պահանջն այնպիսին էր, որ անվճարի հետ կապված մոգ պետք է սահմանվեր եւ շեղումը լիներ 20 %-ի չափով, եւ եթե երկու տարվա մեջ շեղումը դրանից ավել լինի, ապա ուսանողը զրկվում է դրամաշնորհից, այժմ շեղումը փոփոխվել է, ներկայացված է 10 %-ի չափով», - նշեց Դումանյանը։ Ըստ նախարարի՝ նպատակն է արհեստական գնահատականի հետեւից ուղղված վազքը կրճատել։

Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց ռեկտորների նշանակելու հարցի մասին, ըստ նրա՝ լիազոր մարմինն իր անգործությունն ընդունում է, չի կարողանում ռեկտոր նշանակել. «Հիմա ուզում է օրենքը փոխել, որ կարողանա ռեկտոր նշանակել։ Նախարարը կամ պաշտոնյան իր կամքով նշանակելու է ռեկտոր, որը նշանակում է՝ բուհը գնալու է դեպի քաղաքականացման ճանապարհ», - նշեց պատգամավորը։ Նրա խոսքով՝ կառավարությունն այդ ազատությունը վերցնելու է համալսարանից։

ԿԳՄՍ նախարարն առաջարկեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթն ուղարկել առաջին ընթերցման՝ կատարելով փոփոխություններ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց ընթացակարգը, ըստ որի՝ եթե պատգամավորները դեմ կքվեարկեն, ապա պետք է փաթեթը ներկայացնող մարմինը՝ այդ դեպքում Կառավարությունը, հանդես գա առաջարկով՝ փաթեթը առաջարկների ընդունման փուլ ուղարկել։

 Նախագիծն այսօրվա նիստին չընդունվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter