HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Ընտրություններ կարող են անցկացվել ներկայիս իշխանության հեռանալուց հետո. Վազգեն Մանուկյան

«Մենք կորցրել ենք մեր հայրենիքի զգալի մասը, ջարդվել է մեր բանակը, կորցրել ենք հազարավոր երիտասարդներ, Ալիեւն արհամարհանքով է խոսում հայերի մասին։ Էն վախեցած Ալիեւը, որ ծպտուն չէր հանում»,- նշեց Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» այսօրվա հանրահավաքի ժամանակ։

Շարժման առաջնորդի խոսքով՝ իր կողմնակիցները համբերատար տանում են իրենց պայքարը։ Վերջինս հավելեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն առհասարակ ավելի շատ են, քան այսօրվա հանրահավաքին միացողները։

«Ես կոչ եմ անում իրենց՝ այս հայրենիքը միայն մերը չէ, եթե ուզում եք միանալ, միացեք, եթե ուզում եք համագործակցել, համագործակցեք, եթե չեք ուզում համագործակցել, ստեղծեք ձեր կազմակերպությունները։ Ինչքան ցանցային լինի, ինչքան անկանխագուշակելի լինի, էդքան ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,- նշեց Վազգեն Մանուկյանը՝ հավելելով, որ այլեւս համբերել հնարավոր չէ, քանի որ աչքի առաջ «մահանում է պետությունը»։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը շատ թույլ է։ 

Մանուկյանն անդրադարձավ նաեւ արտահերթ ընտրությունների հարցին։ Նրա խոսքով՝ չի կարող անցկացվել արդար ընտրություն ներկայիս իշխանության օրոք, քանի որ իշխանությունը փորձում է օգտագործել ոստիկանության ուժը երկիրը կառավարելու համար։ «Ինքը ո'չ բարոյական իրավունք ունի, ո'չ հնարավորություն, ո՞նց կարող են լինել ընտրություններ ոստիկանական պետությունում, որը միայն ոստիկանության միջոցով է պահվում»,- նշեց Մանուկյանը։ Որպես տարբերակ շարժման առաջնորդն առաջարկում է ներկայիս իշխանություններին պաշտոնից հեռացնել, ապա ձեւավորել ժամանակավոր կառավարություն, որից հետո անցկացնել ընտրություններ։ Անդրադառնալով Զինված ուժերի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու գործընթացին՝ Վազգեն Մանուկյանը նշեց՝ պետք է պահանջել, որ նախագահը կատարի իր պարտականությունները:

Մանուկյանը կարեւորեց քաղաքակիրթ, համբերատար լինելը, բայց՝ չափավոր։ «Ասում են՝ ժողովուրդն իրավունք չունի ապստամբություն բարձրացնել, ո՞վ ասաց, եթե ժողովրդին սպանում են, ուրեմն պիտի ենթարկվի՞, ուրեմն պիտի կարողանա ոտքի կանգնել, անել այն, ինչ ուզում է։ Հավաքվեք, կազմակերպվեք, համագործակցեք միմյանց հետ, ու մենք կհաղթենք»,- նշեց Վազգեն Մանուկյանը։

Շարժման առաջնորդի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր ՝ անցնելով Երեւանի կենտրոնական փողոցներով եւ կոչ անելով ժողովրդին միանալ իրենց շարժմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter