HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վրաստանի դեսպանատունն արդեն 2 ամիս չի պատասխանում «Հետքի» նամակին

Երեւան-Ստամբուլ-Երեւան ավտոբուսային ուղեւորափոխադրումներն իրականացվում են շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին: Սակայն ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կայքում ներկայացված միջպետական ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների չվացուցակների (2011) ցանկում ոչ մի տեղեկություն չկա այս երթուղու, դրա սակագների եւ իրականացնողների վերաբերյալ: ՏԿ նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանն ասում է, որ դեպի Թուրքիա երթուղիները տուրիստական են, որոնց համար նախարարությունը մրցույթներ չի կազմակերպում, հետեւաբար, լիցենզիաներ էլ չի տալիս: Իսկ զուտ տուրիստական են այն պատճառով, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ եւ հստակ միջպետական երթուղիներ, ինչպես, ասենք, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի ու ԼՂՀ-ի հետ: Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանն էլ նշում է, որ ոլորտում գործունեություն ծավալողները հաշվետու չեն իրենց, եւ սպառիչ ինֆորմացիա վարչությունը չունի այդ ընկերությունների մասին. այն պարզապես ստացվում է ընդհանուր շփումներից:

Ամենեւին էլ լավ չէ, որ մեր պատկան մարմինները չունեն հստակ եւ ամբողջական տվյալներ այս ընկերությունների մասին: Խոսքը մի երկրի մասին է, որի հետ Հայաստանը, մեղմ ասած, լավ հարաբերություններ չունի, իսկ այս պարագայում առավել քան երբեւէ պետք է շատ ավելի ուշադիր լինել այն ամենի նկատմամբ, ինչ կապ ունի մեր հարեւանի հետ: Թեկուզ միայն անվտանգության տեսանկյունից:  

Ըստ «Հետքի» աղբյուրի՝ Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղղությամբ ուղեւորաբեռնային փոխադրումներ իրականացնում են 10-15 ընկերություններ, որոնցում ընդգրկված են եւ հայեր, եւ թուրքեր: Այսինքն՝ սա, որպես կանոն, համատեղ բիզնես է հայ եւ թուրք գործարարների համար: Այս ընկերությունները գրասենյակներ ունեն եւ Թուրքիայում, եւ Հայաստանում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը՝ «AST Turizm», «Mahmudoglu Turizm»,  «Նառա տուրիզմ», «Մարինա կարգո» («Oz Nuhoglu Seyahat»), «Faznar Tur», «Emniyet Kesebirlier Turizm», «Karbut Tour», «Oz Aybaki Turizm», «Luks Karadeniz»: Ցանկն, իհարկե, փոփոխական է, որովհետեւ որոշները նոր են մտնում բիզնեսի այս ոլորտ, որոշներն էլ դուրս են գալիս, բայց համացանցում կարելի է գտնել հենց նշված ընկերությունների տվյալները:

Երթուղուց օգտվում են հիմնականում հայ առեւտրականները, որոնք ապրանք են բերում Ստամբուլից: Նրանք գերազանցապես մեկնում են մեծ ավտոբուսներով, որոնք ժամանակին թուրքական էին, իսկ այժմ վրացական: Թուրքական էին այն պատճառով, որ Թուրքիան արգելում է հայաստանյան համարանիշներով 16-ից ավելի տեղ ունեցող մեքենաների մուտքն իր տարածք, հետեւաբար հայ վաճառականները գերադասում էին հենց թուրքական մեծ ավտոբուսները: Նշենք, որ 16-տեղանոց այդ միկրոավտոբուսներն էլ գերազանցապես Արեւմտյան Հայաստան մեկնող տուրիստներին փոխադրող մեքենաներ են:

Անցյալ տարվա վերջում, ինչպես արդեն գրել ենք, Վրաստանն արգելեց թուրքական համարանիշներով ավտոբուսների՝ իր տարածքով անցումը Հայաստան: Ու հիմա մեծ ավտոբուսներով ուղեւորափոխադրումներն իրենց ձեռքն են վերցրել հենց վրացիները: Այլ կերպ ասած՝ պատվիրատուն հայ-թուրքական ընկերությունն է, իրականացնողը՝ վրացիները: Սակայն շեշտենք, որ այդ ավտոբուսների հետ մեկնում են նաեւ բեռնատարներ՝ «ֆուռեր», որոնք նույնպես թուրքական էին, իսկ հիմա՝ վրացական: Հենց սրանցով են հայ առեւտրականները բերում իրենց ապրանքը (նշենք, որ «ֆուռերը» պատկանում են մեկ-երկու ընկերության, որոնք իրականացնում են իրենց ու մյուսների ուղեւորների բեռների փոխադրումները, այսինքն՝ այստեղ էլ դաշտը մոնոպոլացված է): Նախկինում հայ վաճառականներին սպասարկող մեքենաները Վրաստանով անցնում էին որպես տարանցիկ տարածք, եւ մաքսակետերում որեւէ խնդիր չէր առաջանում, սակայն վերջերս դրանց համար վրացական կողմը սահմանել է նոր մաքսային ռեժիմ՝ «վերաարտահանում», ինչը նշանակում է մաքսային վճարների մուծում:

«Հետքը» գրել էր, որ ուղեւորաբեռնային փոխադրումների շրջանակներում Վրաստան մտնող  ավտոբուսների բեռնախցիկները կնքվում են վրացական տարածք մտնելիս: Դա արվում է, որպեսզի ավտոբուսի բեռնախցիկում գտնվող չմաքսազերծված ապրանքը Վրաստանի տարածքում վաճառքի չհանվի: Նշել էինք նաեւ, որ վրացի մաքսավորները սկսել են մեծ տուգանքներ կիրառել այն ավտոբուսների վարորդների նկատմամբ, ում մեքենայի բեռնախցիկի կնիքը պոկված է: Իսկ նման դեպքեր եղել են, օրինակ, երբ վարորդը ստիպված է եղել խցիկից նոր անվադող վերցնել՝ վնասվածը փոխելու համար:  

Միայն փետրվարին է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պաշտոնապես հաստատել, որ տուգանքի չափը 10-ապատկվել է: Ահա նախարարության հողարդագրությունը. «Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարությունների միջեւ միջազգային ավտոմոբիլային երթեւեկության մասին» 2006 թ. հունիսի 7-ի պայմանագրով հաստատված միջազգային ուղեւորաբեռնային փոխադրումների կարգի խախտման համար նախատեսված է վարչական տույժ` Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 127 հոդվածի 2-րդ մասի համաձայն: Հիշյալ օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում նախկինում նախատեսված 500 լարիի փոխարեն 2011 թ. նոյեմբերի 23-ից նշված կարգի խախտման համար տուգանքի չափը կազմում է 5000 լարի»:

Եվ այսպես՝ վրացիներն իրենց ձեռքն են վերցրել Երեւան-Ստամբուլ ուղերթի իրականացումը թե ավտոբուսների, թե «ֆուռերի» մասով, նրանք մտցրել են նոր մաքսային ռեժիմ, որը նախատեսում է մաքսային վճարներ, ավելացրել են կարգը խախտող վարորդների տուգանքի չափը:

Ինչպես եւ սպասվում էր, հայ առեւտրականները դրանից չեն շահել: Մասնավորապես, դժգոհություններ կան վրացական ավտոբուսների որակի վերաբերյալ, որոնք տարբերվում են նախկին թուրքականներից: Ամենագլխավոր հարցը սա է. ի՞նչն է դրդել մեր հյուսիսային հարեւաններին վերցնել Երեւան-Ստամբուլ գիծը: Կա այսպիսի տարբերակ. ինչպես ցանկացած այլ երկրում, այնպես էլ Վրաստանում ընկերությունները պարտավոր են միջպետական ուղերթներ սպասարկելու համար շահագործել որոշակի չափանիշների (օրինակ՝ մեքենայի տարիք) համապատասխանող ավտոբուսներ: Սրանց, այսպես ասած, հնանալուց հետո, ըստ էության, առաջ է եկել դրանք Երեւան-Ստամբուլ ուղերթի համար շահագործելու միտքը, որը Վրաստանի համար ընդամենը տարանցիկ երթուղի է: Իսկ դուրս մղված թուրքական ավտոբուսների տերերին որպես փոխհատուցում կարելի էր տալ այլ երթուղի, մանավանդ որ եկամտի առումով համեմատելի չեն հայ-թուրքական եւ թուրք-վրացական փոխադրումները: Այս պարագայում տուժողը մեկն է՝ հայ ուղեւորը:

«Հետքը» ՀՀ-ում Վրաստանի դեպանից արդեն 2 ամիս պաշտոնական մեկնաբանություն է փորձում ստանալ վրացական կողմի քայլերի շուրջ: Նամակն ուղարկել ենք փետրվարի 6-ին, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում կապ հաստատել դեսպանատան համապատասխան բաժնի հետ՝ պարզելու, թե արդյոք ստացել են ծրարը: Հեռախոսազանգերին պատասխանող չկար, իսկ հյուպատոսական բաժնի աշխատողը հորդորում էր նորից ու նորից փորձել: Մարտի 6-ին բախտն ի վերջո ժպտաց մեզ. ռուսախոս աշխատակցուհին երկար փնտրելուց հետո հայտնեց, թե նամակն ուղարկվել է Թբիլիսի՝ արտգործնախարարություն: Ցայսօր սպասում ենք…

Ոլորտի «Հետքի» աղբյուրը նշում է, որ դիվանագետներն այսպիսի պրակտիկա ունեն. եթե նամակի բովանդակությունը եւ դրան պատասխանելը այնքան էլ հաճելի չէ, պարզապես ժամանակ են ձգում եւ անպատասխան թողնում այն: Սա, իհարկե, այն դեպքերում, երբ նամակաբերը հետագայում չի հետաքրքրվում իր նամակով: Բացի այդ՝ ըստ նույն աղբյուրի՝ ՀՀ արտգործնախարարությունն, օրինակ, մեր դեսպանություններից կամ հյուպատոսություններից ստացված գրություններին փորձում է պատասխանել մեկ ամսում:

Ինչպես կարելի է եզրակացնել, վրացի դիվանագետներն այլ կերպ են աշխատում: Եթե նրանք, մասնավորապես՝ Վրաստանի դեսպանատությունը փորձում է ուղղակի անտեսել լրագրողների նամակը, որը միգուցե հաճելի հարցեր չի պարունակում, միանգամից նշենք, որ այս պարագայում հետեւությունը մեկն է. լռությունը համաձայնության նշան է, եւ այն հաստատում է մեր բոլոր տեղեկությունները:            

Լուսանկարում ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանիշվիլին է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter