HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի ընթացքը

էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մարտի 5-ին կազմակերպել է խորհրդակցություն՝  2020 թ․ հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների (ԽԵԿ) համարակալման և հաշվառման ծրագիրը քննարկելու նպատակով։

 

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։

Ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը, հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

«Համարակալման աշխատանքները պլանավորվում էր իրականացնել դեռևս անցած տարի, բայց, ցավոք, պատերազմի պատճառով այդ գործընթացը հետաձգվեց: Սակայն նույնիսկ այդ պայմաններում կառավարությունն այս ծրագիրն առաջնահերթ համարեց և այս տարի մենք կփորձենք այն իրականացնել», - նշել է Տիգրան Գաբրիելյանը, հավելելով, որ ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսների ընթացքում արդեն իսկ նախատեսվում է մեկնարկել համարակալման գործընթացը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ կենդանիների համարակալումը կիրականացնեն «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցող, հատուկ վերապատրաստման դասընթացներին մասնակցած անասնաբույժները, ովքեր կհամարակալեն, կգրանցեն և էլեկտրոնային համակարգ կմուտքագրեն համապատասխան տվյալները։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին ընդգծել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում ՍԱՏՄ-ին  վերապահված է գործընթացի վերահսկողության և սպանդանոցային մորթի լիարժեք կազմակերպման հետ կապված կարևոր գործառույթ։ 

«Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում մինչև վերջերս սպանդանոցների քանակը բավարար մակարդակի չէր, որպեսզի լիարժեք վերահսկողություն իրականացնեինք, բայց այս տարվա մարտի 1-ից մենք անցել ենք 5-րդ ձևի վերահսկման ուժեղացված ռեժիմին և դա լինելու է շարունակական», - նշել է Նարեկ Հայրապետյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի արդյունավետ իրականացման, համարակալողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, համարակալման և գրանցման համար համապատասխան էլեկտրոնային համակարգի գործարկման, ինչպես նաև համայնքներում ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացման ու խորհրդատվության տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter