HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են. դատախազություն

2020թ. ընթացքում Տավուշի մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով: 

Ըստ դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության՝ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող, ինչպես նաև դատարանում քննված և ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17 մլն դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար:

Դատարանում քննված և ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղղվել է ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ:

2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ 28 անձի վերաբերյալ:

2020թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Երկու անտառապահի մեղադրանքներ են առաջադրվել հատված փայտանյութն ապօրինի կերպով անտառներից դուրս բերելու դիմաց կաշառքի ստանալու համար:

Նշված քրեական գործերով իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցավոր թերացումների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանոր առմամբ 96 մլն դրամի վնաս:

Մարզի դատախազության կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 14 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու 2 միջնորդություն, նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված 3 միջնորդագիր: Արդյունքում իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ, այդ թվում նաև աշխատանքից ազատման տեսքով:

Մասնավորապես, առանձին նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահները, անտառներին հարակից բնակավայրերի բնակիչների հետ նախապես պայմանավորվելով, նրանց կողմից ներկայացված տոմսակների հիման վրա անտառներից հավաքում, մթերում, ապա իրենց անձնական օգտագործման մեքենայով տեղափոխում և նրանց են հանձնում թափուկ փայտանյութ ՝ այդ ամենի դիմաց ստանալով նախապես պայմանավորված գումարը: Այսինքն պարզվել է, որ փաստացի անտառից ապօրինի փայտանյութ չի մթերվել, սակայն հաստատվել է անտառապահների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, իրենց աշխատաժամանակի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու՝ գումարի դիմաց թափուկ փայտանյութի պատրաստելու, մթերելու և տեղափոխելու հանգամանքը: Ընդ որում՝ դա տեղի է ունենում նրանց աշխատանքի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ անտառապետերի, անտառտնտեսության տնօրենների թողտվության կամ անուշադրության պայմաններում: Մարզի դատախազի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո «Հայանռառ» ՊՈԱԿ-ում ձեռնարկված միջոցների արդյունքում պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի, ընդհուպ աշխատանքից ազատման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter