HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Սիթիմոբիլ»-ի հիմնադիր Արամ Առաքելյանը վաճառել է ընկերության իր բաժնեմասը

«Սիթիմոբիլ» ընկերության հիմնադիր Արամ Առաքելյանը վաճառել է ընկերության իր բաժնեմասը։ Այդ մասին գրում է Forbes-ը՝ հղում անելով ՌԴ Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանին։ Փետրվարի վերջին նրա 1,96 % բաժնեմասն անցել էր «Сбербанк»-ին և «Mail.ru Group»-ին պատկանող «О2О Холдинг»-ին։ 

Տեղեկությունն առաջինը հրապարակել էր ռուսական «Коммерсантъ»-ը։ «О2О Холдинг»-ին Առաքելյանի բաժնեմասի վաճառքը ռուսական պարբերականին հաստատել էին «Սիթիմոբիլ»-ի մամուլի ծառայությունից։ Ընկերության ներկայացուցիչն ընդգծել է, որ գործարարը պատրաստվում է լքել նաև գլխավոր տնօրենի պաշտոնը, որպեսզի գործընկերներ Հովհաննես Առաքելյանի և Վլադիսլավ Աբրահամյանի հետ միասին զբաղվի սեփական նախագծերի զարգացմամբ։ 

Forbes-ին ուղարկած հաղորդագրության մեջ Առաքելյանը մատնանշել է այն ներդրողներին և բաժնետերերին, որոնք նպաստել են ընկերության աճին։ «Ես ուրախ եմ, որ Ռուսաստանում կան այնպիսի ռազմավարներ, ինչպիսիք են «Мегафон»-ը, «Mail.ru Group»-ը և «Сбербанк»-ը, որոնք հավատացին մեզ և ներդրումներ արեցին «Սիթիմոբիլ»-ի աճի և զարգացման մեջ»,- հայտարարել է Առաքելյանը։ 

«Սիթիմոբիլ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին։ Զբաղվում է տաքսի ծառայության մատուցմամբ։ 2018 թվականին ընկերությունում ներդրումներ են արել «Mail.ru Group»-ը և «Мегафон»-ը։ Նրանք ստացել էին, համապատասխանաբար, 18 % և 15 % բաժնեմաս։ «Сбербанк»-ի և «Mail.ru Group»-ի համատեղ ընկերության կազմ «Սիթիմոբիլ»-ն անցել է 2019 թվականի վերջին։ Ներկայումս «Мегафон»-ին պատկանող «Мегалабс» ընկերությանը բաժին է հասնում «Սիթիմոբիլ»-ի բաժնետոմսերի 2,6 %-ից մի փոքր ավելին։ 

Mail.ru Group-ը հայտարարել է, որ 2020 թվականին «Սիթիմոբիլ»-ն իրականացրել է շուրջ 185 միլիոն ուղևորափոխադրում։ Ընկերության շրջանառությունը կազմել է 46 միլիարդ ռուբլի։ 2019 թվականի համեմատ՝ ուղևորափոխադրումների քանակը եռապատկվել է, իսկ շրջանառությունն ավելացել է շուրջ 2,2 անգամ։

Լուսանկարը՝ ընկերության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter